Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ սեպտեմբերի 16-ին քննվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության:
Կարո Եղնուկյանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով եւ «բրավո» վանկարկումներով: Դատական նիստի ընթացքում Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ չորս տիպի գործողություններ են մեղսագրվել իր պաշտպանյալին` որ ձգտել է պահպանել ռադիոկապ, որ տեղեկատվություն է տարածել, թե տեխնիկան շարժվում է այդ ուղղությամբ եւ այդպիսով կասեցրել է իրավապահների գործողությունները, որ միջոցառումներ է ձեռնարկել՝ Ազատության հրապարակից տեղափոխվելու Խորենացի փողոց, որ ապատեղեկատվություն է տարածել, թե տրամադրված սնունդի հետեւանքով «Սասնա ծռեր» խմբավորման անդամները թունավորվել են. «Մեղադրանքը շինծու է եւ արհեստական: Նախ եւ առաջ Կարո Եղնուկյանը նման բան չի իրականացրել, եւ չկա որեւէ նյութ, որ կհաստատեր դա»:
Տիգրան Հայրապետյանը նշեց, որ անգամ, եթե Կարո Եղնուկյանը կատարած լիներ վերոնշյալ արարքները, ապա դրանք քրեական հետապնդում չեն նախատեսում. որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նման արարքների համար կարող է մեղադրանք առաջադրել: Նա ընդգծեց, որ Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքները չեն առաջադրվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց բողոքի դեմ. կեղծիք հնարավոր չէր կատարվել: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից ոմանց առաջադրվել է 218, 219 հոդվածներով մեղադրանք: Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ