Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին ուղղված հարցին՝ ՀՀԿ անդամ չհամարվող վարչապետ Կարեն Կարապետյանն ո՞ւմ ծրագրով պետք է շարժվի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական , ՀՀԿ նախընտրական, թե՞ իր ծրագրով՝ նա պատասխանեց. «Կարեն Կարապետյանը չի եկել դատարկ տեղ, եկել է ձեւավորված միջավայր, չի կարող դրանք անտեսել: Մենք ունենք հուշագիր, որ ստորագրել ենք ՀՀԿ-ի հետ: Հստակ ուղղություններ են սահմանված, քայլեր են նախանշված, որ պետք է իրականացվեն: Մենք կոալիցիոն մեր գործընկերների հետ հիմա աշխատում ենք կոնկրետ քայլերի վրա»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ազատություն են տվել Կարեն Կարապետյանին, երբ Դուք ասում եք, որ նա պետք է առաջնորդվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրով ու համաձայնագրով՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ազատությունը գիտակցված անհրաժեշտություն է: Ազատության սահմանները պետք է գիտակցված լինեն: Ազատությունը սանձարձակություն չի: Այն ենթադրում է տեղավորվել բոլոր այն համաձայնությունների մեջ, որոնք արդեն ձեռք են բերված: Այդ տարածքում, այդ շրջանակում բոլորն էլ ազատ են: Հիմա մենք էլ ենք ազատ, բայց չենք կարող այդ ազատությունն ուրիշների ազատության հաշվին անել, չէ՞»:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի արտահայտությանը, որ կախարդական փայտիկ չունենք՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Կախարդական փայտիկ ընդհանրապես կա՞: Եթե մենք ապրենք հեքիաթների աշխարհում, այո, ամեն ինչ լավ կլինի, բայց իրական կյանքը ուրիշ է: Ազնիվ է ասում, որ կախարդական փայտիկ չունենք, մարդը գիտակցում է պրոբլեմների ծավալը»:
Հարցին՝ պորտֆելների փոփոխություն կարո՞ղ լինել՝ նա պատասխանեց, որ լայն ընտրություն կա այդ հարցում. «Եթե սկզբից ճշտվեն այն խնդիրները, նպատակները, քայլերը եւ դրան համապատասխան պորտֆելների նշանակումները լինեն՝ ամեն ինչ իր տեղը կընկնի: Կա 20 օր ժամանակ, հենց դրա համար է տրվում այդ ժամանակը, որ այդ նպատակներին համապատասխան կազմ ընտրվի»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ այսինքն, հնարավոր է փոխվե՞ն ձեր պորտֆելները՝ նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, ոչ մի բան քաղաքականության մեջ բացառել չի կարելի»:
Մեր հարցին՝ Դուք համապատասխան կադրեր ունե՞ք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք բազմաթիվ կադրեր ունենք՝ ամբողջ կաբինետի համար ունենք կադրեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ