Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը ակնհայտորեն խնդիրներ ունի դաշնակցական որոշ նախարարների հետ». Ստյոպա Սաֆարյան

Սեպտեմբեր 16,2016 22:11

Կառավարության մի շարք աշխատակիցների՝ աշխատանքից ազատելու վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը,  նշանակում է, որ Կարեն Կարապետյանը որոշակիորեն իր սեփական թիմը հավաքելու ազատության աստիճան ունի: Այս կարծիքի է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Ինչ մասշտաբների վրա է տարածվում այդ ազատությունը, դեռ դժվար է ասել, որովհետեւ Հովիկ Աբրահամյանն էլ ուներ ազատություն ու իր ուզած կադրերին բերեց՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Դավիթ Լոքյան եւ այլն: Քանի որ Կարեն Կարապետյանը ակնհայտորեն պետք է վերանայի տնտեսական եւ քաղաքական ուղղությունները, ինքը այս ազատումներով ցույց է տալիս, որ այլ թիմի անդամների հետ է աշխատելու: Ամբողջական ազդանշանների մասին մենք կհասկանանք, երբ տեսնենք նաեւ նշանակումները: Մի բան ակնհայտ է, որ ինքը հաստատապես իր թիմն է հավաքելու, թե հիմնական ուղղությունները, որոնք կլինեն, այսօր տեսնում ենք, որ դրանցից մեկը հարկաբյուջետային ուղղությունն է: Այսինքն, հարկային վարչարարության եւ պրակտիկայի վերանայումը, թերեւս դրա մասին խոսում է եւ Գագիկ Խաչատրյանի ազատումը եւ ընդհանրապես քաղաքականության վերանայումը, ԱԺ-ում նրա կատարած մի քանի հայտարարություններ՝ բիզնես միջավայրի բարելավում եւ այլն»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Մեր հարցին, թե ովքեր կլինեն Կարեն Կարապետյանի թիմում, ՀՀԿ-ում նա թիմակիցներ չունի, ո՞ւմ կհամախմբի իր շուրջ, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ միգուցե որոշակի անհատներ կան, որոնք Կարեն Կարապետյանին կարող են սատարել որպես անհատ ու ոչ այնքան հանրապետական»:

Մեր հարցին, թե նոր վարչապետի մասնակցությամբ կառավարության առաջին նիստում վարչապետի կողմից արդեն իսկ եղան դիտողություններ որոշ նախարարներին ուղղված, սա նրանց աշխատանքից դժգոհության արտահայտությո՞ւն էր, թե՞ նրանց հետ հետագայում չաշխատելու նախանշան, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իսկական թիրախը Արծվիկ Մինասյանը չէր (խմբ. Դիտողություններից մեկը Արծվիկ Մինասյանին էր ուղղված):

Իմ կարծիքով՝ կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր տարբերակն էր, Արծվիկ Մինասյանի հետ բանավեճի մեջ մտնելով ու նման դիտողությունների արժանացնելով՝ Կարեն Կարապետյանը ակնհայտորեն խնդիրներ ունի դաշնակցական որոշ նախարարների հետ, ինձ թվում է, առաջին հերթին խոսքը վերաբերում է Դավիթ Լոքյանին, Լեւոն Մկրտչյանին: Ամեն դեպքում, քանի որ տնտեսական բլոկը պետք է Կարեն Կարապետյանը վերցնի, միգուցե Արծվիկ Մինասյանի խնդիրն էլ է, ոչ այնքան նրա պրոֆեսիոնալիզմի առումով, այլ որ Կարեն Կարապետյանը  ինքը պետք է  էկոնոմիկայի նախարարության ուղղությունները տա, էկոնոմիկայի ոլորտը Կարեն Կարապետյանի հարվածային հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի, ու Կարեն Կարապետյանը այնտեղ ուզում է  տեսնել իր մարդուն:

Դա նշանակում է, որ Դաշնակցությունը կամ պետք է համաձայնի Կարեն Կարապետյանի առաջարկած կադրին կամ այդ պորտֆելի փոխարեն այլ բան ստանա: Առավել հակված եմ մտածել, որ խնդիրը դաշնակցական մյուս նախարարների մեջ է, որովհետեւ բարեփոխող մարդիկ չեն, մասնավորապես՝ Դավիթ Լոքյանը: Հետեւաբար, այս կտրվածքով, կգան համաձայնության Դաշնակցության որոշ թեկնածուների վերանայման առումով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Հետաքրքիր է Ստյոպա Սաֆարյանը նման ենթադրություններ ինչի հիման վրա է անում: Հասկանում եմ, որ ձախողված քաղաքական գործիչը պետք է ամն ինչ անի, որ իր մասին հիշեն ու խոսեն, բայց արդյո՞ք դա պետք է արվի տրամաբանության հաշվին

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930