Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Չինաստանը`Ռուբեն Գինեյի գրքում. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 16,2016 23:30

Սեպտեմբերի 16-ին «Արեւ» արվեստի սրահում կայացավ կինոռեժիսոր, սցենարիստ, հնագետ, Ռուբեն Գինեյի «Исторические очерки об армянах в Китае» ռուսերեն գրքի շնորհանդեսը, որ հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:

Երկու տարի առաջ էլ Ռուբենն իր հրաշալի «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմով մասնակցում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Ստեղծագործական խումբը նկարահանումներ էր կատարել 11 երկրներում` հավաքելով եզակի արխիվային նյութեր, անձնական օրագրեր ու նոթեր: Այդ ուսումնասիրությունների արդյունքներն էլ ինքնատիպ կինոնկարի հիմք էին դարձել:

1 3 5 6

444

Ռուբեն Գինեյը նշեց, որ իր «Անդինը» սկսելուց առաջ ինքն ընդամենը 26 տարեկան էր, ու ֆիլմն ավարտեց 31-ում: Հիշեց նաեւ, որ դժվար ճանապարհ անցավ, բայց ոգեւորված էր, քանի որ նպատակ ուներ. «Շատ էի ուզում բոլորին ցույց տալ այն ամենը, ինչ ես էի տեսել Չինաստանում, երբ առաջին անգամ ոտք էի դրել այնտեղ, երբ տեսնում էի հայ-չինական առնչությունները` սկսած ուտելիքից, ավարտած լեզվականով: Մի խոսքով, շատ բաներ կային, ու հանդիսատեսի եւ ընթերցողի հետ «կիսվելու» ցանկությունը մեծ էներգիա էր ծնում, ինչը թույլ տվեց այս ամենը հասցնել մինչեւ վերջ: Ֆիլմը նկարելու ժամանակ հասկացա, որ շատ բաներ չեմ կարող տեղավորել ֆիլմում, դրա համար էլ ծնվեց այս գիրքը»:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն: «Այսօրվա գլխավոր հերոսը գրքի հեղինակն է, ում մեծ շնորհակալություն եմ հայտնում նման ստեղծագործական նախաձեռնության համար»,-ասաց դեսպանը: Նա գիրքը որակեց հետաքրքիր, բացառիկ եւ օգտակար, իսկ աշխատանքը` քրտնաջան, որի արդյունքում վեր են հանվել ուշագրավ պատմական փաստեր:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կարեւորեց նման աշխատության ծնունդը, իսկ Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ վերջապես ունենք այն գիրքը, որին վաղուց էինք սպասում:

Գրքի խմբագիր Արծվի Բախչինյանի ձեւակերպմամբ, ափսոս կլիներ, որ այն հսկայական աշխատանքը, որ Ռուբենը կատարել էր 11 երակներում վավերագրերի, արքետիպերի ծանոթանալով եւ ուսումնասիրելով, չդներ շրջանառության մեջ եւ հատորը չներկայացներ ընթերցողին: «Ինքը համեստորեն գիրքը վերնագրել է «Исторические очерки об армянах в Китае», բայց սա լուրջ պատմաբանասիրական հետազոտություն է»,-փաստեց Բախչինյանը:

Ռուբեն Գինեյը իր գիրքը նվիրեց բոլոր ներկաներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    11 երակներո՞ւմ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930