Իշխանության տարբեր թևերում գտնվող ցանկացած պետական այր փորձում է հասարակությանը ներկայանալ և ներկայացնել իր պետականամետ լինելը, պետության շահերը գերակա պահելը և նվիրվածությունը պետությանը։
Այս ամենը առավել վառ դրսևորումներ է ունենում բարձրագույն իշխանությունում գտնվողների մոտ։ Նրանք առիթ – անառիթ շեշտադրում են, որ իրենց համար պետության գաղափարից վեհ գաղափար չկա և պատրաստ են նույնիսկ իրենց զոհաբերել, միայն թե պետությունը առաջընթաց ունենա։
Անկախացումից հետո բարձրագույն իշխանությունում գտնվողներից շատերը պաշտոնանկ լինելուց հետո կամ հրաժարականի պահանջից հետո մոռացության են տվել իրենց խոստումները և ամբողջովին իրենց դրել են խաղից դուրս վիճակում։
Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը։ Թե ինչ վիճակում է ժողովուրդը՝ պարզաբանման կարիք չի զգացվում։
Կարդացեք նաև
Սակայն հետադարձ հայացք գցելով անցած տարիներին և բարձրագույն իշխանության կողմից բարեկեցության ապահովման խոստումներին, նկատելի է, որ ամեն ինչ արվել է տվյալ պահին տպավորություն թողնելու և աթոռը պինդ պահելու նպատակով։
Աթոռից հեռանալուց հետո դժվար է հիշատակել մի դեպք կամ հանրապետական նշանակության արարողություն, երբ պաշտոնաթող ՀՀ նախագահները կամ վարչապետները նպատակահարմար են գտել մասնակցելու այդ տոնին։
Նրանք պարզապես սիրտ չեն ունեցել այդ տոնի օրը նույնիսկ Հայաստանում գտնվել։
Այսքանից հետո դժվար է գտնել պաշտոնաթող իշխանավոր պետականամետ մտածողությամբ։
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ