Այսօր առավոտից աղավնաձորցիները, ինչպես խոստացել էին, փակել են գյուղի դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանը՝ անժամկետ: «Եթե ամսի 1-ին մեզ խոստացան, որ 15 օրվա ընթացքում խնդրին լուծում կտան՝ անցած տարի մթերված խաղողի գումարը վճարելու համար երաշխավոր կգտնեն եւ «Վեդի Ալկոն» կվճարի, չիրականացավ, եւ կարծես մեր ձայնը լսելի չդարձավ կառավարությանը: Հիմա էլ արդարացումը նոր կառավարության ձեւավորումն է: Բայց էդ անտեր բանկերը չեն սպասում նոր կառավարության ձեւավորմանը: Եթե գոնե օգնեին վարկերը որոշ ժամանակով սառեցնեին՝ կհասկանայինք, որ պետությունը գյուղացու կողքին է, փորձում է աջակցել: Բայց սենց ամբողջ խնդիրը թողել են գյուղացիների եւ գործարանների վրա»,- Aravot.am-ին բողոքեցին աղավնաձորցիները, ավելացնելով, որ շուտով դարձյալ մթերման ժամանակն է, ոչ մի ընկերություն դեռեւս պայմանագիր չի կնքել գյուղացիների հետ:
«Անցյալ տարվա գումարը չենք ստացել, այս տարվա բերքն էլ չգիտենք ինչ ենք անելու»,- ասացին ցույցի մասնակիցները:
Մանկապարտեզի տնօրեն Լուսինե Վարդանյաննն էլ նշեց, որ ճիշտ է լսել էր բողոքի ակցիայի մասին, բայց չգիտեր, որ երեխաներին այսօր չեն բերելու մանկապարտեզ: «Ժողովրդի մի մասն էլ մենք ենք կազմում: Ճիշտ է, սա ելք չի, բայց մեր հուսահատ ճիչն է, որ հարցին լուծում տրվի: Շատ տխուր է, որ այսօր մանկապարտեզ եւ դպրոց չի գործում: 64 սան ունեցող մանկապարտեզ այսօր ընդամենը եկել է 4-ամյա Էդգար Նավասարդյանը՝ իր տատիկի հետ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են գյուղապետարանի մոտ: Նրանք հայտնեցին, որ այս խնդրում իր մեղքի բաժինը ունի նաեւ գյուղնախարարը, որ անցյալ տարի ստիպեց, խնդրեց «Վեդի Ալկոյին»՝ մթերել խաղողը եւ այսօր էլ ասում է թող գյուղացիները դատի տան ընկերությանը՝ փոխանակ ելքեր առաջարկի:
Գյուղացիները պատրաստվում են խնդիրը չլուծվելու դեպքում հինգշաբթի օրը բողոքի ցույցը շարունակել Երեւանում, կառավարության շենքի մոտ, ասելով, որ եթե Աղավնաձորը հեռու է եւ համապատասխան պաշտոնյաները չեն կարող գալ ու խնդրին ծանոթանալ, լուծում տալ՝ իրենք կգան Երեւան:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ