Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Աղասի Ենոքյանի, Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա, նրա փոխարեն կա Կարեն Կարապետյան

Սեպտեմբեր 16,2016 18:05

«Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա»,- այսպիսի կարծիք հայտնեց Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն՝ անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ակնարկել էր նրա վերադարձի մասին. պատգամավորն ասել էր՝  Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից:

Աղասի Ենոքյանի դիտարկմամբ՝ «Գագիկ Ծառուկյանին նախագահ Սերժ Սարգսյանն է հանել քաղաքականությունից, եւ եթե նորից վերադառնա, ապա միայն Սերժ Սարգսյանի կամքով եւ թույլատվությամբ կլինի»:

Political scientist Aghasi Yenokyan gave a press conference in Henaran press club

Բացի այս, ըստ պարոն Ենոքյանի, այլ խնդիր էլ կա՝ այն դաշտը, որը Ծառուկյանն էր ժամանակին փակում, այլեւս դրա կարիքը չկա, այսինքն՝ Ծառուկյանի կարիքը հիմա չկա. «Որովհետեւ Ծառուկյանը կարծես դագանակ լիներ Սերժ Սարգսյանի գլխին: Հիմա հստակ ցույց են տալիս, որ եթե դու չվարես մեր ուզած քաղաքականությունը, ապա այնտեղ՝ հրապարակում կանգնած են Ծառուկյանն ու իր ընկերները, որոնք կարող են գալ եւ զբաղեցնել քո տեղը: Հիշեցնեմ՝ Ծառուկյանի հետ պարզաբանումներն եղան բառացիորեն մեկ շաբաթ հետո նրանից, երբ ստորագրվեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը»:

Քաղաքական վերլուծաբանը մանրամասնեց, թե ինչու Գագիկ Ծառուկյանի կարիքը հիմա չկա. «Որովհետեւ հիմա Հայաստանում կա Ռուսաստանից կոնկրետ ուղարկված Կարեն Կարապետյանը (նորանշանակ վարչապետը), որը նույն գործառույթն է կատարում, ինչ-որ Ծառուկյանն այն ժամանակ էր կատարում: Այսինքն՝ Կարեն Կարապետյանին են ցույց տալիս՝ ասելով՝ Սերժ Սարգսյան, եթե դու մեր կամքը չկատարես, կա այն երիտասարդը, որը պատրաստ է մեզ հետ աշխատել»:

Երբ Սարգսյանը ԲՀԿ այն ժամանակվա առաջնորդի մասին ասել էր՝ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք», ապա հրահանգել էր ստուգել օդում կախված լուրերը Ծառուկյանի բիզնեսի մասին, հետո ստուգվեցին, ոչինչ չբացահայտեցին, ապա Սարգսյանն եւ Ծառուկյանը բազմիցս միասին են եղել տարբեր միջոցառումներին, արդյոք դա «համաներման» քա՞յլ չէր, եւ նրա համար կանաչ լույս է բացվում, մեր այս հարցին, Աղասի Ենոքյանն ասաց. «Դա երկրորդական խնդիր է, այստեղ խնդիրը քաղաքական է: Երբ քաղաքական խնդիրը լուծվեց, Սերժ Սարգսյանը չգնած քրեական եւ տնտեսական պատժամիջոցների, լուծում գտնվեց քաղաքական դաշտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930