ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը «Իրավական ակտերի մասին», ‹‹Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին›› օրենքների նախագծերի ու հարակից հարցերի քննարկման համար 2016 թվականի սեպտեմբերի 12-15-ը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական մարմիններում։ Պատվիրակության այցը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:
Պատվիրակությունը քառօրյա այցի ընթացքում եղել է Ստորին Սաքսոնիայի պետական գրասենյակում, նույն երկրամասի և ԳԴՀ Դաշնային արդարադատության նախարարություններում, քննարկել օրենսդրության պլանավորման, կարգավորման ազդեցության տրամադրման, օրենսդրական մշտադիտարկման կազմակերպման գերմանական փորձի, ինչպես նաև օրենսդրական նախագծերի կազմման, շահագրգիռ կողմերի հետ դրանց քննարկման, կարծիքների ամփոփման, ծախսային ազդեցության առանձնահատկությունները:
ԳԴՀ Դաշնային արդարադատության նախարարության աշխատակիցները հայաստանյան պատվիրակությանն են ներկայացրել օրենսդրության մշակման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գերմանական մոդելը, մասնավորապես՝ օրենսդրության մշակման, լրամշակման գործընթացում e-norm համակարգի աշխատանքի առանձնահատկությունները:
Սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հանրագրերի հանձնաժողովի աշխատակիցները ՀՀ ԱՆ ներկայացուցիչներին ծանոթացրել են հանրագրերի ներկայացման ընթացակարգին ու էլեկտրոնային եղանակով հանրագրերի ներկայացման առանձնահատկություններին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն