Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ։ Նախնական տվյալների հիման վրա՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
ՀՀ Քննչական կոմիտե