Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախքան ելույթին անցնելը, կցանկանայի ցավակցություն հայտնել Ուզբեկստանի վարչապետ, Նախագահի պաշտոնակատար պարոն Շավկատ Միրոմոնովի Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:
Ընդունելով Համագործակցության նախագահությունը՝ Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նշում էր, որ Ղրղզստանի նախագահությունը ԱՊՀ-ի համար հոբելյանական տարում կհիմնվի ժառանգորդության և մասնակից պետությունների բազմակողմանի համագործակցության զարգացման սկզբունքների ապահովման վրա:
Իսկապես, այս ժամանակահատվածում արված համատեղ աշխատանքը կրել է շարունակական բնույթ, հիմնվել է Համագործակցության գործունեության 25-ամյա դրական փորձի վրա:
Կարդացեք նաև
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալմազբեկ Աթամբաևին ինչպես դրա, այնպես էլ ցուցաբերված հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Շնորհակալություն:
Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարին հոբելյանական է և՛ ԱՊՀ-ի, և՛ մեր երկրների համար: Մենք տոնում ենք մեր պետությունների անկախության և Համագործակցության ձևավորման 25-ամյակը: Այս ժամանակահատվածում ԱՊՀ-ն իրեն դրսևորել է որպես կարևոր միջպետական ձևաչափ՝ ուղղված բարդ հարցերին պատասխանների որոնմանը, որոնց մենք բախվել ենք 90-ականների սկզբից:
Համագործակցությունը նպաստել է հետխորհրդային տարածքում տնտեսական, հումանիտար, քաղաքական և այլ կապերի պահպանմանը, ունեցել է իր ներդրումը մեր երկրներում պետականաշինության ընթացքում դրանց հետագա զարգացման գործում:
Իհարկե, ոչ բոլոր սպասելիքներն են արդարացվել, և ոչ բոլոր հարցերն են ստացել պատշաճ լուծում: Դա մասնակիորեն պայմանավորված է եղել նաև Համագործակցության դերի և ապագայի վերաբերյալ մասնակից պետությունների մոտեցումների տարբերություններով:
2016 թվականը հանդիսանում է յուրահատուկ սահմանագիծ՝ Համագործակցության 25-ամյա փորձը իմաստավորելու, դրա գործունեության անկողմնակալ անաչառ վերլուծության, և այս առումով ԱՊՀ հետագա զարգացման ուղենիշների սահմանման և ժամանակակից իրողություններին վերջինիս ադապտացման համար:
Հետխորհրդային տարածքում այլ ինտեգրացիոն միավորումների գոյության պայմաններում, իրողություններին ադապտացման հիմնական նպատակը պետք է դառնա Համագործակցության արդյունավետության բարձրացումը, այս ձևաչափով բազմակողմ համագործակցությանը նոր ազդակներ հաղորդելը:
Հենց այս համատեքստում հայկական կողմը դիտարկում և աջակցում է ԱՊՀ ադապտացման վերաբերյալ որոշման նախագիծը, որը նախատեսում է նաև մի շարք հարցերի փոխանցում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին, տնտեսական խորհրդին և լիազորված մշտական ներկայացուցիչներին, ինչի հետ կապված մենք հնարավոր է նույնիսկ ուշացել ենք:
ԱՊՀ շրջանակներում արդիականություն է ստանում ապակենտրոնացված համագործակցությունը, որի ներքո մենք հասկանում ենք մեր երկրների ամենատարբեր, և ոչ պարտադիր սահմանակից շրջանների փոխգործակցությունը: Երկրամասերի, շրջանների, համայնքային միավորումների միջև ուղղակի շփումների ակտիվացումը լայն հնարավորություններ կընձեռի համատեղ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ծրագրերի, այդ թվում՝ նաև շրջաններում ապրող հայրենակիցների աջակցության ծրագրի մշակման և իրականացման համար երիտասարդության միջև շփումների ընդլայնման և այլ նպատակներով: Դրան, հուսով ենք, կնպաստի նաև Միջտարածաշրջանային համագործակցության մասին կոնվենցիայի ընդունումը:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Մեր հանդիպումն ընթանում է միջազգային և տարածաշրջանային արագ փոփոխվող միջավայրում՝ նախկինի պես նկատվում է լարվածության աճ, այդ թվում՝ նաև ԱՊՀ հարակից շրջաններում, ակտիվանում է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, պահպանվում է տնտեսական անկայունության բարձր մակարդակը և շարունակվում է միգրացիոն ճգնաժամը:
Մենք հույս ունենք, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար: Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում:
Ցավոք, նաև մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին:
Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշկեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել:
Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով:
Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների:
Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Դա, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 – 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը:
Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար:
Հարգելի՛ գործընկերներ,
25 տարի առաջ մեր ժողովուրդները ընտրեցին անկախ պետությունների կառուցման ճանապարհը, և այսօր կարող ենք փաստել, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք շատ բաների ենք հասել, այդ թվում՝ Համագործակցության մեխանիզմների շնորհիվ:
Մեր երկրները գտնվում են պետական կառավարման համակարգի հետևողական ամրապնդման գործընթացում: Հայաստանի համար դա իրավունքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի կատարելագործման, տնտեսության զարգացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ազատ մամուլի աջակցության ուղին է: Այս կառույցների դերի ամրապնդման և արդյունավետության բարձրացման նպատակով մենք անցած տարի անցկացրեցինք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրության նոր տարբերակում պահպանվում է իշխանության ճյուղերի իրավունքների և պարտավորությունների միջև հավասարակշռությունը. ապահովված է մարդու իրավունքների և ազատությունների անվտանգության ավելի բարձր մակարդակը, աճում է հասարակական, ստեղծագործական, մասնագիտական և քաղաքական միավորումների դերը: Հայաստանը անցնում է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձևի:
Այս շաբաթ, մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության: Կիրառվում են ընտրական գործընթացի հսկողության ավելի թափանցիկ մեխանիզմներ, խստացվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվությունը: Ներդրվում են ընտրողների նույնականացման և գրանցման թվային համակարգեր: Վստահ եմ, որ այս ամենը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը, հնարավորություն է ընձեռելու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացում: Արդեն մի քանի ամսից մեզ մոտ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Հանրապետությունը կուղարկի համապատասխան հրավերները բոլոր գործընկերներին միջազգային դիտորդական առաքելություններում մասնակցելու նպատակով, այդ թվում՝ ԱՊՀ առաքելության ձևաչափով:
Այս օրերին Հայաստանում ձևավորվում է նոր կառավարություն: Մեր առջև դրված խնդիրն է՝ նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեծացնել տնտեսական աճի ծավալները, շարունակել մեծացնել հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը:
Հարգելի՛ գործընկերներ,
Ամփոփելով՝ կցանկանայի շնորհավորել մեր ռուսաստանյան գործընկերներին ԱՊՀ-ում առաջիկա նախագահության կապակցությամբ: Վստահ եմ, որ 25 տարվա ընթացքում կուտակած դրական փորձը լավ հիմք կծառայի ռուսական կողմին՝ Համագործակցության զարգացման առաջնահերթությունների իրականացման համար: Մենք մեր կողմից պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ ջանքեր այդ ուղղությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին մեր պետությունների անկախության 25-ամյակի և ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ