Աղունիկ Հազրյան. ես պարտավոր եմ ծառայել համայնքին, որում ծնված առաջին երեխան իմ զավակն է
Աղունիկ Հազրյանը Շիրակի մարզի առաջին կին գյուղապետն է: Ընտանիքի հետ Շիրակում հաստատվել է 1989-ին, երբ Ազիզբեկով գյուղից հեռացան ադրբեջանցիները և այն վերաբնակեցվեց հիմնականում Ջավախքից եկած հայերով: Հայաստանի ամենացուրտ բնակավայրերից մեկը՝ նախկին Ազիզբեկովը, ջավախքցիներով բնակեցվելուց հետո անվանափոխվեց Արեգնադեմ: Դեմքն արևին ուղղած այս համայնքում ծնված առաջին երեխան տիկին Աղունիկի զավակն էր: Այդպես էլ սկսվեց՝ Արեգնադեմը դարձավ հայրենիք, իսկ պատասխանատվությունը զավակի ու ընտանիքի նկատմամբ աստիճանաբար վերածվեց սկզբունքի ու գործի: Արդեն 11 տարի է, ինչ տիկին Աղունիկը ղեկավարում է Արեգնադեմը:
«1989-ին, երբ տեղափոխվեցինք Արեգնադեմ, իրավիճակն ուղղակի աղետալի էր՝ չկար ջուր, ճանապարհ… գրեթե ոչինչ: Ու երեխայիս ծնունդից հետո ես ուղղակի հասկացա, որ սա է իմ հայրենիքը, սա է այն հողը, որտեղ պատրաստվում եմ արմատավորվել, տուն ստեղծել, երեխաներիս մեծացնել: Ու նաև հասկացա, որ պատրաստ եմ անել ուժերիցս բխող ամեն բան՝ այս գյուղը երեխաներիս և այստեղ ծնված մյուս բոլորի համար ավելի լավը դարձնելու համար: Այդ հարցում ամուսինս հնարավորինս աջակցել է ինձ՝ քաջալերել, թույլ չի տվել հուսահատվել: Եվ այսօր, ահա, բազմաթիվ խնդիրներ արդեն լուծված են»,- պատմում է տիկին Աղունիկը:
2005-ին ընտրվելուց հետո, Հազրյանն առաջին հերթին կարգավորել է համայնքի սեփական եկամուտների հավաք էթոսզագրման գործընթացը, ինչի արդյունքում արդեն այսօր գյուղն ապահովում է իր հարկային պարտավորությունների կատարումը 100 %-ով: Գյուղում կատարված գրեթե բոլոր փոփոխություններն իրականացվել են տիկին Աղունիկի ջանքերով, ով երբևէ չի խորշել դոնոր կազմակերպություններին դիմելուց ու չի խուսափել բազմափուլ ու հոգնեցնող գործընթացներից: Դրա շնորհիվ բազմաթիվ խնդիրներ լուծվել են, սակայն տիկին Աղունիկն իր առաքելությունը կատարված չի համարում. գյուղում դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնցից ամենամեծը գործազրկությունն է: Գյուղի տղամարդիկ, հիմնականում, արտագնա աշխատանքի են գնում Ռուսաստանի Դաշնություն, նրանց թվում է նաև համայնքի ղեկավարի ամուսինը.
«Այո, իմ ամուսինը ևս արտագնա աշխատանքի է մեկնում: Մեր ընտանիքը մեծ է, հոգսերը՝ շատ: Մենք էլ՝ մյուս բոլոր համագյուղացիների նման, սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք լուծել հնարավոր չէ առանց արտագնա աշխատանքի: Այս տարի, օրինակ, ամուսինս չի մեկնել ՌԴ. աղջիկս այս տարի ավարտում էր դպրոցը, նա որոշեց մնալ ու այստեղ օգնել մեզ: Ցավոք, 2017-ին, մյուսների նման, նա ևս կմեկնի արտագնա աշխատանքի»,- ասում է տիկին Հազրյանն ու ավելացնում՝ իրենց ընտանիքում միշտ էլ այդպես է եղել՝ բոլոր խնդիրները լուծվել են միասին:
11 տարի առաջ, երբ տիկին Աղունիկը դարձավ Շիրակի առաջին կին գյուղապետը, նրան մատով էին ցույց տալիս: Եվ չնայած դրան, վստահ է՝ թերահավատության ու անվստահության տակ թաքուն, քողարկված հպարտություն էլ կար: Հպարտություն՝ ոչ թե «տղամարդ կնոջ», այլ՝ ուժեղ կնոջ կերպարով: Այսօր էլ նրան մատով են ցույց տալիս, բայց՝ արդեն որպես օրինակ: Այս տարիներին տիկին Աղունիկը ծրագրեր է իրականացրել ոչ միայն իր ղեկավարած համայնքում, այլև 45 այլ համայնքներում, որոնք հիմնականում ուղղված են եղել կանանց զբաղվածության խնդրին:
Միակ բանը, որի համար ափսոսում է տիկին Աղունիկը, ժամանակն է, որ բաժին չի հասել իր ընտանիքին.
«Ես չհասցրեցի տեսնել, թե ինչպես են մեծանում իմ երեխաները: Ես շատ-շատ արժեքավոր պահեր բաց եմ թողել, որոնք կուզենայի կիսել ընտանիքիս հետ, բայց նաև հասկանում եմ՝ այն ամենն, ինչ իրենց հետ բաց եմ թողել, լրացրել եմ համայնքի համար աշխատելով: Այո, ես դրանով հպարտանում եմ»,- ասում է տիկին Աղունիկը:
Արեգնադեմի գյուղապետը վստահ է՝ անցած 11 տարիներին կարողացել է վաստակել համագյուղացիների վստահությունը՝ պատասխանատվության, բոլորին լսելու ունակության, նվիրվածության ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ապրում է բոլորի նման, լացողի հետ լալիս է, ծիծաղողի հետ՝ ծիծաղում.
«Համայնքում բոլորը գիտեն՝ եթե ես որևէ բան խոստացել եմ, ես դա կանեմ: Անկախ այն բանից, թե որքան ջանք ու ժամանակ կպահանջվի դրա համար: Օրինակ՝ գյուղի ջրի հարցը. խստացել էի ու շատ էի նեղվում այն բանից, որ չեմ կարողանում հարցին արագ լուծում տալ: Բայց ջանք չխնայեցի, դիմեցի բոլոր հնարավոր կազմակերպություններին, և այսօր արդեն խնդիրը գրեթե լուծված է»,- պատմում է գյուղապետը:
Ամասիա քաղաքում հոկտեմբերի 2-ին հերթական ընտրություններն են: Համայնքը խոշորացվել է՝ միավորելով 9 համայնք՝ այդ թվում նաև Արեգնադեմը: Բնականաբար՝ մեծացել են նաև խնդիրները: Տիկին Հազրյանը որոշել էր այս անգամ այլևս չառաջադրվել, սակայն համագյուղացիները պնդեցին՝ քվեաթերթիկի վրա գրիչով կավելացնեն տիկին Աղունիկի անունը.
«Մարդկանց այսպիսի վերաբերմունքը շատ պարտավորեցնող է: Ես հասկանում եմ, որ դեռ շատ անելիք ունեմ: Հոկտեմբերի 2-ի ընտրություններին ինձանից բացի առաջադրված ևս մեկ կին կա՝ բավականին լուրջ փորձով, կայացած: Ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ կանանց ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներում մեծանում է: Համոզված եմ՝ դրա արդյունքը տեսանելի կլինի շատ շուտով, քանի որ կին ղեկավարները համայնքին վերաբերում են իբրև իրենց ընտանիքի, վատնող չեն, ավելի պատասխանատու են և կշռադատող: Համոզված եմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի՝ հատկապես տղամարդիկ, բայց նաև գիտեմ, որ իրավացի եմ: Ամեն ինչ պարզ է՝ կանայք անգործ նստել ուղղակի չեն կարող»,- ասում է տիկին Հազրյանը:
Արուսյակ Այվազյան. ուզում եմ, որ մարդիկ իրենց համայնքում հպարտությամբ ապրեն
Արուսյակ Այվազյանի համար Գառնի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու որոշումը «պարտադրված» էր. համայնքն էր որոշել: Տիկին Արուսյակը ընտրություններին դեռ չի պատրաստվում, ասում է՝ ակտիվ քարոզարշավ կսկսի միայն վերջին օրերին: Այժմ լուռ է, հետևում է մյուս թեկնածուներին: Այվազյանի համար, սակայն, քարոզարշավից կարևոր նշանակություն ունեցավ Ազատ գետի համար տարվող պայքարը, որում Գառնի համայնքը հաղթեց պետական համակարգին: Համայնքը, որը ղեկավարում էին կանայք:
«Ինձ համար բավականին դժվար էր նման որոշում կայացնելը, բայց մարդիկ պահանջեցին, ես նրանց հույսերը չարդարացնելու իրավունք չունեի: Ինձ համար միայն մեկ մտավախություն կար. մենք անընդհատ բողոքում ենք պաշտոնյաներից, ովքեր մեր կարծիքով սխալ որոշումներ են կայացնում հաճախ: Ես սկսեցի մտածել՝ ի՞նչ որոշում կկայացնեի ես, եթե լինեի համայնքի ղեկավար: Արդյոք այդ պաշտոնում իմ կողմից կայացվող որոշումները միշտ ճիշտ ու արդարացի կլինե՞ն: Սա էր միակ հարցը, որ տանջում էր ինձ»,- պատմում է տիկին Արուսյակը:
Հարցը, սակայն, արագ պատասխան ստացավ: Որոշումների կայացումն այսուհետ կլինի ոչ թե մի հոգու գործառույթ, այլ՝ ողջ համայնքինը. համայնքի ղեկավարը կլինի այդ որոշման կրողը: Տիկին Արուսյակը համոզված է՝ համայնքը գիտակից ու ուժեղ է, նրա կայացրած որոշումներն՝ արդարացի: Օրինակն աչքի առաջ է՝ Ազատ գետը փրկված է՝ բացառապես համայնքի շնորհիվ.
«Ժողովրդի պահանջը շատ խիստ էր: Դա ինձ հույս ներշնչեց, որ ես ճիշտ որոշումներ կկայացնեմ: Ազատ գետի համար տարվող պայքարից հետո ինձ ճանաչում են ոչ միայն մեր համայնքում, այլև՝ արտասահմանում: Բազմաթիվ մարդիկ ինձ հորդորում էին նաև արտերկրից՝ առաջադրվել որպես թեկնածու, մասնակցել որոշումների կայացմանը, ոչ թե կողքից հետևել դրան: Նրանք ինձ ուժ են տալիս: Ես համոզված եմ, որ ինձ կաջակցեն ոչ միայն մեր համայնքի բնակիչները, այլև մեր երկրից դուրս ապրող շատ հայրենակիցներ»,- ասում է թեկնածուն:
Տիկին Արուսյակը հավատում է, որ համայնքն իր կողքին կլինի՝ իր անաղարտ կենսագրության, բացառիկ կամքի ու սկզբունքայնության համար: Գյուղում բոլորը գիտեն՝ եթե ընկեր Այվազյանը մի բան որոշել է, անպայման հասնելու է դրան.
«Ես ուզում եմ, որ մեր համայնքում ապրող յուրաքանչյուր մարդ հասկանա, որ ինքը կայացված որոշումների հետևանքները կրողը չէ, ինքը կարող է և պետք է մասնակցի այդ որոշումների կայացմանը: Համայնքի անմիջական մասնակցությունն ինձ համար առաջնային խնդիր է լինելու, որը փորձելու եմ իրականացնել, եթե ընտրվեմ համայնքի ղեկավար: Կփորձեմ անել ամեն բան, անտեսված չլինելու, հարազատ համայնքում հպարտությամբ ապրելու զգացողությունը մարդկանց վերադարձնելու համար»,- ասում է տիկին Արուսյակը:
Ընտանիքը ևս պատրաստակամ է աջակցել տիկին Արուսյակին քաղաքական նոր ճանապարհն անցնելիս: Բնապահպանական, հասարակական պայքարը կոփել է նրանց և հասկացրել՝ տիկին Արուսյակը համայնքին ավելի շատ է պետք.
«Առաջին խնդիրը, որ լուծման ենթակա կլինի ինձ համար, համայնքի խմելու ջրի հարցն է: Պետք է ֆինանսական գույքագրում անել, հստակ պատկերացնել համայնքային բյուջեն և փորձել խելամտորեն և առավել արդյունավետությամբ ծախսել գումարները՝ հերթով լուծելով առաջնային խնդիրները՝ խմելու ջուր, արդիականացված հիվանդանոց, ոռոգման համակարգ և այլն: Մարդիկ պետք է համոզված լինեն, որ համայնքի բյուջե մտած դրամը՝ մինչև վերջին լուման, նպատակին կծառայի»,- ասում է Այվազյանը:
Ղեկավարման փորձի բացակայությունը տիկին Արուսյակին չի վախեցնում: Նա համոզված է՝ աշխատասիրությունն ու նպատակասլացությունը միշտ էլ արդյունքի կբերեն: Բացի այդ, թեկնածուն կարևորում է նաև ընտանիքի ղեկավարման փորձը.
«Երբ ես և Սառան սկսեցինք Ազատ գետի համար պայքարը, շատերը մեզ չէին հավատում: Նույն խնդիրն էր. արդյոք ղեկավարման փորձ չունեցող երկու կանայք կարո՞ղ են պայքարել մի ամբողջ համակարգի դեմ: Բայց տեսաք, որ կարողացանք, իրար աջակցելով, լսելով, խորհրդակցելով, այնպես, ինչպես պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում: Ես համոզված եմ՝ միասնաբար ընդունված որևէ որոշում սխալ լինել չի կարող»,- ասում է ընկեր Այվազյանը:
Ընտրությունների համար տիկին Արուսյակը վստահված անձինք է ընտրել համայնքից դուրս, որպեսզի անգամ այդ դեպքում իր համայնքում որևէ պառակտում չլինի.
«Ես նախընտրեցի, որ իմ վստահված անձինք համայնքից չլինեն: Ընտրությունների ընթացքում առանց այդ էլ կրքերն այնքան են բորբոքվում, որ մարդկանց մեջ թշնամանք է առաջանում: Ես փորձում եմ ամեն կերպ խուսափել դրանից: Համայնքի միասնականությունն ինձ համար ամեն ինչից կարևոր է»,- ասում է նա:
Ընտրությունների արդյունքների մասին տիկին Արուսյակը շատ չի մտածում, պատրաստ է ընդունել համայնքի յուրաքանչյուր որոշում: Եթե իրեն ընտրեն՝ կաշխատի ուժերի ներածի չափով, կլինի ազնիվ ու կփորձի որևէ կերպ չարատավորել իր ու համայնքի պատիվը, եթե չընտրեն՝ կընդունի նաև այդ որոշումը, քանի որ համոզված է՝ մարդիկ իմաստուն են ու գիտակից:
Լիլիթ Գրիգորյան. Փշատավանի ավագանու ամենաերիտասարդ թեկնածուն
Մասնագիտությամբ լրագրող, 21-ամյա Լիլիթ Գրիգորյանը Արմավիրի մարզի Փշատավան համայնքի ավագանու ամենաերիտասարդ թեկնածուն է: Խոստովանում է՝ առաջադրվելու որոշումը բարդ չի եղել, հասարակական, քաղաքացիական ու լրագրողական ակտիվության տրամաբանական շարունակությունն էր.
«Ավագանու ընտրությունների մասին, բնականաբար, տեղյակ էի, բայց վերջերս մասնակցեցի ՀԿ-ներից մեկի կազմակերպած դասընթացներից մեկին, առավել մանրամասն ծանոթացա ավագանու գործառույթներին, իրավասություններին, ընտրության կարգին, ու մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ: Սա ինձ հնարավորություն կտա ոչ միայն տեսնել, գիտակցել, վեր հանել խնդիրները, այլև որոշակի առումով նաև լուծումներ տալ դրանց: Լրագրությունն ինձ շատ բան է տվել՝ քննական մտածելակերպ, կշռադատելու, բոլոր կողմերին լսելու ունակություն, ու նաև համարձակություն: Խնդիրներ տեսնել կարող են բոլորը, կամ՝ շատերը, դրանք լուծելու համարձակություն քչերն ունեն: Ինձ՝ որպես համայնքի բնակիչ, այլևս չէր բավարարում խնդիրները կողքից տեսնողի, դրանց մասին բարձրաձայնողի դերը: Այսուհետ ես ցանկանում եմ դրանք լուծողի դերում լինել»,- ասում է Լիլիթը:
Պատասխանատվությունից խուսափելը Լիլիթի համար չէ: Ղեկավարման և կյանքի մեծ փորձ չունի, բայց վստահ է, որ իր ձայնը լսելի կլինի համայնքի համար, քանի որ ներսից գիտի բոլոր խնդիրները և պատրաստ է աշխատել դրանք լուծելու համար.
«Ես չեմ մտածում այն մասին, որ երիտասարդ աղջիկ եմ. ես գիտեմ, որ շատերից ավելի աշխատասեր եմ, նպատակասլաց, պատրաստ դեմ առ դեմ կանգնել ծագած խնդիրներին: Ես ընդհանրապես համարում եմ, որ մարդիկ, ովքեր հասարակական ակտիվություն ունեն, կարող են իրենց հետևից մարդկանց տանել, պետք է փորձեն որևէ բան փոխել նաև քաղաքական դաշտում, համայնքի կյանքում: Եթե կան մարդիկ, ովքեր պաշտոն են զբաղեցնում և չեն աշխատում, պետք է իրենց տեղը զիջեն նրանց, ովքեր կարող են և ցանկանում են աշխատել: Շատերը խուսափում են այդ պատասխանատվությունից, համարում են, որ դա իրենց գործը չէ: Այդ դեպքում՝ ո՞ւմ գործն է»,- հարցնում է թեկնածուն:
Լիլիթին ամենաշատը մտահոգում է մարդկանց թերահավատությունը, ոչ թե իր նկատմամբ, այլ՝ համակարգի: Մարդիկ համարում են, որ ավագանին ֆիկտիվ կառույց է, Լիլիթն այնտեղ անելիք չունի.
«Մարդիկ գիտեն, որ ես ձևական որևէ բան չեմ անում: Գիտեն, որ ես ազատ մարդ եմ, հանուն իմ գաղափարների պատրաստ եմ պայքարել: Այդ պատճառով էլ համարում են, որ իմ տեսակի մարդն այդ ֆիկտիվ կառույցում անելիք չունի: Բացի այդ, շատերը չեն հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ պայքարում մի կառույցում ներգրավվելու համար, որում աշխատանքը չի վարձատրվում, հասարակական հիմունքներով է: Նրանց համար զարմանալի է այն, որ կա մարդ, ով պատրաստ է աշխատել՝ ուղղակի լավ արդյունքի համար»,- ասում է Լիլիթն ու ավելացնում՝ իր առաջնային նպատակներից մեկն էլ այս կարծրատիպը կոտրելն է. ավագանին լուրջ կառույց է, իրավասություններ ունի, որոնք իրացնելու համար ուղղակի աշխատել է պետք:
Առաջին խնդիրը, որի մասին կբարձրաձայնի Լիլիթը, կլինի ավագանու անդամների կրթության հարցը: Նա համոզված է՝ միայն կրթության միջոցով է հնարավոր հասնել դրական փոփոխությունների: Երկրորդ ձեռնարկված քայլը կլինի համայնքի բնակիչներին խորհրդատվական օգնության տրամադրումը՝ իրավական, կրթական, ֆինանսական, առողջապահական հարցերում:
«Կրթությունն ինձ համար հասարակության ամենակարևոր հենասյուներից է: Այդ պատճառով էլ այդքան կարևորում եմ դա: Բացի այդ, ինձ համար հասարակության ճիշտ մոդելն ընտանիքի մոդելն է: Ընտանիքում ինչպե՞ս է. երբ որևէ խնդիր ես տեսնում, չես փորձում այն քողարկել կամ մոռացության տալ, այլ փորձում ես լուծել: Այստեղից էլ իմ կարգախոսն է՝ «Ուժեղ ընտանիք – ուժեղ համայնք – ուժեղ պետություն»,- ասում է Լիլիթը:
Մի քանի օրից ամենաերիտասարդ թեկնածուն կփորձի դառնալ ավագանու անդամ: Հույս ունի, որ իրեն կաջակցեն նախ խիզախության համար, ապա՝ փոփոխություններ անելու պատրաստակամության.
«Չեմ կասկածում, որ ընտրություններն արդար են լինելու: Փոքր համայնք է, մարդիկ իրար ճանաչում են, չեմ հավատում, որ նրանք ունակ են կեղծիքների: Ես հույս ունեմ, որ երիտասարդներն իմ մեջ կտեսնեն նաև իրենց, կհասկանան, որ այսուհետ իրենց խնդիրների մասին բարձրաձայնող կլինի: Նաև հույս ունեմ, որ ինձ կաջակցեն համայնքի կանայք՝ որպես սոլիդարության նշան»,- ասում է նա:
Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում կանանց ներգրավվածության մասին՝ Լիլիթն այն կրկին համեմատում է ընտանիքի հետ.
«Պատկերացրեք մի ընտանիք, որում կին չկա: Պատկերացնո՞ւմ եք ինչ դժվար է կյանքն այդ ընտանիքում, բոլորի համար: Կինը հոգատար է, քաջալերող, ավելի աչքաբաց, հեռուն տեսնող, ռիսկի գնացող: Բացի այդ՝ գոյություն ունի մայրական բնազդ ասվածը, որը կնոջը անասելի ուժեղ է դարձնում՝ ինչպես ընտանիքին, այդպես էլ իր ղեկավարած կառույցին վերաբերող հարցերում»,- ասում է Լիլիթը:
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի հինգ մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ավագանու անդամի գրանցված 2 հազար 825 թեկնածուներից 382-ը կամ մոտ 13 տոկոսը կանայք են: Նրանցից 44-ն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածություն առաջադրած 548 քաղաքացիներից 21-ը կանայք են, նրանցից 11-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձոր մարզերի մոտ 300 համայնքներում համայնքապետի ընտրություններ են անցկացվելու: Այս ընտրություններին ԿԸՀ տվյալներով առաջադրվել է 35 կին թեկնածու՝ այդ թվում նաև քաղաքապետի պաշտոնի համար: Ընդհանուր առմամբ ՀՀ 866 գյուղական համայնքներից միայն 18-ն են ղեկավարում կանայք, Հայաստանում կին քաղաքապետներ չկան:
Ս․Մ․
«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:
Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:
Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:
Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:
Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,
email: [email protected]
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,