Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը «միակն ու անկրկնելին» չէ

Սեպտեմբեր 17,2016 15:30

Գլխավոր դատախազի խոստումները, դեկլարատիվ պատասխանները
եւ գոյություն չունեցող պատրանքները

97 «կողմ», 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ երեկ խորհրդարանականներն իրենց համաձայնությունը տվեցին, որ Արթուր Դավթյանը (լուսանկարում) դառնա ՀՀ գլխավոր դատախազ: Մինչ այդ պարոն Դավթյանը պատգամավորներին էր ներկայացրել իր ծրագիրը, պատասխանել նրանց հարցերին: Երկու օրվա քննարկումների արդյունքում ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ իրենց խմբակցությունները չեն մասնակցի դատախազի քվեարկությանը` վստահություն չունեն, որ փոփոխություններ են լինելու: Հիշեցնենք. Արթուր Դավթյանը խոսեց նաեւ Մարտի 1-ից, Սարի թաղում լրագրողների ծեծի դեպքերից՝ ասելով, որ Մարտի 1-ի բացահայտումը Գլխավոր դատախազության գերակա խնդիրներից է լինելու, իսկ Սարի թաղի «գործերը լրիվությամբ, օբյեկտիվությամբ» ընթացքի մեջ են: Նաեւ հայտարարեց` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը թեեւ շատ մանրամասն չի հետեւել գլխավոր դատախազի թեկնածության վերաբերյալ խորհրդարանում ընթացող քննարկումներին, բայց հարցերի պատասխաններն իր համար նորություն չէին: «Ես հիշում եմ՝ երբ Հայաստանում գլխավոր դատախազ նշանակվեց հանգուցյալ Հենրիկ Խաչատրյանը, ապա նրանից հետո բոլոր նշանակված դատախազները նույն բանն են ասել` ծառայելու են միայն օրենքին, որեւէ քաղաքական ազդեցության տակ չեն լինելու: Ավելին` բոլորն էլ խոստացել են նախկինում կատարված սպանությունները կամ հանցագործությունները բացահայտել: Ամեն անգամ նույն խոսքերը լսում ենք: Գուցե միամիտներ կան, որ ամեն անգամ նոր նշանակվածին հավատում են, բայց իմ պատասխանը նրանց այսպիսին է` որպեսզի դատախազությունն իսկապես հետեւի միայն օրենքին եւ նշանակություն չունենա մարդկանց դիրքը, ապա ամենագլխավոր հարցը դատախազության լիարժեք ինքնուրույնությունն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Իսկ դատախազության ինքնուրույնությունն, ըստ մեր զրուցակցի, ապահովում են երկու պայման` կառուցվածքային առումով գլխավոր դատախազի նշանակումը եւ գլխավոր դատախազի մարդկային հատկանիշներն ու նրա անցած ուղին: Այժմ գլխավոր դատախազը խորհրդարանի կողմից ընտրվում է պատգամավորների թվի բացարձակ մեծամասնությամբ: Իրավապաշտպանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ գլխավոր դատախազն ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի 3/4-ով, քանի որ պարզ մեծամասնությունը, որպես կանոն, լինում է իշխանությունը: Ի դեպ, նոր Սահմանադրությամբ նախատեսված է «որակյալ մեծամասնություն» եզրույթը` գլխավոր դատախազն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով կամ 60 տոկոսով: Ավետիք Իշխանյանը նկատում է, որ կայուն մեծամասնության պարագայում գլխավոր դատախազը նորից լինելու է իշխանության թեկնածուն. «Իսկ իշխանության` նախագահի կամ մեկ կուսակցության թեկնածուն միշտ կախյալ վիճակում է լինելու»:

Մեր զրուցակիցը, իհարկե, դրական է համարում, որ գլխավոր դատախազին, Քննչական ծառայության կամ Քննչական կոմիտեի պետին նախագահը չի նշանակում, խորհրդարանով են «անցնում», բայց եւ հավելում է` տեղակալներին նշանակում է հանրապետության նախագահը, ու հարց է տալիս` այդ համակարգում հնարավո՞ր է, արդյոք, առաջխաղացում ունենա մի իրավաբան, որը միշտ ինքնուրույնություն է դրսեւորել: Իր իսկ հարցին Ավետիք Իշխանյանը պատասխանում է. «Այդպիսի իրավաբան մասնագետը համակարգից հաստատ դուրս կմղվի»: Այնպես որ՝ իրավապաշտպանն էլ պատրանքներ չունի, որ այս համակարգում հնարավոր է ունենալ անաչառ, արդար, օրենքի տառին հետեւող գլխավոր դատախազ:

Դիտարկմանը` համակարգային փոփոխությունների համատեքստում, ինչը նորանշանակ վարչապետը խոստանում է իրականացնել, գուցե գլխավոր դատախազին էլ տրվի ինքնուրույնություն, մեր զրուցակիցը հակադարձեց, որ ինքնուրույնությունը չի տրվում «միապետի կամքով կամ ցանկությամբ», այլ Սահմանադրությամբ եւ համապատասխան օրենքներով՝ ապահովելով դատարանների լիարժեք անկախություն գործադիր իշխանությունից, ինչի դեպքում այլեւս պետք չեն լինելու նախագահի, վարչապետի կամ որեւէ այլ պաշտոնյայի խոստումներն այն մասին, որ այլեւս բիզնեսներ չեն խլելու: Հիշեցնենք, նորանշանակ Կարեն Կարապետյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այսուհետ բիզնեսներ չեն խլվելու: Կարեն Կարապետյանի այս հայտարարության համատեքստում էլ Ավետիք Իշխանյանն ասաց. «Ես մի ընկեր ունեմ, որը միջին բիզնես ունի, նա պատմել է, որ երբ Տիգրան Սարգսյանը դարձավ վարչապետ` կառավարության առաջին նիստերից մեկում հանձնարարեց, որ փոքր ու միջին բիզնեսում այլեւս ստուգումներ չլինեն, ու հաջորդ օրը հարկային տեսչությունն եկավ ու «կլպեց»: Երբ Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ, նա էլ հանձնարարեց, որ փոքր եւ միջին բիզնեսին այլեւս ձեռք չտան, ստուգումներ չանեն: Ընկերս ասում է` մտածեցի` «քաշվեցինք»: Ու իսկապես՝ հաջորդ օրը եկան ու նորից ստուգումներ սկսեցին: Էնպես որ…»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, երեկ ընտրություն-նշանակումից հետո գլխավոր դատախազը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: «Առավոտի» հարցին` Ձեր հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, շատերին հիմք տվեց մտածելու, որ ազատ չեք լինելու ձեր գործողություններում, ինչպե՞ս եք պատրաստվում ապացուցել, որ ազատ եք գործելու, նա պատասխանեց. «Իմ խնդիրն է լինելու այդ շատերին մասնագիտական հարթության մեջ հիմնավորել, որ մեր որոշումներն օրենքից են բխում»: Ճշտող հարցին` իրավական հիմնավորումներ գտնելը նշանակո՞ւմ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, պատասխանեց. «Իհարկե: Եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, ոչ թե բացառապես պայմանավորված քաղաքական գործունեությամբ, դա նշանակում է, որ քաղբանտարկյալի մասին խոսք լինել չի կարող»: Լրագրողներից մեկի դիտարկմանը` այդ դեպքում որքանո՞վ է օրինական դատավորի հարցը մեղադրյալին (Անդրիաս Ղուկասյանի մասին է խոսքը-Ն. Գ.)՝ եթե ազատ արձակվես, շարունակելո՞ւ ես ընդդիմադիր գործունեությունը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Հարգելիներս, պետք չէ քրեադատավարական տարբեր փուլերն ու տարբեր լիազորություններով օժտված պետական մարմինները միախառնել: Դատավորն իրականացնում է արդարադատություն կամ մինչդատավարական վարույթում վերահսկողություն: Ես հետեւողական ու պատասխանատու եմ լինելու այն պարտականությունների համար, որոնք ներառված են դատախազության լիազորությունների մեջ»:

Մեկ այլ հարցի՝ վարչապետն ասաց, որ բիզնեսներ չեն խլվելու, այսինքն՝ նախկինում խլվել են, պատրաստվո՞ւմ եք ուսումնասիրել այդ հայտարարությունը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Դատախազի կամ դատախազության լիազորությունները հայեցողական կամ անսահմանափակ չեն: Դատախազի լիազորությունները կոնկրետ իրավիճակներում վարույթ հարուցելու լիազորություններ են, որոնք օրենքով նախատեսված են, թե որ հիմքերի ու որ առիթների դեպքում է հնարավոր»:
Գլխավոր դատախազի այս պատասխանները, կարծում ենք, լիարժեք ցույց են տալիս նրա անկախ աշխատելու նկրտումներն ու հնարավորությունները:

 

«Առավոտ»

16.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Միջդատավարական չի, հարգելի լրագրող, մինչդատսկան/ դատավարական է

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930