Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ուզում ենք փոփոխություններ… «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 16,2016 12:27

Ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է: Ճիշտ է, մեր երկրի տնտեսական վիճակն ու ընդհանուր իրավիճակը նկատի ունենալով, նույնիսկ գերլավ սկիզբը գործի ոչ թե կեսը, այլ անգամ 10 տոկոսը չես համարձակվի համարել, բայց, ամեն դեպքում, վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը բավական լավ է մեկնարկել:

Ի դեպ, Կարեն Կարապետյանը պաշտոնն ստանձնելուց հետո երեկ առաջին անգամ վարեց կառավարության նիստը: Նկատենք. յուրահատկություններից մեկն էլ այն է, որ Կ.Կարապետյանը, այսպես ասենք, «ոչ իր» կառավարության կազմով էր նիստն անցկացնում: Արդեն իսկ պարզորոշ նշվել է, որ կառավարության կազմում լինելու են նկատելի փոփոխություններ, թեպետ որոշ նախարարներ կպահպանեն ներկայումս զբաղեցրած պաշտոնը: Եվ չնայած, բացի վարչապետից, կառավարության երեկվա նիստի մասնակիցները ժամանակավոր պաշտոնակատարներ էին, դա չխանգարեց, որ Կարեն Կարապետյանը մի քանի կոնկրետ հանձնարարականներ տա:

«Առաջին. շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա:
Բայց այս պահին ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին տալ հանձնարարական. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։

Երկրորդ. հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր եւ միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում եւ գործունեության թափանցիկության ապահովում:
Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որեւիցե ձեւակերպում, որեւիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը:

Երրորդ. սոցիալական մասով. առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։

Խոսքն ինչին է վերաբերում. մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձեւակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսավարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»:

Դե ինչ, սակագների, մասնավորապես գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման օբյեկտիվ նախադրյալներ արդեն իսկ կային: Նկատի ունենք այն, որ Հայաստան մատակարարվող գազի գինն այս ընթացքում որոշակիորեն նվազել է:
Եվ երկրորդ՝ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո որոշակիորեն կրճատվել են նախկինում տեղ գտնող անտրամաբանական կորուստները, ինչը եւս սակագնի՝ դեպի նվազեցում վերանայման իրական հիմք է տալիս:

Փոքր ինչ մտահոգություն է առաջացնում «ի հաշիվ այլ սպառողների» սակագնի վերանայման վերաբերյալ պահանջը, որովհետեւ ամենեւին այնպես չէ, որ եթե այս կամ այն մարդը, ընտանիքը պաշտոնապես անապահով չի ճանաչվել, ուրեմն գործող սակագների պատճառով, կներեք, չի ճռռում:
Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930