Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սովետմիությունից ո՞վ չի վիրավորված»

Սեպտեմբեր 17,2016 13:00

Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը կյանք է տվել քանդակագործ հոր էսքիզին

Մշակույթի ոլորտում ոչ միայն աշխարհում, այլեւ հայ իրականությունում նույնպես եզակի դեպքեր կան, երբ անվանի ստեղծագործողի մեկ-երկու գործ ավարտին են հասցրել նրա կոլեգաները կամ սաները, օրինակ՝ Արմեն Տիգրանյանի առողջական վիճակը թույլ չտվեց «Դավիթ-Բեկ» օպերան ավարտին հասցնել: Ասում են՝ նրա որդին՝ կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանը, դիրիժոր Միքայել Թավրիզյանի հանձնարարությամբ, 6-7 պատկեր է ներմուծել, իսկ կոմպոզիտոր Լեւոն Խոջա-Էյնաթովի եւ դիրիժոր Գեւորգ Բուդաղյանի համատեղ աշխատանքի շնորհիվ գործիքավորվել է «Դավիթ-Բեկը»: Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն էլ բալետի արտիստ, խորեոգրաֆ Վիլեն Գալստյանի հետ ավարտին է հասցրել Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Արամ Խաչատրյանի նույնանուն բալետը: Կամ՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի կլավիրի վերջին՝ 4-րդ գործողությունը ավարտել ու գործիքավորել է Մաքսիմիլիան Շտեյնբերգը…

ruben_qochar_2

Ճանաչված կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը հոր՝ անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի գծանկարով իրականացրել է «Մայրություն» բրոնզաձույլ արձանը (2 մետր), որը կտեղադրվի «Մարդու պտղաբերության կենտրոնի» բակում, որի բացումը կկայանա սեպտեմբերի 17-ին: Այս առիթով որոշ արվեստագետներ նշում են, թե գենն իրենն անում է, մյուս մասն էլ առանց չափազանցության ժամերն են հաշվում՝ «հանդիպելու» կինոռեժիսորի առաջին աշխատանքին: Ռուբեն Քոչարի խաղարկային ֆիլմերից հայտնի են «Հերոստրատ», «Արահետ», «Անունս Վիոլա է» նկարները եւ այլն: Կինոռեժիսորը, համագործակցելով խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի հետ, ստեղծել է բալետային ֆիլմաշար, այդ թվում՝ Մալերի երաժշտությամբ «Հուշեր», Չիք Կորեայի հնչյուններով՝ «Հեյ, ով կա այդտեղ», «Լիլիթը»՝ Արմեն Սմբատյանի երաժշտությամբ: Կինոռեժիսորի աշխատանքների մի ստվար հատված էլ անմահացրել է անվանի արվեստագետներին, այդ թվում՝ օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին, քանդակագործ Բենիկ Պետրոսյանին, արձակագիր Մուշեղ Գալշոյանին, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին: 2015թ. Սանկտ Պետերբուրգում կայացավ «Ավետ Տերտերյանի տունը» ֆիլմի պրեմիերան, իսկ երեւանյան առաջին դիտումը կկայանա օրերս՝ Ալ. Թամանյանի թանգարանում: Ասում են նաեւ, թե կրտսեր Քոչարը հիանալի գեղանկարների հեղինակ է, որոնք արված են ԱՄՆ-ում: Այս առիթով «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արվեստագետը հաստատեց դա, հետո էլ ասաց. «Առաջին անգամ վրձին ձեռքս եմ վերցրել 33 տարեկանում, Ամերիկայում, այն էլ ընկերներիս դրդմամբ: Հետո էլ նույն շրջապատիս խորհրդով քանիցս ցուցադրել եմ գեղանկարչական աշխատանքներս»: Ինչ վերաբերում է «Մայրություն» արձանին, մեր զրուցակիցը նշեց, թե որպես քանդակ՝ դա իր առաջին գործն է, էսքիզը հայրը դեռեւս 20-ական թվականներին էր արել, եւ դա պետք է դառնար հախճապակյա արձանիկ. «Արձանն էլ իմ մտահղացումը չէ, այն պատկանում է Մարդու պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանին: Կարճ ասած՝ երբեւէ միտք չեմ ունեցել նկարել կամ քանդակել»:

ruben_qochar_1
Ինչ վերաբերում է հոր՝ Երվանդ Քոչարի ճակատագրին, այն դրամատիկ ընթացք է ունեցել. հայրենիքում մեղադրվել է ֆորմալիզմի մեջ, ինչը այն տարիներին «ժողովրդի թշնամու հոմանիշն» էր:

Հետաքրքրվեցինք՝ վարպետի՝ ավարտին չհասցրած էսքիզները մե՞ծ թիվ են կազմում, եւ կարելի՞ է ենթադրել, որ վիրավորանք կա իր մեջ՝ հոր նկատմամբ երկրի կողմից նման վերաբերմունքի համար: Ռուբեն Քոչարը ասաց, թե էսքիզներն այնքան շատ են, որ թիվ չի կարող նշել, հետո էլ պատասխանեց. «Սովետմիությունից ո՞վ չի վիրավորված, որ ես վիրավորված չլինեմ: Այո, վիրավորված եմ ե՛ւ հորս համար, ե՛ւ իմ: Իսկ անկախ հայրենիքը այլ բան է՝ բացարձակ արժեք է»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930