Վերածնունդ՝ վերքերից, ցեղասպանության քննարկում գենդերային տեսանկյունից: Հայկական բարեգործական ընդհանուր միությունում այսօր խոսվեց «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյուն» համաժողովի մասին, որը կմեկնարկի սեպտեմբերի 17-ին: Կոնֆերանսի ընթացքում կբանախոսեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 50 մասնագետներ, որոնց շարքում կլինեն պատմաբաններ, հոգեբաններ, ակտիվիստներ, ֆեմինիստներ և այլք: Նրանք մասնագիտական տեսանկյունից կանդրադառնան ինչպես Հայոց ցեղասպանությանը, այլև Հոլոքոստին, ամերիկյան հնդիկների, Ավստրալիայի բնիկների, Ռուանդայի, Բոսնիայի և աֆրոամերիկացիների, ցեղասպանություններին։
Համաժողովն անցկացնում է «Women in War» կազմակերպությունը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀԲԸՄ Հայաստանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հետ, և հովանավորվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Գերմանիայի համագործակցության և զարգացման նախարարության կողմից:
Կարդացեք նաև
«Այս հարցն ունի երկու սկզբնակետ. առաջինը հենց ցեղասպանությունն է, բայց ավելի կարևոր է երկրորդը՝ հետցեղասպանության շրջանի կյանքը» ,-հայտնեց կոնֆերանսի կազմակերպիչ «Women in War» («Կանայք պատերազմում») կազմակերպության տնօրեն Քերոլ Ման։
Ասուլիսի ընթացքում իր խոսքն ասաց նաև «ԴիՎիՎի Ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության տնօրեն Լուսինե Խառատյանը, որը համաժողովի անցկացումը կարևորեց հետևյալ պատճառներով. «Այն առաջին անգամ է բարձրացնում գենդերային դիտանկյունը և փորձում այդ կողմից անդրադառնալ հետցեղասպանական տրավմային»:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ