Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ Դուք ժամանակին քառյակի հաջողությունն էիք համարում Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը, բայց հիմա Կարեն Կարապետյանն ասաց, որ տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է, փաստորեն Հովիկ Աբրահամյանը անկման տարավ տնտեսությունը, դրանում Ձեր մեղքի բաժինը կա՞՝ նա պատասխանեց. «Չէի ասի, որ անկման տարավ: Նա քայլեր կատարել է, այնպես չի, որ նախորդ կառավարությունն ընդհանրապես ոչինչ չի արել, դատարկ տեղն ենք եկել, պարզապես այն հարցերը, որոնք իսկապես օր օրի կուտակվում էին, քայլերը դրան համապատասխան չէին: Կուտակվող հարցերի արագությունը շատ ավելի մեծ էր, քան թե զարգացման տեմպերը: Այդ առումով է վարչապետն ասում, որ չափազանց ծանր վիճակում ենք»:
Մեր հարցին՝ Դուք ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասացիք, որ Կարեն Կարապետյանն Արծվիկ Մինասյանի հետ այդ բառապաշարով չպետք է խոսեր, ի՞նչն է հատկապես Ձեր դժգոհությունը հարուցել, իրավունք չունե՞ր չհավատալ Արծվիկ Մինասյանին՝ նա պատասխանեց. «Հավատալ-չհավատալու կատեգորիաները այստեղ չեն գործում: Սա այն տեղն է, որ կամ կա, կամ չկա, ի՞նչը հավատանք: Դուք հիմա հավատո՞ւմ եք, որ ես ձեր առջեւ կանգնած եմ: Կանգնած եմ, էլ ի՞նչը հավատաք: Բաներ կան, որ հավատի հետ կապ չունեն: Հավատում են այնպիսի բաների, որոնք կարող են լինել, բայց դեռ չեն եղել: Խնդիրների այդպիսի ձեւակերպումներ ես չէի անի: Շատ հեշտ է չէ՞ պարզել, ի՞նչ կարիք կա հայտարարել՝ հավատում եմ, կամ չեմ հավատում: Միանգամից կարելի է ասել՝ սուտ ես ասել, քո ասածը իրականությանը չի համապատասխանում: Ավելի լավ է այդպես լինի, որովհետեւ ինքը պետք է նախապես իմանար՝ ճի՞շտ է ասում նա, թե՞ չէ, եթե հարցը այդպես ես դրել: Իսկ եթե չգիտես՝ հավատում եմ, կամ չեմ հավատում… հո հավատաքննության բան չի»:
Մենք ճշտեցինք՝ թիրախավորո՞ւմ է ՀՅԴ-ական նախարարներին՝ նա պատասխանեց. «Ոչինչ, թող թիրախավորեն, ՀՅԴ-ն երբեք չի վախեցել թիրախավորումից: Ընդհակառակը, սա հնարավորություն է տալիս, որ խորանանք այս հարցերի հետ կապված: Շատ լավ է, որ հենց սկզբից խոսենք այս հարցերից, քան թե հետագայում հարցեր ծագեն: Մենք իրար հետ պետք է հայեցակարգային տրամաբանությամբ հարաբերվենք: Ընդունո՞ւմ ես քաղաքականությունը՝ անում ենք, չէ՝ անձնական սիմպատիաների խնդիրը մեր համար կարեւոր չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ