Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանը՝ դատարանին. «Ես եւ Դուք դարձել ենք չլոցի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2016 15:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին դատարանում շարունակվում էր Կարո Եղնուկյանի բողոքի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Կարո Եղնուկյանը ելույթ ունեցավ, դատավոր Արշակ Վարդանյանը խնդրեց նրան խոսել փաստական հանգամանքների մասին: Կարո Եղնուկյանը պատասխանեց. «Հարգելի՛ դատարան, ես պատուհանից դուրս տեսնում եմ Զորավար Անդրանիկին, որը հուշում է, որ շուտով Անկախության հանրաքվեի 25-ամյակն ենք նշելու: Կեցցե, անկախ եւ ազատ դատարանը եւ մաղթում եմ, որ այս դատարանը լինի ազատ, անկախ եւ արդար: Ինչու եմ շեշտում, որովհետեւ շատ ժամանակ օրենսդրությունը կարող է արդար չլինել եւ չարաշահվել եւ անարդար որոշումներ կայացվել»:

Նա իրավիճակը համեմատեց մանկական խաղի հետ. «Խաղ կա՝ գործագործ, երբ երկուսը գնդակը գցում են, մեկը մեջտեղում է: Հիմա դատախազությունը եւ քննչական մարմինը գնդակը օդ են գցում իրար, եւ ես մեջտեղում կանգնած իզուր վազվում եմ այս կողմից այն կողմ: Օդում գնդակը գցելու նպատակն այն է, որ ինձ հոգնեցնեն՝ տանեն-բերեն, տանեն-բերեն: Մենք դիմում ենք քննչականին՝ ասելով վերացրեք մեղադրանքը, որովհետեւ մեղադրանք արդեն չկա, կամ ձեր բերած փաստարկները չեն հիմնվում: Քննչականն ասում է՝ մենք այն դեռ չենք քննարկի, հետաձգում ենք քննությունը:

Այդտեղ օրենքի չարաշահում է, արդարություն չկա: Դիմում ենք դատախազությանը, ասում ենք՝ դատախազ ջան, քննչականին դիմել ենք, դուք ի՞նչ եք ասում: Դատախազն ասում է՝ քննիչն արդեն ձեր հարցերին պատասխանել է, բայց քննիչը հարցերին չի պատասխանել. քննիչը հետաձգել է պատասխանը: Ինչպե՞ս կարող է դատախազը հղում անի մի բանի, որը չունի բովանդակություն: Դատարանը ինձ հետ միասին դարձել է այդ մեջտեղի խաղացողը, եւ դատախազությունը քննիչի հետ միասին գնդակը գցում է այս կողմից այն կողմ, եւ ես եւ Դուք այդ խաղի մեջ դարձել ենք, այսպես ասած, չլոցի: Ես կուզեմ, որ դատարանը սա տեսնի եւ հասկանա»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930