Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզը պատրաստ է խաղողի մթերման մեկնարկին. Սերգո Կարապետյանն այսօր հետևել է իրականացվող աշխատանքներին

Սեպտեմբեր 16,2016 20:35

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին հետևելու նպատակով:

Սերգո Կարապետյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանում»: Ընկերության արտադրական գծով տնօրեն Ռոբերտ Իսկանդարյանը տեղեկացրել է, որ այս տարի գործարանը վերազինել են և ամբողջությամբ պատրաստ են ամենաուշը սեպտեմբերի 25-ից սկսել մթերման գործընթացը: Տավուշի մարզից կընդունեն այնքան խաղող, որքան առաջարկ կլինի, մթերման գինը 130 դրամ է:  Տնօրենի խոսքով` ընկերությունը գյուղացիներին պարտքեր չունի, անցյալ տարի մթերել են շուրջ  830 տոննա խաղող, և մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել: Արտադրում են շուրջ 28 տեսակ գինի, 10 անուն կոնյակ, ամենատարբեր մրգային և բանջարեղենային պահածոներ: Սպառումն իրականացվում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանվում է: Այս տարի առավելությունը տրվել է արտաքին շուկային, հիմնականում արտադրանքն արտահանվել է Ռուսաստան և ԱՄՆ, ռուսական շուկայում ունեն նաև խոշոր առևտրային տների ցանց, որի միջոցով կազմակերպում են արտադրանքի իրացումը:

Այնուհետև Սերգո Կարապետյանն ուղևորվել է «Երևանի կոնյակի գործարանի» Բերդի մասնաճյուղ: Այստեղ մթերման գործընթացը նախատեսում են սկսել սեպտեմբերի 20-ից, երբ խաղողը բավականաչափ հասունացած կլինի և կունենա անհրաժեշտ շաքարայնություն: Մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը վստահեցնում է` պատրաստ են մթերել տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ամբողջ  բերքը: Մթերման գինը 130 դրամ է, պահանջը մեկն է` խաղողը պետք է լինի որակյալ և համապատասխանի  կոնյակի գինենյութի համար սահմանված չափորոշիչներին: Անցյալ տարի մթերել են շուրջ 5100 տոննա խաղող: Շուրջ 850 պայմանագրեր ունեն խոշոր խաղողագործների և գյուղացիական տնտեսությունների հետ, վճարումները կատարում են բերքն ընդունելուց հետո` 3-4 բանկային օրերի ընթացքում: Այս տարի ընկերությունը նաև ձեռք է բերել նոր մամլիչ, ինչը հնարավորություն կտա ավելացնել խաղողի ընդունման օրական քանակությունը և խուսափել հերթերից ու կուտակումներից:

Այցի հաջորդ կանգառը «Էկոգարդեն» ՍՊԸ-ում, որտեղ  զբաղվում են մրգահյութերի, կոմպոտների, ջեմերի, բանջարեղենային ամենատարբեր պահածոների արտադրությամբ: Ընկերության տեխնոլոգ Հայկ Պետրոսյանի խոսքով` այս պահին աշխատում են ամբողջ հզորությամբ, արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, ներքին շուկայում պահանջարկ ունենալու դեպքում` պատրաստ են համագործակցել:  Ապահովում են շուրջ 60 աշխատատեղ  սահմանամերձ Չինարի, Արծվաբերդ և Այգեձոր գյուղերի բնակիչների  համար:

«Տավուշի մարզի վերամշակող ընկերությունները պատրաստ են խաղողի մթերման սեզոնի մեկնարկին, ուստի սեպտեմբերի 20-ից կսկսեն մթերումներ իրականացնել և պատրաստակամ են  մարզից մթերել անսահմանափակ քանակությամբ բերք»,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է Սերգո Կարապետյանը:

Սերգո Կարապետյանի խոսքով` Տավուշի  մարզում վերջին երկու տարիներին գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթաց է արձանագրվել:  Մասնավորապես պակասել են չմշակվող հողատեսքերը. անցյալ տարի այստեղ մշակվել է  լրացուցիչ 1000, այս տարի`  շուրջ 300 հեկտար հող, և ակնկալվում է, որ բոլոր ցուցանիշներով 2016 թվականին նույնպես կունենանք աճի դրական դինամիկա: Նա նշել է, որ մարզի հիմնական խնդիրը  որոշ համայնքներում հակակարկտային կայանների բացակայությունն է, որը լուծելու ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն:

Սերգո Կարապետյանն  այցի ավարտին եղել է Այգեձոր և Վերին Ծաղկավան համայնքներում, շրջել խաղողի այգիներում,  զրուցել խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և հավաստիացրել , որ խաղողն ամբողջությամբ կմթերվի ու վճարումները  ժամանակին կկատարվեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930