Լրահոս
Օրվա լրահոսը

«Իբրև ժառանգություն`ստացել եմ մեկ կնիք, մեկ աղբատար մեքենա`օգտագործված և վարձակալվող քաղաքապետարանի շենք». Սիսիանի քաղաքապետ

Սեպտեմբեր 16,2016 19:00

Հոկտեմբերի 2-ին Սիսիանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Սիսիանում առաջադրված քաղաքապետի և ավագանու թեկնածուները բարձրաձայնում են քաղաքում գոյություն ունեցող խնդիրների մասին:

«Մեդիա կենտրոնի» և Գորիսի մամուլի ակումբի համատեղ կազմակերպված քննարկմանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից առաջադրված Սիսիանի քաղաքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանն առանձնացրեց քաղաքի Ֆիզկուլտուրնիկների թիվ 6 վթարային շենքի խնդիրը, որտեղ վտանգավոր պայմաններում ապրում են մոտ 40 բնակիչներ. «Այս խնդրով անհապաղ պիտի զբաղվել: Հրատապ է նաև ճանապարհների վերանորոգման հարցը, թե չէ դեպքեր են եղել, երբ մարդիկ վատ ճանապարհների պատճառով ընկել ոտք են կոտրել: Խաղահրապարակների խնդիրը ևս մեզ համար գերակա է, որ մեր երեխաները Երևան չգնան Լունապարկում կարուսել նստելու համար»:

Սիսիանի քաղաքապետի առաջադրված թեկնածու, Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի համար ևս մտահոգիչ է խաղահրապարակների խնդիրը. «Նախքան իմ` քաղաքապետ ընտրվելն այդ խաղահրապարակներում սնկի պես սկսել են աճել ավտոտնակները»: Դառնալով իր ստացած ժառանգությանը` գործող քաղաքապետն ասաց. «Իբրև ժառանգություն ստացել եմ մեկ կնիք, մեկ աղբատար մեքենա` օգտագործված և վարձակալվող քաղաքապետարանի շենք, բայց կարողացել ենք մեր սուղ միջոցներով ձեռք բերել բավականին տեխնիկա, որը քաղաքը սպասարկում է աղբահանության և սանմաքրման խնդիրներում»:

Հարցին` ինչպե՞ս են պայքարելու ընտրակեղծիքների դեմ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Սրբուհի Գրիգորյանը պատասխանեց. «Կաշխատենք հրապարակային դարձնել բոլոր խախտումները: Նա, ով կփորձի ոտնահարել մյուսի իրավունքները, պատասխանատվության կենթարկվի դատական կարգով: Մեկ, երկու, երեք մարդ գոնե պետք է պատասխանատվության ենթարկվի, որ մյուսները զգաստանան: Կոշտ է մեր դիրքորոշումը. մենք գնում ենք  արդարությամբ, նույնն էլ պահանջում ենք մյուս թեկնածուներից: Եթե որևէ մեկը փորձի ընտրական, ճնշումների ձևով մտնել ընտրություններ, պատժվելու է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930