Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարգսյանի, Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի միջեւ անունների տարբերություն կա, բնույթով նույնն են». Փոստանջյան

Սեպտեմբեր 16,2016 14:33

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ չի հավատում, թե Կարեն Կարապետյանը պետք է նոր սկիզբ լինի եւ ոտքի հանի տնտեսությունը. «Կուզենայի տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում այն անձին, ով կհրապարակեր համակարգային փոփոխության ծրագիր եւ կգար իսկապես ընտրությունների միջոցով, ոչ թե այսպիսի նշանակման եւ ստվերային պայմանավորվածությունների միջոցով: Այս գործընթացը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի թափանցիկ եւ տեսանելի»:

Aravot.am-ը Զարուհի Փոստանջյանին հարցրեց՝ «Ընտրական օրենսգրքի» հետ կապված ներկայացվում է, որ պատմական համաձայնություն է ձեռք բերվել՝ հրապարակելու ստորագրված ընտրացուցակները, Դուք հրաժարվել եք մասնակցել 4+4+4 ձեւաչափին, բայց հիմա չե՞ք զղջում, սա կարելի՞ է առաջընթաց համարել: Նա պատասխանեց. «Իհարկե, ոչ, առաջընթաց չի կարելի համարել, որովհետեւ դա հեղափոխական փոփոխություն չէ: Ըստ էության, այդ «Ընտրական օրենսգիրքը» պահպանում է ավտորիտար բնույթը, որովհետեւ քաղաքական մենաշնորհը չի վերանալու: Իհարկե, մի փոքր դրական արտացոլում կարող է ունենալ, բայց քաղաքական մենաշնորհը չի փոխվում: Հիմա, երբ խոսում ենք, վարչապետների փոփոխության մասին, ի՞նչ տարբերություն Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կամ Կարեն Կարապետյանի միջեւ: Անունների տարբերություն կա, իհարկե, ոճերի, մոտեցումների մեջ տարբերություններ կան, արտաքին տեսքի եւ արտաքին վարվելակերպի, բայց բնույթով նրանք բոլորը ներկայացնում են քրեաօլիգարխիկ ավտորիտար համակարգը: Այդ համակարգի ներկայացուցիչներն են, կաշկանդված են այդ համակարգով, որովհետեւ համակարգն է նշանակում նրանց»:

Մեր դիտարկմանը, որ Դուք տարիներ շարունակ ասել եք, որ ընտրացուցակների միջոցով է ՀՀԿ-ն վերընտրվում, մահացածների հաշվին եւ այլն՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Ոչ միայն ընտրացուցակների միջոցով: Մենք ասացինք, որ այս 5 կետերը համալիր ու միասնական են: Միայն ընտրացուցակների հրապարակումը այդ համալիր մոտեցումը չէ: Այս «Ընտրական օրենսգիրքը» չի վերացնելու քաղաքական մենաշնորհ հասկացությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930