Լրահոս
Օրվա լրահոսը

Մտորումներ Հռոմի պապի Հայաստան այցի շուրջ

Սեպտեմբեր 17,2016 14:30

2016 թվականին Հայաստանում տեղի ունեցան մի շարք կարեւորագույն իրադարձություններ, որոնք, կարծում եմ, ունեցան շրջադարձային նշանակություն… Ապրիլյան քառօրյա պատերազմ, Հռոմի պապի այցելությունը Հայաստան եւ «Սասնա ծռերի» ընդվզումը: Դրանցից յուրաքանչյուրը կարիք ունի առանձնահատուկ ուսումնասիրության եւ վերլուծության եւ բոլորիցս պահանջում է կատարել անհրաժեշտ լուրջ եւ հիմնավորված եզրակացություններ, եւ բացի այդ՝ երեք իրադարձություններն էլ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, մի ընդհանուր շղթայի բաղկացուցիչ մասն են կազմում, որքանով դրանք իրենց հետեւանքներով միավորվում են մի ամբողջության մեջ:
Այստեղ ցանկանում եմ հակիրճ անդրադառնալ միայն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած այցելությանը, ինչը բոլորիս չափազանց ոգեւորեց, սակայն նույն չափազանցությամբ մոռացության մատնվեց: Այնինչ մեծ մտածող Ֆրանցիսկոսը առաջադրեց այնպիսի խնդիրներ, որոնց պատասխանները եւ լուծումները համոզված եմ՝ չունենք, ինչը լրջորեն մտահոգում է: Հռոմի պապի մի շարք ելույթները պարունակում էին այնպիսի հարցադրումներ, որոնք պատասխանների կարիք ունեն:

Ի՞նչ նկատի ունեմ: Թվարկեմ դրանցից միայն մի քանիսը:

Առաջին` Երեւան այցի նախօրեին Հռոմի պապը համայն աշխարհի ուշադրությունն է հրավիրում՝ նշելով. «Գնում եմ Հայաստան ուխտագնացության…»: Ի՞նչ է այս դեպքում նշանակում «ուխտագնացությունը». սա այն սովորական ուխտագնացությո՞ւնն է, սովորաբար որտե՞ղ են գնում ուխտագնացության` սրբավայրեր, ուրեմն Հայաստանը այդպիսի սրբավա՞յր է: Իհարկե, ամեն մի հայի համար Հայաստանը սրբություն է, եւ ինչո՞ւ է այն սրբավայր նաեւ Հռոմի պապի համար, եւ կարո՞ղ է այն համարվել սրբավայր նաեւ օտարների համար:

Երկրորդ՝ նշված արտահայտությունն ունի շարունակություն. «…աղոթեցեք ինձ համար»: Սա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ պետք է բոլոր քրիստոնյաները աղոթեն նրա համար. ուրեմն նա շատ լուրջ անելիք ունի, որը կարող է կատարել միայն բոլորի աջակցության դեպքում: Այդպե՞ս պետք է հասկանալ: Եվ ո՞րն է նրա առաքելությունը, եւ ի՞նչ արեց նա իր Հայաստան այցելությամբ:

Երրորդ՝ Սուրբ Էջմիածնում ունեցած իր ելույթում նա ասաց. «Հուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի… հոգեկանության լուսաշող կենտրոն…»: Անմիջապես հարց է հղանում. ո՞րն է մեր հոգեկանությունը, ի՞նչ է դա նշանակում, առավել եւս, որ նա ավելացնում է. «Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը եւ նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց Ազգերի մոտ»: Այդ ի՞նչ ինքնություն է, այն էլ՝ ուրույն, ի՞նչ պատգամներ պետք է հաղորդենք մյուս ազգերին, արդյո՞ք դա պետք է հասկանանք զուտ քրիստոնեական գաղափարների շրջանակում: Նա շարունակում է. «Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ իրականությունն է», եւ ապա մեջբերում է Հովհաննես Պողոս Բ-ի խոսքը, որ վերաբերում է հայ ժողովրդի ինքնությանը: Ավելի ցնցող է Հռոմի պապի այն միտքը, որ ունենալով շատ հայ մտերիմ ընկերներ, անկախ այն բանից՝ դրանք կաթոլիկ են, թե Առաքելական եկեղեցու հետեւորդներ, նրանց բոլորին միավորում է արմենիզմը: Այ քեզ բան, նա գիտի, թե ինչ ասել է հայ, հայկականություն, իսկ մե՞նք: Ո՞րն է հայի ինքնությունը, ինչո՞վ է հայը տարբերվում մյուսներից, ի՞նչ առանձնահատկություններ ունի, ինչո՞ւ ՝ հետեւելով Հովհաննես Պողոս Բ-ին՝ մեզ համարում աշխարհի խաղաղության դեսպաններ: Նա գտնում է, որ «ողջ աշխարհը ձեր այս (խաղաղության) քարոզության կարիքն ունի»:

Չորրորդ՝ այս համատեքստում կարեւոր եմ համարում նշել նաեւ Հռոմի պապի վերաբերմունքն առ Ս. Գրիգոր Նարեկացի, որին նա կաթոլիկ եկեղեցու Վարդապետ հռչակեց, որի ստեղծարարությունը նա համարում է արտասովոր գիրք, որը «սիրում եմ անվանել որպես «հայ ժողովրդի հոգեւոր սահմանադրություն»»:

Այդ ի՞նչ հոգեւոր է, ինչո՞վ է արտահայտվում, մենք հասկանո՞ւմ ենք այդ սահմանադրությունը, թե՞ դրան էլ վերաբերվում ենք այնպես, ինչպես այսօրվա սահմանադրությանը: Հասկացե՞լ ենք, թե ինչ է նշանակում կաթոլիկ եկեղեցու Վարդապետ: Այս հռչակումը, որը պակաս կարեւոր չեմ համարում, քան Ցեղասպանության ճանաչումը, ինչը տեղի-անտեղի անընդհատ հիշատակում ենք, մեզ ի՞նչ տվեց, ի՞նչ արեցինք անցած մեկուկես տարում հազարամյա հնություն ունեցող հոգեւոր սահմանադրությունը ճանաչելու, հասկանալու, դասեր քաղելու, այն աշխարհին ներկայացնելու համար, բացի անիմաստ գոռոզությունից:

Կարծում եմ՝ կարիք չկա այլեւս շարունակել նոր հարցականներով, որ առաջադրեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը. դրանք չափազանց շատ են, որոնք լուրջ մտորումների, իսկ ապա նաեւ նոր, արմատական եզրակացությունների հիմք են: Եթե ասվածին հավելենք նաեւ Հռոմի պապի այն պատգամը, որ նա ուղղում է Հայաստանին եւ հայ ժողովրդին, ապա կարծում եմ՝ որոշ իմաստով ամբողջական կդառնա նրա առաքելությունը եւ ուխտագնացությունը Հայաստան: Ահա այդ պատգամը. «բոլորի համար ստեղծել արժանավայել աշխատանք, առավել կարիքավորներին խնամակալություն եւ անխոնջ պայքար կաշառակերության դեմ, որը պետք է արմատախիլ անել», ինչը լավագույն ապագայի տեսլականն է: Ավելացնենք նաեւ նրա պատգամը երիտասարդներին. «Սիրելի երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորություն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հաշտության մշակույթի դրական գործիչներ»:

Ընդհանուր առմամբ Հռոմի պապի այցելությունը ինձ պատկերանում է հետեւյալ կերպ. նա, ինչպես ոչ ոք ե՛ւ նախկինում, ե՛ւ այժմ, հայ ժողովրդին դրեց մի ամենապատվավոր բարձունքին՝ ի տես ամբողջ աշխարհի, ոչ միայն կաթոլիկներին եւ առհասարակ քրիստոնյաներին, այլեւ ողջ մարդկությանը: Իսկ մենք ի՞նչ ունենք ցուցադրելու, ի՞նչ ունենք ասելու համայն աշխարհին. Ցեղասպանություն ապրած ժողովո՞ւրդ, միջազգային վարկանիշային ցուցակների ցուցիչնե՞րը, մի քանի հարեւան հետամնաց երկրների համեմատությամբ մեր մի քանի աստիճանով բարձր ցուցանիշնե՞րը, կոռուպցիայի մակարդա՞կը, սահմանադրության նկատմամբ մեր անհարգալից վերաբերմո՞ւնքը, դատական իշխանության նկատմամբ անվստահությո՞ւնը, տնտեսության աղետալի վիճա՞կը, աղքատության մակարդա՞կը…: Չշարունակեմ:

Ուզում եմ բերել մի պարզունակ, բայց կարծում եմ՝ տիպական օրինակ: Երբ ֆուտբոլիստ Հ. Մխիթարյանը հայտնվեց Գերմանիայում, ոչ ոք չէր կարողանում արտասանել եւ գրել նրա անունը: Բայց մեկ տարի անց ողջ ֆուտբոլային աշխարհն արդեն կարողանում էր ե՛ւ արտասանել, ե՛ւ գրել այն: Հարգանքի արժանի այդ մարդը այդ ընդունելությանը հասավ իր խաղով, իր խաղային մակարդակով եւ իր համեստ կեցվածքով:

Իսկ ո՞րն է մեր խաղը եւ խաղային մակարդակը: Ի՞նչ ենք արել երեկ եւ այսօր եւ ինչ ենք պատրաստվում անել վաղը:

Մեզ անհրաժեշտ է վերջապես դուրս գալ թմբիրից: Ճանապարհը Հռոմի պապի առաջադրած հարցադրումների ճիշտ ընկալումն է եւ մտածված, հիմնավորված պատասխանը: Մենք այլընտրանք չունենք: Հռոմի պապը մեզ տվել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության, Ղարաբաղի հիմնահարցի արմատական լուծման հայեցակարգի հիմունքները եւ առհասարակ մեր հասարակության ճշմարիտ առաջընթացի լուծման բանալին:

 
ՎԱԼԵՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ»

16.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիովին համաձայն եմ պ-ն Պողոսյանի առաջ քաշած մտքերին և Մխիթարյանի վերաբերյալ արված պարզունակ օրինակը իրոք շատ տեղին է: Այն ինչ պատգամեց մեզ հայերիս Հռոմի պապը, առաջին հերթին պետք է ընկալեն մեր ղեկավար այրերը և այն մեծահարուստ այրերը, որոնք նույնիսկ չգիտեն ով է Նարեկացին և անսխալ չեն կարող գրել Մխիթարյան ազգանունը: Հարգելի այրեր ուշադիր ընթերցեք պ-ն Պողոսյանի առաջ քաշած այս միտքը՝ <> և հետևություն արեք այնպես, որ սերունդները Ձեզ հարգանքով հիշեն: Թե չէ ի՞նչ ենք տանելու մեզ հետ: Ոչինչ……

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/09/17/736177/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930