«Եթե նա անկեղծ է ասում, որ շատ տվյալներ չունի ՀՀ տնտեսության մասին, կամ եթե ամեն ինչից տեղյակ լինելով` չի հայտնում, թե ինչպիսի քայլեր է անելու առաջին օրվանից, դա ինձ մոտ անհանգստություն է առաջացնում»,-ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի` տնտեսությանը տված գնահատականներն այսպես է մեկնաբանում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Այսօր նա «Հայելի» մամուլի ակումբում ասաց` չի հավատում, որ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ ՀՀ տնտեսությունից. «Պիտի գար եւ առաջին օրից սկսեր իր քայլերն իրականացնել: Սա այն պաշտոնն է, երբ մանրակրկիտ պետք է իմանալ, թե ինչ պետք է անել առաջին իսկ րոպեներից»:
Վարչապետի` «կախարդական փայտիկ չունեմ» արտահայտությունն էլ Բորիս Նավասարդյանը «նորմալ» է որակում. «Եթե գար մեկը եւ ասեր, որ բոլոր խնդիրները լուծելու է, անլուրջ կլիներ: Եթե մարդը լուրջ ծրագիր ունի, սին խոստումներ չի տալու»: Բանախոսը նաեւ նշեց` իշխանությունները գիտակցում են, որ հանրության շրջանում իրենց վարկանիշը շատ ցածր է. «Նյարդային վերաբերմունքը մեղմելու համար կառավարության ղեկին պետք է նոր դեմք, որը չի առաջացնում սուր դժգոհություններ: Մինչեւ ընտրությունները գուցե դժգոհությունների սուր արտահայտումներ չլինեն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ