3 տղամարդու մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հուլիսի 25-ին, ժամը 01.30-ի սահմաններում Իջեւան քաղաքի ավագ դպրոցի հարակից տարածքում Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ փորձել են վերջինիս կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք քաշքշել, ապտակել եւ բռնության գործադրման սպառնալիքներ են տվել Խաշթառակի բնակչուհուն: Սակայն այդ պահին մոտեցած մի քաղաքացու դիտողությունից հետո նրանք դադարեցրել են իրենց գործողությունները, իսկ աղջիկը դիմել է փախուստի:
Երեքի հանդեպ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Բռնաբարության փորձը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից»):
Սույն հոդվածով բնութագրվող գործողությունների համար նախատեսվում է 4-10 տարի ազատազրկում: Ամբաստանյալներից երկուսի հանդեպ, ովքեր չափահաս են, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու համար ստորագրությունը, իսկ երրորդի հանդեպ, ով անչափահաս է , խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ