Ս. թ. սեպտեմբերի 16-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության միջև «Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս /Սբ Հովհաննես/ եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի կողմից դրամաշնորհի տրամադրման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Հուշագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, ողջունելով և շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությանը, նշել է, որ դեսպան Միլսը ճիշտ է գնահատել նախարարության կողմից առաջարկված՝ Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման ծրագրի կարևորությունը: Հ. Պողոսյանը հատուկ շեշտել է տարիներ շարունակ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի /տեղեկանք 1/ ֆինանսավորմամբ կիրականացվեն Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից տարածքի ջրամեկուսացման, որմնանկարների և ծածկասալերի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքներ:
Ծրագրի իրագործումը կնպաստի Հայաստանի հարավային ուղղության կարևորագույն հուշարձանի հանրայնացմանը:
Կարդացեք նաև
Մեղրի քաղաքի «Փոքր թաղի» Սուրբ Սարգիս եկեղեցին /տեղեկանք 2/ 17-րդ դարի հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույց է: Իր ոճով այն Կովկասում և Միջին Արևելքում եզակի է՝ հարուստ որմնանկարներով, որոնցում զուգորդված են ուշ միջնադարյան քրիստոնեական պատկերագրության տարրեր: ՀՀ մշակույթի նախարարության կողմից դեռևս անցյալ տարի կազմված և առաջարկված հայտի ընտրությունը պայմանավորված է Սուրբ Սարգիս /Սբ Հովհաննես/ եկեղեցու ճարտարապետական, գիտական, արվեստաբանական բացառիկ նշանակությամբ, նրանում առկա որմնանկարների պահպանության կարևորությամբ:
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ և 2005 թվականից մինչ օրս ընդհանուր առմամբ մշակութային տասը ծրագիր է իրականացվել: Ներկայում ընթանում են Գյումրի քաղաքում՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման և տեղափոխման, Արենու քարանձավի հնագիտական գտածոների պահպանության աշխատանքները: Նախկինում իրականացվել է հայկական ավանդական պարերի ու երաժշտության հավաքագրում-փաստագրումը, Նորատուսի միջնադարյան գերազմանատան պահպանությունը /2010 թ./, Գառնու միջնադարյան կամրջի ամրակայումն ու վերականգնումը /2011-2012 թթ./, Ռաֆայել Աթոյանի «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարի ամրակայումը, վերականգնումը, տեղափոխումը /2013-2015 թթ./, «Դաշտադեմ» ամրոցի ու նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրումը, գնահատումը, վերականգնումը /2015 թ./:
Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ժակլին Դիլին, ԱՄԱՓ մարդկային զարգացման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռաֆայել Թորոսյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին