ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին դուր չի եկել նոր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկ կառավարության նիստում պահվածքը Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս առնչությամբ հարցին ի պատասխան նա ասաց, որ իրենք պաշտպանել են նոր վարչապետի նշանակումը եւ լիահույս է, որ փոփոխություններ կկատարվեն տնտեսությունում. «Սակայն նախորդ փորձերը նկատի ունենալով՝ կարծում եմ, այդ ամենը պետք է կատարվի կոնկրետ քայլերի միջոցով եւ զերծ պետք է մնանք շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճ կյանք կարող են ունենալ: Հավատալը, գիտեք, դա այն տեղը չի, որտեղ վարչապետը պետք է հավատար կամ չհավատար, պետք է ստուգեր: Եթե մի բան կա, տեսնում ես դրա հավատալը ո՞րն է, չկա՝ առավել եւս: Սա հավատափորձության տեղը չի: Կոնկրետ կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պետք է կատարվեն»:
Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, շոո՞ւ էր դա՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Վարչապետը նոր է: Կարծում եմ, պետք է առավելագույնս ծանոթանա բոլոր ոլորտներին: Հավատի միջոցով քննարկումներ կատարելը, կարծում եմ, ճիշտ ճանապարհը չի: Մենք վստահ ենք, որ Արծվիկ Մինասյանը գիտի համակարգը, եթե վարչապետը վստահ չի, որ նա գիտի, թող համոզվի»:
Հարցին՝ այսինքն, ձեզ դուր չի եկել վարչապետի՝ Ձեր կուսակցին նկատողություն անելը՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես զերծ կմնայի իր փոխարեն այդպիսի բառապաշար օգտագործելուց: Ես ուրախ եմ, որ վարչապետը որպես ինքնուրույն, անկախ իր տեղն է արձանագրում այս համակարգի մեջ, ես դա քաջալերում եմ, որովհետեւ մեզ պետք է ազատվել միանձնյա ղեկավարումից: Պետք է, որ վարչապետն ունենա իր դեմքը, դրանից կշահի երկիրը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Կարեն Կարապետյանն այնպիսի պայմաններ ստեղծի, այնպիսի պահանջկոտություն ցուցաբերի ՀՅԴ նախարարների նկատմամբ, որ դուք ինքնակամ վայր դնեք մանդատները՝ նա պատասխանեց. «Մենք պահանջկոտությունից չենք վախենում, մենք դա քաջալերում ենք, բայց ուզում ենք, որ դա տեղի ունենա անընդհատ: Եթե վարչապետը պահանջկոտ է, դա միայն ողջունելի է: Մենք մեր նախարարներին չենք ասում, որ դուք պաշտպանված եք, որովհետեւ ՀՅԴ-ական եք, ոչ, պաշտպանված են իրենց գործով, պրոֆեսիոնալ կարողություններով: Սուբյեկտիվ մասը մեզ չի հետաքրքրում, թե ով ում է դուր գալիս կամ դուր չի գալիս: Դրանք բոլորը լուծվող եւ երկրորդական խնդիրներ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ