Խմբագրությանը դիմած կենսաթոշակառու Կարապետ Յափուջյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արամ Վիրաբյանից պահանջելով հազար դոլար գումար:
Վերջինս կենսաթոշակառուից պարտքով վերցրել էր 2200 դոլար գումար, սակայն վերադարձրել էր 1200-ը: Կարապետը բազմիցս հանդիպել էր նախկին ընկերոջը, խնդրել էր մնացածը վերադարձնել: Պատասխանողը հրաժարվել էր պարտքից:
Գումարը չվերադարձնելու, նրան ուղղված սպառնալիք-վիրավորանքների հարցով զբաղվել էր նաեւ Կենտրոնի ոստիկանությունը, որտեղ բացատրություն տալիս Արամն ասել էր, որ իրականում պարտք է:
Քրեական գործ, սակայն, չէր հարուցվել, քանի որ, ըստ ոստիկանության, նման հարաբերությունները կրում էին քաղաքացիա-իրավական բնույթ:
Կարդացեք նաև
Կարապետ Յափուջյանի հայցի դեմ դատարանում առարկել էր պատասխանողի ներկայացուցիչը՝ հայտնելով, թե նրանց երկուսի հարաբերությունները եղել են մինչ այդ ջերմ, ընկերական:
Պատասխանողի ներկայացուցիչ Մ. Հակոբյանն իր վստահորդի զարմանքն էր փոխանցել, թե ինչո՞ւ է նման հայցով Կարապետը մտել դատարան:
Իսկ դատարանն էլ իր իրավական գնահատականներում նշել էր, թե ապացուցման բեռը հայցվորի վրա էր ընկած, մինչդեռ հայցվորը չի ներկայացրել «պահանջը հիմնավորող» որեւէ ապացույց:
Դատավոր Ռ. Ներսիսյանը մերժել էր Կ. Յափուջյանի հայցապահանջը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել էր Կենտրոնի դատարանի վճիռը եւ գործը ուղարկել էր նոր կազմով նոր քննության:
Ռ. Ափինյանի նախագահությամբ դարձյալ մերժվել էր հայցապահանջը:
Դատարանն իր իրավական գնահատականներում, ապավինելով ներքին համոզմանը, արձանագրել էր, թե հայցվորի պահանջը իրավաչափ չէ, քանի որ հայցվորի կողմից չի ներկայացվել որեւէ թույլատրելի եւ վերաբերելի ապացույց:
Ըստ վերաքննիչ քաղաքացիական դատարանի էլ՝ «Վճռում առկա չէ որեւէ վերլուծություն, որեւէ պատճառաբանություն՝ այս կամ այն փաստը կամ հանգամանքը հերքված համարելու վերաբերյալ: Դատարանը օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում եղած բոլոր հանգամանքները: Մասնավորապես, ոստիկանությունում Արամ Վիրաբյանի բացատրության ուսումնասիրությունից կարելի էր հանգել այն եզրակացության, որ կողմերի միջեւ ոչ միայն եղել են փոխառությանը վերաբերող իրավահարաբերություններ, այլեւ դրանով հիմնավորված է այն կարեւոր փաստը, որ պատասխանողն իրենից ստացել է 2200 դոլար, որից վերադարձրել է 1200-ը»:
Եվ ըստ այդմ՝ հայցը ենթակա էր բավարարման:
Անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին՝ վերաքննիչ դատարանը արձանագրել էր, թե դատական կարգով պետք է տրվի յուրաքանչյուր փաստի հաստատման կամ հերքման վերաբերյալ պատճառաբանություն, մինչդեռ՝ «նման պատճառաբանությունները բացակայում են»:
Վերաքննիչ դատարանը ՀՀ Սահմանադրական դատարանի մի որոշման մասին էլ էր նշել իր իրավական գնահատականներում: Խոսքը վերաբերում է 15.10.2010 թվականի ՍԴՈ-896-ին, երբ ՍԴ-ն հղում անելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 221-րդ հոդվածի «թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված» ձեւակերպմանը՝ փաստել էր, որ այդ բառակապակցությունը սահմանադրականության հարց չի կարող առաջացնել, եւ որ ՀՀ վերաքննիչ դատարանին է վերապահված՝ քննարկվող լիազորությունը համահո՞ւնչ է ՀՀ Սահմանադրությանը, թե՞ ոչ:
Սահմանադրական դատարանն, ի դեպ, հազարավոր անգամ հնչեցրել է, որ չպատճառաբանված դատական ակտ չպիտի լինի:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Ա. Պետրոսյան, Ա. Խառատյան, Կ. Չիլինգարյան կազմով, երկրորդ անգամ բեկանել
էր այս վճիռը:
Վճիռը չի կատարվել: Անցել է երկու տարի: Քանի որ հիմա էլ փաստաբանը ըստ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացված Կ. Յափուջյանի դիմումի՝ տեւական ժամանակ չի զբաղվում իր խնդրով, հակառակ կողմի հետ «ասպետական պայմանավորվածություն» է ձեռք բերել՝ «գումար է, կտան, էլի» ասելով: Տուժած կենսաթոշակառուն խնդրել էր կարգապահական վարույթ հարուցել փաստաբանի նկատմամբ:
ՀՀ փաստաբանների պալատին տրված բացատրության մեջ փաստաբանը հայտնել էր. «Հասկանալով, որ վեճի շարունակականությունն անիմաստ է, այդ մասին ինքը հայտնել է իր վստահորդին, սակայն նա պարբերաբար զանգել է իրեն, զանգերն այնքան հաճախակի են եղել, որ դրանք կրել են անիմաստ հետապնդման բնույթ»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
16.09.2016