Քաղաքացիական հասարակության կայունության ինդեքսը Հայաստանում 2015 թվականին երկու ոլորտներում բարելավում է գրանցել`ծառայությունների մատուցման եւ ենթակառուցվածքների:
Քաղաքացիական հասարակության կայունության ամենաթույլ կողմը շարունակում է մնալ ֆինանսական կայունությունը: 2007 թվականից ի վեր այն չի բարելավվել: Այս տվյալներն այսօր ներկայացրեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փորձագետ Տաթեւիկ Մարգարյանը՝ ներկայացնելով 2015 թվականին Հայաստանի ՔՀԿ կայունության ցուցանիշը: Նման ուսումնասիրություններ առհասարակ կատարվում են 29 երկրներում: Այս տարի ուսումնասիրվել են 24-ը:
Հայաստանում գրանցված են 5000-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ): Դրանցից ակտիվ աշխատում են հազիվ 1000-ը:
2015 թվականին, ըստ զեկույցի, շահերի պաշտպանությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամենազարգացած ոլորտն է շարունակել մնալ. «ՔՀԿ-ներն ակտիվ նախաձեռնություն են ցուցաբերում եւ մասնակցում են քաղաքականության երկխոսությանը, իսկ քաղաքացիական ակտիվության մշակույթը զարգանում է: 2015-ին շահերի պաշտպանության ամենամեծ ոչ ֆորմալ շարժումը «Էլեկտրիկ Երեւանն» է եղել, որի նախաձեռնողը «Ոչ թալանին» խումբն էր: Այս շարժումը քաղաքացիական ակտիվության մի նոր ալիք հանդիսացավ՝ ներգրավելով երիտասարդների զգալի քանակ»:
Ըստ զեկույցի, ՔՀԿ-ներից քչերն ունեն հնարավորություն մշտական աշխատակիցներ վարձել: Շատերը աշխատակազմ են ձեւավորում ծրագրից ծրագիր, իսկ ֆինանսավորվող ծրագրեր չունենալու դեպքում ապավինում են իրենց անդամների եւ աշխատակիցների կամավոր գործունեությանը:
Կարդացեք նաև
Զեկույցի համաձայն, ՔՀԿ-ները դեռեւս ֆինանսավորման աղբյուրների պակաս ունեն, որը բացասաբար է անդրադառնում նրանց ֆինանսական կենսունակության վրա: ՔՀԿ-ների խոշոր դոնորների շարքում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ), Եվրամիությունը, ԱՄՆ դեսպանատունը, ՄԱԿ-ը մի քանի միջազգային ՔՀԿ-ներ:
«ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է ներդնել Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման գործում, եւ այդ ոլորտում մենք 30 մլն դոլարից ավելի ներդրում ենք կատարել: Մենք գտնում ենք, որ ՔՀԿ-ն ժողովրդավարության զարգացման կարեւոր բաղադրիչ է»,- իր խոսքում ասաց միջոցառմանը ներկա ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ