ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ Մհեր Շահինյանը երեկ ՀՀ փաստաբանների պալատում էր:
Նա անակնկալ ուներ. անակնկալը հեղինակի «Ֆուգա-1» անունով նկարն էր, որը նվիրեց պալատին:
«Երբ նայում ես ժողովրդին, շփվում նրա հետ, ծանոթանում նրան հուզող խնդիրներին, տեսնում ես, թե փաստաբաններն ինչպիսի անուրանալի ծառայություններ են մատուցում: Ես էլ եմ խնդիրներ ունեցել, չեմ ցանկանում դրա մասին խոսել, եւ իմ շնորհակալությունը ցանկանում եմ փաստաբաններից հայտնել այսպես»,- ասաց նա:
Նրա նկարը պատին փակցվելիս հնչեց նաեւ Բախի երաժշտությունը: Նկարչի կարծիքով՝ պալատին իր նկարը նոր շնչառություն, «վազք» կհաղորդի:
Կարդացեք նաև
200-ից ավելի նկարների հեղինակն ասաց, թե նկարել սկսել է 40 տարեկանից. «Ես էլ այս ձեւով փորձեցի իմ մեղքերից ազատվել, մաքրագործվել գույներով»:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կարծիքով՝ քաղաքացիական հասարակության նման քայլերը ուշագրավ են այլ առումով էլ. փաստաբանները հաղորդակից են դառնում իրականության գեղարվեստական արտացոլմանը, գեղեցիկին:
Ռ. Մ.
«Առավոտ»
16.09.2016