Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք փորձից կռահեք, թե ով էր այդ տարիներին գլխավորում «Հայռուսգազարդը. «Հայկական ժամանակ» 

Սեպտեմբեր 16,2016 11:30

«Առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. Էներգետիկայի ու բնական պաշարների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչին է վերաբերում, մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական։ Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձեւակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը։

Շատ հոյակապ առաջարկ է։ Գազն ու էլեկտրաէներգիան Հայաստանում շատ թանկ են, համեմատած բնակչության եկամուտների հետ։ Բայց ո՞րն է դրա պատճառը։ ՀՀ սահմանին գազի 1000 խորանարդ մետրը արժե 150 դոլար, բայց բնակչությանն այն վաճառվում է երկու անգամ թանկ։ Այսինքն, մենք մեր օգտագործած գազի դիմաց վճարում ենք մի գին, որի կեսը գազի ինքնարժեքն է, մյուս կեսը, պատկերավոր ասած, այդ գազը մինչեւ մեր բնակարան հասնելու արժեքն է։ Եվ դա շատ է՝ շատ շատ։

Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով։ Որովհետեւ ժամանակին «Հայռուսգազարդը» (ներկայումս «Գազպրոմ Արմենիան») որոշեց, որ Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենագազաֆիկացված երկիրը ու սկսեց թանկուկրակ ցանց կառուցել։ Գազ էր հասցվում հեռավոր, շատ քիչ բնակչություն ունեցող գյուղեր։ Տեսականորեն դա շատ լավ է, գործնականում՝ խիստ անարդյունավետ։ Դեպի հեռավոր գյուղեր խողովակաշարեր կառուցելու ծախսերը ամենեւին էլ չեն մնացել «Հայռուսգազարդի» վրա։ Այդ ծախսերը մինչեւ վերջին լուման ներառվել են գազի սակագնի մեջ եւ այդ ծախսը «քաշել» ենք մենք՝ սպառողներս։

Ու այսպիսի անարդյունավետ մենեջմենտի արդյունքում գազի սակագինը այնքան է բարձրացել, որ վերը նշված գյուղերի բնակիչները, ունենալով գազ, ձմռանը փայտ ու աթար են վառում։

Ու երեք փորձից կռահեք, թե ով էր այդ տարիներին գլխավորում «Հայռուսգազարդը»։ Ճիշտ է. նույն ինքը՝ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Եղբայր, էդ որ ասում ես հեռավոր գյուղեր, մի հատ կբացատրե՞ս, թե ինչից են դրանք հեռու: Զեյթուն թաղամասն, օրինակ, ինձ համար հեռու չի, իսկ ընկերոջս համար հեռու է: Իր համար էլ Չարբախն է մոտիկ, իսկ ինձ համար՝ հեռու: Իսկ պետության համար, կամ նրա մասին խոսողի համար, չի կարող լինել հեռու կամ մոտիկ: Հասկացա՞ր: Եթե քեզ համար, որ լրագրող ես, կա տարբերություն Հայաստանի այս կամ այն հատվածի վերաբերյալ եւ դու ինչ-որ մասի ասում ես հեռու, հեռավոր, այսինքն՝ պակաս կարեւոր, բա պատկերացրու ինչ կմտածի դրա վերաբերյալ այն մարդը, կազմակերպությունը, որը ըստ գրածիդ ենթատեքստի, մտածում է միայն իր գրպանի մասին: Այ եթե մեզ համար Հայաստանի բոլոր մասերը ունենան հավասար արժեքներ, այն ժամանակ մենք ոչ միայն հող չենք կորցնի, այլեւ չենք հանդուրժի, որ գազը մեր վրա էդքան թանկ նստացնեն: Որովհետեւ այ սենց չնչին թվացող բաներից ա ձեւավորվում մարդու աշխարհընկալումը: Թե չէ ասում ես գազ էր հասցվում հեռավոր, շատ քիչ բնակչություն ունեցող գյուղեր: Հեռուն ո՞րն ա: Կաճաճկուտը Երեւանից հեռու ա ու փոքր, բայց Հայաստան մտնող գազատարին ավելի մոտիկ ա, քան Երեւանը: Հիմա ո՞վ ա ումից հեռու:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930