Մեր զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ է
–Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն–ԱԺ հարցուպատասխանի շրջանակներում առաջին անգամ ներկայացավ հանրությանը նոր կարգավիճակով, եւ առաջին բանը, որի վրա ուշադրություն դարձրեց հայրենի մամուլը, այն է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չշնորհավորեց նորանշանակ վարչապետին։ Արդյոք սրանից հետեւո՞ւմ է, որ Հանրապետականը խնդիր ունի Կ.Կարապետյանի հետ՝ «յուրային» չէ ձեզ համար։
-Կարծում եմ, ավելի լուրջ հարցեր կան, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել, քան բանսարկություններին համարժեք այդ խոսակցությունները։ Ինչի՞ մասին է խոսքը. առաջին անգամ չէ, որ մեր պատգամավորները պիտի տեսնեին Կ.Կարապետյանին, որպեսզի շնորհավորեին կամ չշնորհավորեին։ Մինչ այդ եղել էր ՀՀԿ խորհրդի նիստը, եւ բոլորը արդեն առիթ ունեցել էին շնորհավորելու նրան վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։
Եվ ի վերջո, շնորհավորելը քաղաքական կատեգորիա չէ՝ շնորհավորել-չշնորհավորելով չի որոշվում քաղաքական մեծամասնության վարքագիծը եւ վերաբերմունքը գործադիրի նկատմամբ։ Վարչապետը նշանակվել է նախագահի հրամանագրով, նրա սահմանադրական լիազորությունների շրջանակում, եւ Ազգային ժողովի մեծամասնությունը պետք է սատարի վարչապետին ու կառավարությանը։
Կարդացեք նաև
-«Չար լեզուներն» ասում են՝ Հանրապետականում կա Հովիկ Աբրահամյանին հավատարիմների մի թեւ, որը իբր պատրաստվում է տորպեդահարել նոր կառավարության նախաձեռնությունները։ Նման բան հնարավո՞ր է։
-Հանրապետականը մեծ կուսակցություն է, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ այս կամ այն հարցի, այս կամ այն իրադարձության վերաբերյալ։ Բայց գլոբալ քաղաքականության մեջ չի կարող նման բան լինել, որովհետեւ գլոբալ քաղաքականությունը տվյալ դեպքում Ազգային ժողովի ամբողջական աջակցությունն է կառավարության գործունեությանը։
Դա կերեւա, երբ կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը. եթե Հանրապետական խմբակցությունն իր քվեարկությամբ այլ վերաբերմունք ցուցաբերի Կ.Կարապետյանի կառավարության ծրագրի նկատմամբ, քան ամբողջական սատարումը, նոր միայն իմաստ կունենա անդրադառնալ նմանատիպ խոսակցություններին։
–Պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետն ասաց՝ որեւէ մեկը կախարդական փայտիկ չունի, ժամանակն է ձերբազատվել պատրանքներից, թե կարճաժամկետ հատվածում կարելի է «հեղաշրջել» երկրի տնտեսությունը։ Մինչդեռ նախագահը խոսում էր արագ եւ հանրության համար տեսանելի փոփոխությունների մասին։ Այստեղ հակասություն չե՞ք տեսնում։
-Որեւէ հակասություն չեմ տեսնում։ Ընդհանրապես ցանկացած փոփոխություն՝ պայմանավորված կառավարության գործոնով, խիստ հարաբերական է։ Եթե որեւէ մեկը կարծում է, թե մեկ-երկու ամսում շատ շոշափելի եւ տեսանելի փոփոխություններ են լինելու, իհարկե՝ այդպես չէ։
Բայց որոշակի ժամանակահատվածում դրական ազդակներ, կոնկրետ քայլեր, որոնք կբերեն տեսանելի փոփոխությունների, կարծում եմ, անպայման կլինեն, եւ այդ մոտիվացիայով առաջնորդվելով է նաեւ նախագահը նշանակել վարչապետին՝ առաջադրելով նոր խնդիրներ, նոր պահանջներ։ Վարչապետը հայտարարեց, որ վճռական է տրամադրված՝ պատրաստակամ է աշխատել եւ ձեռքբերումներ արձանագրել։
Կարծում եմ, Կ.Կարապետյանի զուսպ, ինչ-որ տեղ համեստ պահվածքը պայմանավորված է նրանով, որ ավելի լավ է անել ավելին, քան հանրության ակնկալիքն էր, քան հակառակը՝ խոստանալ շատ, անել քիչ, ամպագոռգոռ խոստումներ տալ։ Եվ հետո, էլի եմ ասում՝ ամեն ինչ հարաբերական է. կա շատ, կա ավելի շատ, եւ կա շատից ավելին։
Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում