2015թ. սեպտեմբերի 18-ին Մովսես գյուղի 41-ամյա բնակիչ Արթուր Մկրտումյանը հրացանի կրակոցով սպանել է համագյուղացի, Բերդի զինկոմ,1966թ. ծնված Դերենիկ Պապյանին: Սպանության պատճառը եղել է այն, որ զինկոմը Ա. Մկրտումյանին դիտողություն է արել Մովսեսում ավտոմեքենան արագ, բարձր երաժշտությունը միացրած վարելու համար: 2013թ. հունիսի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 11 տարվա ազատազրկման: Քրեական գործով մեղադրողը դատարանին միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Դատավորը Ա. Մկրտումյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել նախկինում արատավորված չլինելը, խնամքին անչափահաս 3 երեխաների առկայությունը, ծանրացնող հանգամանք՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Ա. Մկրտումյանը սպանության համար իրեն մեղավոր չի համարել, ասելով, որ չի հիշում դեպքը, նա եղել է հարբած վիճակում:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Ա. Մկրտումյանի պաշտպան Աննա Մեջլումյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանը: Պաշտպանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Զ. Զաքինյանի կայացրած դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրել է բեկանել դատավճիռը, Ա, Մկրտումյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով,չվերաորակելու դեպքում փոխել դատավճռի պատժի մասը եւ նշանակել ավելի խիստ պատիժ: Սեպտեմբերի 14-ին քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, որոշել է մասնակի փոփոխել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատական ակտը ,նշանակված պատիժը խստացնել, Ա. Մկրտումյանի ազատազրկման ժամկետը դարձնել 14 տարի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ