Լրահոս
Օրվա լրահոսը

Գենդերային կրթություն. պարտադրված, վտանգավոր ծրագի՞ր, թե՞ գենդերազգայուն ապագայի տեսլական

Սեպտեմբեր 16,2016 12:38

Կառավարության կողմից ամրագրված երկու ծրագրերին ի հեճուկս, այսօր հայաստանյան կրթական համակարգում առկա գենդերային խնդիրները հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ ոչ միշտ է թղթային Հայաստանը համապատասխանում իրական Հայաստանին։

Դեռևս 2011 թվականին Հայաստանի Կառավարության կողմից հաստատված «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը» սահմանում է կանանց և տղամարդկանց նկատմամբ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, իսկ արդեն 2011-ին հաստատված «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի» հիմնական նպատակն է նպաստել գենդերային բռնության կրճատմանը Հայաստանի Հանրապետությունում: Հենց այս երկու ծրագրերում կարմիրով եզրագծվում է կրթության հարցը՝ համարելով այն գենդերային սոցիալականացման հարցում կարևոր դերակատարում ունեցող։

Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի «Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը կրթության ոլորտում» ենթահատվածում դրված խնդիրներից առաջնահերթը գենդերային բաղադրիչի ներառումն է կրթության և գիտության պետական քաղաքականության մեջ, այնուհետև պահանջվում է ստեղծել ուսումնամեթոդական հիմք` գենդերային գիտելիքների հիմունքների դասավանդման համար, ներդնել գենդերային գիտելիքների հաղորդման բաղադրիչ /մոդուլ/ մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացներում, ներդնել ուսումնական գրականության գենդերային փորձաքննության անցկացման չափանիշներ, խթանել գենդերային գիտական հետազոտությունների անցկացումը։

Ծրագրի իրականացման մասին արված հետազոտություններն ու մասնագետների կարծիքները փաստում են, որ չնայած այս ծրագրերում առկա թերություններին, այնուամենայնիվ դրանցում եղել են դրական ու կարևոր միջոցառումներ, մինչդեռ թե որքանով են այդ միջոցառումներն իրականացել, հարցի մյուս կողմն է։

Ազգագրագետ, կրթության ոլորտի անկախ հետազոտող Ռուզաննա Ծատուրյանն ասում է, որ այս ծրագրերը Հայաստանում ներդրվել են առաջին անգամ ու հիմնական խնդիրը եղել է պարզապես այս ծրագրերն ունենալը։

«Գործողությունների բովանդակությունը հինգ տարվա պլանավորման տեսանկյունից շատ մանրամասն, չափելի ու տեսանելի չէ, դրա համար գործողությունները որոշ իմաստներով կրկնվում են կամ միանման են»,-ասում է ազգագրագետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ եթե ցանկանում ենք բռնությունը կանխել, կամ գենդերայնորեն զգայուն միջավայր ապահովել, հարկավոր է տալ այդպիսի կրթություն:

dproc-1

Ըստ Ծատուրյանի՝ այս ծրագրերում կրթության ոլորտը ներառում է նախակրթությունը, հանրակրթությունը, միջին մասնագիտական կրթության օղակները, իսկ  բարձրագույն կրթությունն այդքան էլ արծարծված չէ, քանի որ ինքնավար ակադեմիական միջավայրեր են և իրենք են իրենց բովանդակությունը պայմանավորում։ Հաջորդ հարթությունն ակադեմիական հարթությունն է, գիտության շրջանակը՝ կատարել հետազոտություններ, այնպես անել, որ այս հարցադրումները կրթական բարձր աստիճանում էլ արծարծված լինեն։

«Կրթության համար սահմանված խնդիրները դեռևս չափելի չեն, սակայն այս ծրագրերի ամենակարևոր խնդիրը բյուջեի բացակայությունն է կրթության ոլորտում»,-ասում է Ծատուրյանը՝ հավելելով, որ հիմնականում գրվում է, թե չի պահանջվում լրացուցիչ ֆինանսավորում, մինչդեռ նախատեսում են անել քննարկումներ, կլոր սեղաններ, դասագրքերի փորձաքննություններ և այլն, որոնք անհնար է պատկերացնել առանց կազմակերպչական բավարար միջոցների և ներգրավման,-Ինչպե՞ս կարող է դասագրքերի փորձաքննություն արվել, եթե տվյալ փորձաքննություն իրականացնողի առօրյա լիազորություններից դուրս մի նոր առաջադրանք է, ենթադրում է նոր մասնագիտական խմբի ձևավորում, նոր ժամկետների սահմանում, նոր ֆինանսական միջոցների սահմանում, ինչպե՞ս կարող է նախատեսվել խորհրդակցությունների անցկացում մարզերում, երբ մարզպետարանից հարցնում են, թե ինչպես գնամ այսինչ համայնք»։

Ըստ փորձագետի՝ այս ամենը դառնում է բուտաֆորիկ ինչ որ բան, որը կա ծրագրում դիմացն իհարկե կատարվածի նշանը դրված, սակայն հերթական անգամ նման բաները գալիս են համալրելու թղթային Հայաստանի ամբողջական կերպարը. «երբ մեր կյանքը, իրողությունները դրսևորվում են բացառապես թղթերի իրականության մեջ, ստեղծում ենք փաստաթղթեր, դրանք լրացնում, դրանց մասին տալիս հաշվետվություններ, պերֆորմանսներ անում, սակայն բովանդակությունը դրանից դեռևս չի փոխվում»։

Այնուամենայնիվ, հանրակրթական դպրոցներում 2008-ից ներդրվել է հասարակագիտություն առարկան, որի մեջ թեթևակի  անդրադարձ է կատարվում նաև գենդերային հարցերին: Սակայն որոշ մասնագետների կարծիքով այդ առարկայի դասագրքում տեղ են գտել գենդերային կարծրատիպեր բովանդակող նյութեր և նկարներ։

Դասընթացավար, Կրթության ազգային ինստիտուտի մանկավարժական կադրերի վերապատրաստման և ատեստավորման բաժնի մասնագետ, «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանի կարծիքով, եթե առարկան գնահատվող չէ, ավանդական մոտեցումների դեպքում, դա դառնում է առարկան ավելի մակերեսային դիտարկելու պատճառ:

«Գենդերային հարցերն այնպիսի նուրբ հարցեր են, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրն ունի կարծիք։ Վերաբերմունքի հարց է, ամեն մեկն արծարծում է իր վերաբերմունքն, այլ ոչ թե այն ինչ պետք է լինի։ Հնարավոր է հենց ուսուցիչն ունենա կարծրատիպային մոտեցումներ ու դրանք էլ տարածի։ Մարդկային գործոնը շատ մեծ դեր է խաղում, դրանից էլ կախված է արդյունավետությունը»,-ասում է փորձագետը՝ հավելելով, որ դպրոց մտնող ցանկացած նոր բանի համար ուսուցիչները պետք է անցնեն վերապատրաստում, դառնան այդ գաղափարի կրողն, այնուհետև տարածեն դա։ Ինչ վերաբերում է հենց նույն վերապատրաստումներին, ապա Ալեքսանյանը նշում է, որ հնարավորության սահմաններում արվել են տարբեր հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների աջակցությամբ։

Ռուզաննա Ծատուրյանի կատարած հետազոտությունների համաձայն՝ բոլոր ուսուցիչներն էլ անդրադառնում են այս թեմաներին, սակայն հարցի մյուս կողմն է, թե ինչպես են անդրադառնում։

«Անձնական ընկալումների խնդիր է։ Սակայն խնդիրը պետական կրթական քաղաքականության ոչ բավարար և ոչ պատշաճ կազմակերպվածությունն է, այլ ոչ թե ուսուցիչները։ Ուսուցիչները պետք է ունենան այն բավարար գիտելիքները, որ կարողանան մատուցել առարկան: Մինչդեռ ունենք խնդիրների կարևորությունը չգիտակցելու, բարձիթողի վիճակ, այս հարցադրումներն անկարևոր, օրակարգից դուրս են գտնվում»,-ասում է Ծատուրյանը։

Սակայն ՀՀ Կրթության և գիտության նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը նշում է, որ մշակել են կրթության զարգացման ընդհանուր ծրագիր, որտեղ ոչ միայն գենդերային, այլև ներառականության և արդարության, հավասար հնարավորությունների, ակտիվության վրա շեշտեր են արված և կարմիր թելով անցնում են բոլոր թիրախները։

«Այժմ վերանայվում է հանրակրթության չափորոշիչը և այդ հարցը ևս դրված է, չափորոշիչներում պետք է հստակ նշվեն կանանց և տղամարդկանց հավասարության մասին»,-վստահեցնում է Ստեփանյանը։

Հատկանշական է, որ այս պարագայում էլ գենդեր տերմինի փոխարեն օգտագործվել է կանանց և տղամարդկանց արտահայտությունը։

ԿԳՆ Զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության աշխատակազմի գլխավոր մասնագետ Մարինե Աղաջանյանն էլ ասում է, որ գենդերային կրթությունը նորություն չէ իրենց համար և Հայաստանում վաղուց  իրականացվող քաղաքականություն է։

«Տասը տարի առաջ սկսվել է ուսուցիչների նախապատրաստում, ձեռնարկներ են կազմվել, հանրապետության տարբեր բուհերում կային հատուկ դասընթացներ, այնպես չէ, որ սա նորություն է: Այն ինչ մենք պատկերացնում ենք կա Հայաստանում։ Տարբեր առարկաներում գենդերային կոնցեպտը ներառված է, բացի այդ հասարակագիտություն առարկայում առավել շատ թեմաներ են ներառվել։ Հանրակրթության ոլորտում բավական լուրջ քայլեր ենք կատարել գենդերային կրթությանը միտված, այս հարցում մեզ հասարակական կազմակերպություններն էլ են շատ օգնում»,-վստահեցնում է Աղաջանյանը:

Մինչդեռ դեռևս երկու տարի առաջ 2-4-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի, ծրագրի և դրա չափորոշիչի շուրջ ծավալված քննարկումներից հետո ԿԳ նախարարության պահանջով այդ դասագրքից հանվեց «գենդեր» բառն ու ծրագրում փոփոխություններ մտցվեցին:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության նախաձեռնությամբ և Միացյալ ազգերի կազմակերպության աջակցությամբ 2015-ին կատարված «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի եվ ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ազգային ծրագրի իրականացման գնահատման զեկույց»-ում ասվում է. «ռազմավարական ծրագրի նշված խնդիրները, դրանց հաջորդականությունը կարելի է փաստել, որ դրանք համապատասխանում են պետության գենդերային քաղաքականության ընդհանուր նպատակներին»

Զեկույցը փաստում է, որ տարեկան պլաններում ներկայացված վերջնարդյունքները հիմնականում ապահովվել են, արդյունավետ է եղել սոցիալական գործընկերության շրջանակներում հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացված աշխատանքը:

Սակայն մի շարք ծրագրեր այդպես էլ չեն իրականացվել, այդ թվում նաև CEDAW կոմիտեի այն հանձնարարականը, որի համաձայն պետության վարած քաղաքականությունը պետք է խրախուսի կանանց՝ որպես հետազոտողների թիվը դոկտորանտուրայում, գիտական հաստատությունների բարձր աստիճաններում, հատկապես՝ գիտական ոլորտում և կրթական համակարգի բոլոր մակարդակների որոշուﬓեր կայացնող պաշտոններում ավելացնելու համար:

«2012/2013 ուսումնական տարում աղջիկները բուհերի շրջանավարտների թվում կազմել են 55%50: 2012 թ. ասպիրանտուրայում սովորել է 1104 մարդ, նրանցից 463-ը` կանայք (42%), որոնցից անվճար համակարգում` 1079-ը, նրանցից 450-ը` կանայք (42%): Սակայն ատենախոսությունը պաշտպանել է 203 մարդ, որոնցից 22 կին (19%): Դոկտորանտուրայում սովորել է 51 մարդ, նրանցից 12 կին (24%)»,-ասվում է զեկույցում:

Բացի այդ չի իրագործվել նաև ուսումնական գրականության գենդերային փորձաքննության անցկացման չափանիշների ներդրումը, թեպետ որոշ դասագրքեր գենդերային փորձաքննության են ենթարկվել և չափանիշների մշակման ուղղությամբ աշխատանք է տարվել: Գենդերային թեմատիկայով գիտական հետազոտությունների անցկացման ուղղությամբ նույնպես պլանավորված և համակարգված աշխատանքներ չեն տարվել:

Զեկույցում ասվում է, որ լուծված չէ կրթության ոլորտում ղեկավարմանը և որոշումների ընդունման գործընթացին կանանց լիարժեք մասնակցության խնդիրը: Պետական բուհերի ռեկտորների և պրոռեկտորների պաշտոններում կանայք կազմում են ընդամենը 15%, դեկանների`20%, ամբիոնների վարիչների` 26%: Բուհերի գիտական խորհուրդների կազմում կանայք կազմում են 38%-ը:

Թեպետ Երևանի պետական համալսարանում Գենդերային և առաջնորդության ուսումնասիրությունների կենտրոնը խթանեց գենդերային հետազոտությունների իրականացման ներառմանը բուհական համակարգում, սակայն այն կայուն չէ, քանի որ վտանգ կա, որ դրամաշնորհային ծրագրերի ավարտից հետո կենտրոնի գործունեությունը կնվազի:

Հատկանշական է, որ նույնիսկ «գենդեր» տերմինը պետականորեն այնքան էլ չի խրախուսվում, տարբեր պաշտոնյաներ բազմիցս շեշտել են, որ հարկավոր չէ օգտագործել այդ տերմինը, այս ֆոնին դժվար է պատկերացնել, որ թղթին գրված փաստաթղթերը կարող են լիովին իրականություն դառնալ։

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930