Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին 170 տարեկան է

Սեպտեմբեր 16,2016 16:25

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին 170 տարեկան է, եւ այդ առիթով սեպտեմբերին մի շարք տոնակատարություններ են նախատեսվում: Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան կժամանեն Հայ Ավետարանական Եկեղեցիների հովիվները: 2016թ. սեպտեմբերի 22-24-ը Հանքավանում Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայ Ավետարանական եկեղեցիների հովիվների Համաշխարհային համագումար: Սեպտեմբերի 25-ին՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, տեղի կունենա ՀԱԵ 170-ամյակի գլխավոր տոնախմբությունը՝ Կամերային նվագախմբի եւ «Հովել» երգչախմբի մասնակցությամբ: Նախատեսվում է նաեւ ՀԱԵ մասին պատմող ֆիլմի ցուցադրություն եւ գրքերի շնորհանդես, ինչպես նաեւ պատմական նկարների ցուցահանդես:

ՀԱԵ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

170 տարի առաջ՝ 1846թ.-ի հուլիսի 1-ին, Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու առաջին՝ հիմնադրության պաշտամունքը: Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին, որը հայտնի է նաեւ որպես «Հայ Ավետարանական Եկեղեցի», ծնունդ է առել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ծոցից: Պոլսի Պատրիարքարանի շրջանակներում կազմավորված «Բարեպաշտից Միություն»-ը նախակարապետն էր Հայ Ավետարանական Շարժման, որը ձգտում էր բարեկարգված տեսնել Հայ Առաքելական Եկեղեցին: Նրանք, սակայն, տարակարծության պատճառով անհնազանդ համարվեցին ու մերժվեցին Առաքելական Եկեղեցու առաջնորդների կողմից: Շարժման 40 անդամները ստիպված հիմնեցին Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին, եւ աշխատեցին, որպեսզի այն ճանաչվի որպես կրոնական առանձին համայնք: 1846թ.-ի հուլիսի 1-ին, երբ տեղի ունեցավ ՀԱԵ առաջին պաշտամունքը, եկեղեցու հիմնադիրները նաեւ կարեւոր հայտարարություն տարածեցին: Դա յուրօրինակ պատասխան էր հիմնադրման պաշտամունքին ներկա օտարազգի միսիոներների այն հարցին, թե ո՞ր հարանվանությանն են որոշել հարել:

Հայտարարությունը հետեւյալ բովանդակությունն ուներ.

«Պետք չունինք մասնաւոր նոր յարանվանությիւն մը որոշելու կամ որեւէ օտար դրութիւն կետ առ կետ որդեգրելու: Մենք Ս.Աւետարանին աշակերտած եւ անոր հոգեկեցոյց սկզբունքները արդեն որդեգրած ըլլալով՝ կը փափաքինք մեր մայրենի եկեղեցին իր նախկին առաքելական ուղղափառութեան ու մաքուր պարզութեան վերածել. Վասն որոյ որոշած ենք ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ կազմուիլ եւ ուրիշ ոչ մեկ բան: Հայ ենք ու Հայաստանեայց Եկեղեցւոյ զաւակունք, Սբ. Աւետարանը իբրեւ կանոն հաւատոյ եւ վարուց ճանչցանք եւ ընդունեցինք երբ դեռ նոյն մեր Մայրենի Եկեղեցւոյ ծոցն էինք, բայց այժմ մերժուեցանք անկէ անոր մեջ սպրդած Ավետարանին դեմ կամ հակառակ վարդապետություններն չընդունելնուս համար. Եւ հիմա կրկին կուզենք Հայաստանեայց Եկեղեցի մնալ բայց «Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցի» ու այդպես կազմուիլ եւ կոչուիլ. Այս հավատքով ու յոյսով որ մեր ազգային եղբարք օր մը իրենց եւս նոյն Աւետարանին աշակերտելով պիտի միանան մեր հետ»:

1 Յուլիսի, 1846

Հայ Ավետարանական Եկեղեցին, լինելով համաշխարհային բարեկարգյալ եկեղեցիների մեկ մասնիկը, եւ որպես համաշխարհային ճանաչում վայելող պատմական Եկեղեցի՝ իր հավատքն ապրում ու հայտարարում է գլխավոր երեք հանգանակների հիման վրա: Դրանք են՝ Առաքելական (առաքյալների) Հանգանակը, Նիկիական Հանգանակը եւ Հայ Ավետարանական Եկեղեցիների Հավատո Հանգանակը: Առաջին երկուսն ընդունված են բոլոր Եկեղեցիների կողմից, թե՛ Կաթոլիկ, թե՛ Ուղղափառ, իսկ երրորդը հատուկ է Հայ Ավետարանական Եկեղեցուն:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930