Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:
«Ինչու ես ուզում ընտրվել». առցանց «Առավոտի» եթերում մեր նոր հաղորդաշարի հյուրն է Ապարանի քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանը:
Հռիփսիմե Ջեբեջյան.- Պարոն Փարվանյան, Դուք ինչո՞ւ եք ուզում ընտրվել, ինչո՞ւ եք գործարարությունը թողնում եւ ուզում զբաղվել քաղաքականությամբ:
Էդգար Փարվանյան.- Ինչո՞ւ ոչ: Քանի որ ես հասակ եմ առել Ապարան քաղաքում, հաշվի առնելով իմ աշխատանքային փորձը, մեր համայնքային առավելությունները, այն թերությունները, որոնք կան, ինձ հետ հասակ են առել, դրանք արդեն պահանջում են իրենց լուծումները: Իսկ հիմա ստեղծվել է մի միջավայր, որտեղ պրոբլեմները դոփում են, իսկ լուծման մեթոդները՝ նվազում:
Հ. Ջ.- Մամուլում հրապարակումներ եղան Ապարանում թեժ մթնոլորտի հետ կապված, որ լարված մթնոլորտ է, իսկապե՞ս այդպես լարված պայքար է ընթանում Ձեր եւ քաղաքապետ Գոռ Աբրահամյանի միջեւ:
Է. Փ.- Չէի ասի՝ լարված: Համենայնդեպս, ընթանում է սովորական ընտրական պրոցեսներին հարիր միջավայրում: Ես գոնե ինձ վրա եւ իմ թիմի վրա վստահ եմ, որ մենք հանդուրժողականության մթնոլորտում ենք ամեն ինչ իրականացնում:
Հ. Ջ.– Բայց Ձեր շտաբը հայտարարություն էր տարածել, որ գործող քաղաքապետը խոչընդոտել է Ձեր քարոզչական պաստառի տեղադրմանը:
Է. Փ.- Նման փոքրիկ միջադեպ կար, բայց, այնուամենայիվ, շատ արագ հարթվեց: Խնդիրը լուծվեց օրենքի շրջանակներում: Մենք բերեցինք Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածը եւ ապացուցեցինք, որ այո, դու քաղաքապետ ես, բայց գոյություն ունի օրենսգիրք:
Հ. Ջ.- Հիմա Ապարանում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀԿ-ն, փաստորեն, երկու թեկնածուների է սատարում: Գործող քաղաքապետը պնդում է, որ իրեն է սատարում, Դուք պնդում եք, որ Ձեզ է սատարում: Հիմա ո՞ւմ է սատարում:
Է. Փ.– ՀՀԿ կանոնադրության համաձայն՝ քաղաքական կուրսը վերցնելուց առաջ դու պետք է անցնես որոշակի ճանապարհ եւ այդ ճանապարհը պետք է անցնես մարզային կառույցով: Օրեր առաջ էլ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մեզ համար ընդունելի է տարածքային կառույցի որոշումը, իսկ այդ կառույցը սատարում է ինձ: Եթե ՀՀԿ մամուլի խոսնակը նման արտահայտություն է անում, կարծում եմ՝ ՀՀԿ-ն ինձ է սատարում:
Հ. Ջ.– Ձեր կարգախոսն է՝ սկսենք նոր էջից: Ի՞նչ էջից պետք է սկսել, ի՞նչ պետք է անեք Դուք, որ գործող քաղաքապետն իր պաշտոնավարման 12 տարիների ընթացքում չի արել:
Է. Փ.- Ես երբեւիցե չեմ ուզեցել քննադատել, ասել, որ այս աշխատանքը վատ եք արել: Արել են այնքան, որքան իրենց հնարավորությունը թույլ է տվել: Պետք է նոր լիցք հաղորդել: Կառավարման մեջ գոյություն ունի այսպիսի ասացվածք՝ չպետք է պաշտոնյային թողնել ծերանա այդ պաշտոնում:
Հ. Ջ.- Հարցազրույցներից մեկում Գոռ Աբրահամյանն ասել էր, որ Դուք ոգեւորված երիտասարդ եք: Երիտասարդ լինելը թերությո՞ւն է, թե՞ առավելություն:
Է. Փ.– Օրերս մամուլում հանդիպեցի Կարեն Քոչարյանի խոսքը՝ կապված տարեցի եւ երիտասարդի հետ: Բնության դեմ ոչ մի բան չես կարող անել: Ես համայնքային զարգացման ծրագիր ունեմ՝ նոր ծրագրեր, նոր մոտեցումներ, մեր քաղաքացիները կտեսնեն: Փորձենք առաջնորդվել գործողություններով, գեղեցիկ խոսելուց հեշտ գործ չկա: Ես կուզենայի նոր մշակույթ ձեւավորվեր, որովհետեւ մեր հասարակությունը կարծես հոգնել է՝ նույն մրցակցությունը, մեքենաների նույն շարասյունը, քարոզչական հնացած մեթոդները, մարդկանց անուններ շահարկելով՝ ահաբեկելը: Դրանք շատ հնացած մեթոդներ են, դրանք պետք է դուրս գրել հասարակության գիտակցությունից: Այդ գլյուկոզայի պակասը մեր հասարակության մեջ շատ կա: Մինչեւ այս ակտիվ գործընթացները, կարծում էի, որ գործող քաղաքապետը չի տանի հասարակությանը երկփեղկվածության: Ինքը կունենար այն մեծ հարգանքը բոլորի կողմից, եթե ասեր՝ Էդգար, ճանապարհը հարթված է: Արդեն 3 նստաշրջան վայելող քաղաքապետից հետո չէի ուզենա խոսել այնպիսի խնդիրներից, ինչպիսին է ասֆալտապատւմը: Ամեն անգամ նույն խոսքերը, նույն ծրագրերը:
Հ. Ջ.– Դուք «Ապարան գրուպի» սեփականատերն եք եւ հիմնական խնդիրը, մտավախությունը, որ Ձեզ հետ կապված կա, շահարկվում է, այն է, որ Դուք ընտրվելու դեպքում պետական լծակները կօգտագործեք Ձեր բիզնեսի բարգավաճման համար:
Է. Փ.– Դա ես համարում եմ կարծրատիպ, որը պիտի կոտրվի: Նախ՝ գործարար լինելը չի նշանակում միայն շահույթ հետապնդել, դրա հետ մեկտեղ դուք ապահովում եք աշխատատեղ, հարկերի վճարում: Մեր օրակարգային համար մեկ հարցերից է հնարավորինս շատ աշխատատեղ ստեղծել՝ արժանապատիվ աշխատատեղ: Համայնքային զարգացման մեր ծրագրի կետերից է, որ համայնքի բնակչին պետք է դարձնենք վճարունակ եւ ոչ ֆորմալ բաժնետեր՝ տվյալ հումքի արտադրության համար: Բնակիչը մթերողի խնդիր չի ունենալու: Մեզ մոտ գյուղատնտեսական տարածք է, պիտի փորձենք ժամանակակից մոդելներ կիրառել, որ մարդն իր ընտանիքով իր համար աշխատի եւ հումքը հանձնի մթերողին: Արտադրատեսակների ավելացումն ինքնին նշանակում է աշխատատեղերի ավելացում, նշանակում է հասարակությանը ներգրավել աշխատանքային ավելի գլոբալ գործընթացների մեջ:
Հ. Ջ.- Ներկայիս քաղաքապետը 2005-ին այդ պաշտոնը ստանձնեց բավականին սկանդալային իրավիճակում, ըմբոստության ցույցեր եղան, անգամ փորձեցին փակել միջպետական ճանապարհը: Դուք չե՞ք պատրաստվում նույն ճանապարհով վերցնել իշխանությունն Ապարանում:
Է. Փ.- Այդ ամենը 2005-ին իր մրցակցի կողմից էր արվել՝ Ռազմիկ Պետրոսյանի, հիմա իրենք իրար հետ են: Դա պարտվողի կարգավիճակ է, ես չեմ պատրաստվում լինել պարտվողի կարգավիճակում:
Հ. Ջ.- Ինչպե՞ս է պատահել, որ Ռազմիկ Պետրոսյանը, որը տարիներ առաջ Ապարանի ընտրությունների համար թեժ մրցակցում էր Գոռ Աբրահամյանի հետ, լուրջ խնդիրներ ուներ նրա հետ, հիմա սատարում է Գոռ Աբրահամյանին:
Է. Փ.- Դա իրենց խնդիրն է, իրենց ճակատագիրն է: Իրենք պիտի հասկանան՝ երբ, ինչքան, որտեղ են գնացել, ինչի համար: Իրենց գնահատելիք հարցն է, ես չէ, որ պիտի գնահատական տամ, ունենք այն, ինչ ունենք: Իր թիմակիցները թող գնահատական տան:
Հ. Ջ.– Գոռ Աբրահամյանն ասել էր, որ Ձեր հետեւում մութ ուժեր կան, եւ չի ցանկանում, որ արտաքին ուժերը միջամտեն, որպեսզի նորմալ ընտրություններ լինեն: Կա՞ նման բան, ի՞նչ մութ ուժերի մասին է խոսքը:
Է. Փ.– Քաղաքապետը լավ է՝ չի ասել, որ իմ ետեւում մոգական ուժեր կան: Եթե դա իրեն ավելի շատ դիվիդենդներ կբերի, կարող է մոգական ուժերն էլ միացնել դրան, խնդրեմ: Պետք է ավելի կոռեկտ արտահայտվել՝ համենայնդեպս:
Զրուցեց ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ
«Առավոտ»
16.09.2016