ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 16-ին ստորագրեցին «Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու վերականգնման համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից դրամաշնորհի տրամադրման մասին» հուշագիրը: Ըստ այս փաստաթղթի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը 450 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար:
«Սա Հայաստանին տրամադրվող տասներորդ դրամաշնորհն է: Տրամադրված գումարները ծառայում են ոչ միայն տվյալ երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար անգին ժառանգություն հանդիսացող արժեքների պահպանմանը»,- հայտնեց Միլսը:
«Մեր նպատակն է, որ Հայաստանն իր պատվավոր տեղը գրավի զբոսաշրջության քարտեզի վրա: Այս երկիրն իրոք արժանի է դրան»,- հավելեց դեսպանը:
Հասմիկ Պողոսյանը նույնպես կարևորեց Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնումը: «Սա մի եկեղեցի է, որը հայտնի է իր ինքնատիպ որմնանկարներով: Սուրբ Սարգիսը առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ինչպես ճարտարապետական, այնպես էլ քաղաքաշինական տեսանկյունից»,- նշեց մշակույթի նախարարի պաշտոնակատարը:
Կարդացեք նաև
Նա նաև նշեց, որ 2005 թվականից մինչ օրս ԱՄՆ դեսպանի՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել է մշակութային տասը ծրագիր: Այժմ աշխատանքներ են տարվում Գյումրիում՝ Հակոբ Հակոբյանին «Սարերում» որմնանկարի վերականգնման և տեղափոխման, ինչպես նաև Արենու քարանձավի հնագիտական գտածոների պահմանման համար:
Նշենք, որ Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին Միջին Արևելքում ու Կովկասում որմնանկարների եզակիությամբ առանձնացող 17-րդ դարի ինքնատիպ կառույց է:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ