Այսօր հնչում են բազմաթիվ հավանական եւ անհավանական ենթադրություններ, թե ով պետք է լինի նոր կառավարության կազմում: Հիշատակվում են տասնյակ անուններ, որոնց մի մասը հավանաբար թելադրվում է հենց այդ անունների տերերի կողմից: Բայց լրատվամիջոցների ենթադրությունները կարող են նաեւ սխալ լինել՝ նույնիսկ «Ինտերֆաքսն» է սխալվել՝ Սեյրան Օհանյանին ուղարկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին:
Ես, իհարկե, չեմ պատրաստվում սուրճի բաժակ նայել: Փոխարենը կասեմ իմ ցանկությունը. ես ուզում եմ, որ նոր կառավարությունում լինեն… լայն հասարակությանը անհայտ մարդիկ, ուզում եմ, որ նրանք լինեն երիտասարդ, Արեւմուտքում կրթություն ստացած, անկաշկանդ, ստեղծագործ: Իհարկե՝ նաեւ մեր պետությանը նվիրված:
Նման մարդիկ, չնայած իրենց երիտասարդ տարիքին, կայացած են իրենց ոլորտներում եւ, հետեւաբար, ստանում են բարձր (ու ամենակարեւորը՝ «սպիտակ») աշխատավարձ: Ի՞նչը պիտի նրանց ստիպի թողնել այդ աշխատանքը, եթե նրանք չեն պատրաստվում գողանալ, կաշառք վերցնել կամ «փայ մտնել» բիզնեսների մեջ: Բնականաբար՝ համանման աշխատավարձը:
Եվ այստեղ մի էական խնդիր է առաջանում. ո՞վ պետք է այդ աշխատավարձը նրանց տա: Հայաստանում սովորաբար այդ հարցը լուծվում է հետեւյալ կերպ. բիզնես չունեցող եւ չգողացող նախարարը (թեեւ հազվադեպ, բայց նման բան պատահում է) ստանում է անվանական պետական աշխատավարձ եւ գումարած ծրար, որը միջին հաշվով երեք անգամ այդ աշխատավարձը գերազանցում է: Ինչո՞վ է դա վատ. տվյալ նախարարը թեեւ չի գողանում, բայց, միեւնույն է, իրեն կախված է զգում «սեւ դրամարկղից» եւ նրանցից, ովքեր այդ «սեւ փողը» բաժանում են: Չեմ կարծում, որ այդ դեպքում նա կարող է լիարժեք կատարել իր պարտականությունները:
Կարդացեք նաև
Լուծումը պարզ է. բարձրացնել նախարարների եւ այլ պաշտոնյաների աշխատավարձը, որպեսզի նրանք կախված լինեն բացառապես պետական բյուջեից: Հասկանում եմ, թե ընդդիմադիրները եւ պոպուլիստները ինչ աղմուկ են բարձրացնելու, եթե նման քայլ կատարվի: Սակայն պարկեշտ մարդկանց եւ լավ մասնագետներին ներգրավելու այլ ճանապարհ չկա:
Որո՞նք են աշխատավարձ բարձրացնելու ռեսուրսները: Ինձ թվում է՝ դա էլ է պարզ: Նախարարությունների եւ այլ գերատեսչությունների թվի կտրուկ կրճատումը: Շվեյցարիայում, օրինակ, կա յոթ նախարարություն, եւ այդ երկիրը կարծես թե չի տառապում անարդյունավետ կառավարումից: Մեզ պետք չէ, օրինակ, Սփյուռքի նախարարություն: Դա պարզապես տարբեր տեսակի միջոցառումներ անցկացնելու մի գործիք է: Որեւէ անհրաժեշտություն չկա էներգետիկայի նախարարության: Գազով եւ բաշխիչ ցանցերով զբաղվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ատոմակայանը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, էներգիա արտադրող մնացած ձեռնարկությունների աշխատանքը կոորդինացնելու որեւէ կարիք չկա: Կարելի է միացնել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունները եւ ստեղծել մեկ, ասենք, հումանիտար հարցերի նախարարություն: Էլ չասած՝ տարբեր տեսակի ՊՈԱԿ-ները եւ ԾԻԳ-երը, որոնց գոյությունը որեւէ ձեւով արդարացված չէ:
Բացի պաշտոնների նշանակելու խարդավանքներից՝ կարելի է երբեմն մտածել նաեւ նման հարցերի մասին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իրականությունից այնքան կտրված շարադրանք, որ համարում եմ, թե չեմ էլ կարդացել:
“Հայաստանում սովորաբար այդ հարցը լուծվում է հետեւյալ կերպ. բիզնես չունեցող եւ չգողացող նախարարը (թեեւ հազվադեպ, բայց նման բան պատահում է) ստանում է անվանական պետական աշխատավարձ եւ գումարած ծրար, որը միջին հաշվով երեք անգամ այդ աշխատավարձը գերազանցում է:”
Տիգրան ջան, շատ լավ էլ իրականության շարադրանք է`հստակ թվի (երեք անգամ) հայտարարությամբ: Երևի դատախազությունը սա պետք է ընկալի որպես կոնկրետ հանցագործության մասին հայտարարություն: Իսկ որտեղից այս ճշգրիտ տեղեկությունը պարոն խմբագրին`հուսով եմ նա կբացատրի և չի հրաժարվի սեփական հոդվածից:
Շատ հակիրճ: Կարծում եմ` հերթականությունը պետք է լինի տրամաբանական. առաջինը` ծրագիր(ի դեպ` այն պետք է բխի երկրի հեռանկարային զարգացման հայեցակարգից, նախագիծը առկա է), երկրորդը` կառուցվածք(այսինքն` ծրագրի իրականացման գործիք), երրորդ` պրոֆեսիոնալներ, որոնք կարող են իրականացնել այդ ծրագիրը: Այնպիսի պրոֆեսիոնալներ, ովքեր խորությամբ ընկալում են խնդիրները, ցանկանում են լուծել դրանք, գիտեն ինչպես լուծել, պատրաստ են ինչ որ բաներից հրաժարվել, կառավարման ունակություն և հմտություն ունեն, «ուղն ու ծուծով» կապված են Հայաստանի հետ : Այնպիսի պրոֆեսիոնալներ, որոնք ի զորու են արժանապատիվ ներկայանալ ամենուր: Հայաստանի, և` միայն Հայաստանի շահերը պաշտպանել և «արևմուտքում», և «արևելքում», անկախ նրանից, թե ինչ տարիքի են( նկատի չունեմ զառամյալ ծերունիներին, այլ` աշխատունակ մարդկանց), և որտեղ են կրթվել, կամ վերապատրաստվել: Այդ ժամանակ միայն պարզ կդառնա` …Շվեյցարիա, ֆինլանդիա, Նորվեգիա, թե՞ … Իռլանդիա ենք ուզում: Յուրաքանչյուր երկիր, իր խնդիրներով յուրահատուկ է, հետևաբար և` լուծումներն են յուրահատուկ: Մոդելավորման բոլոր փորձերն էլ ձախողվել են: Եվ վերջինը` աշխատավարձի բարձր լինելը լավ է, բայց կոռուպցիան և դրա շարժառիթները վերացնելու միայն մեկ` շատ փոքրիկ բաղադրիչն է:
Իսկ, ինչո՞ւ չմտածել պետական պաշտօնների վրայ ընտրելու կամ նշանակելու… սիրայօժար, լրիվ անվճար աշխատող անձիք: Ոչ անպայման բարձրաստիճան, երեւելի պաշտօնները, վստահաբար ոչ բոլոր պաշտօնները, սակայն այլազան մակարդակների կարգ մը պատասխանատվութիւններ, որոշ տեւողությամբ մը, յանձնել եւ վստահիլ ընդունակ կամաւորների: Իսկապէս առանց որեւէ ձեռավարձի: Հատուցելով միմիայն անոնց ամենատարրական, ուղղակիօրէն պաշտօնին առընչվող, նվազագոյն ծախսերը – անոնցմէ ոմանք թերեւս այդ իսկ չուզեն – : Կը զարմանաք թէ որքան ատակ թեկնածուներ կրնաք գտնել, Սփիւռքից… Եւ ոչ անպայման մեծահարուստներ:
Մենք այդպես էլ չենք ուզում սեփական ընտրություն կատարենք, կարեւոր չի ով կդառնա պաշտոնակատար, ասում են թագավորին իր շքախումբն է թագավոր դարձնում, այսինքն՝ պաշտոնատարի թիկունքին մեր բոլոր մասնագետները պետք է կանգնած լինեն, իսկ ամենակարեւորը, որ մեր պաշտոնակատարը մասնագետներին լսելու ունակություն ունենա, նրան դրամով պահպանողի դրամը ճիշտ նպատակին օգտագործել իմանա ու նրան պահող պահպանող մասնավոր ուժեր լինեն՝ իրենց հետախուզությամբ ու այլ հնարավորություններով: