Սեպտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» միջազգային երիտասարդական գիտաժողովը: Gitazhoghovi logo, arm
Գիտաժողովի կազմակերպիչն Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումն է` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ու Արցախի պետական համալսարանի աջակցությամբ:
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր, իրավագիտության թեկնածու Ավետիք Հարությունյանի խոսքերով` գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են գիտնականներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից և այլ երկրներից:
Լիագումար նիստին հանդես կգան Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, ի.գ.դ. Օտտո Լուխտենհանդտը (զեկույցի թեման` «Ադրբեջանի «բլիցկրիգը» Արցախի դեմ և միջազգային իրավունքը»), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ամբիոնի վարիչ, փ.գ.դ Ալեքսանդր Մանասյանը (զեկույցի թեմա` «Հակամարտության պատմությունը բանակցային գործընթացներում»), Պոզնանի Անվտանգության բարձրագույն դպրոցի ամբիոնի վարիչ, ք.գ.թ. Զբիգնև Շմուրլոն (զեկույցի թեմա` «Եվրոպայի շրջագծում կամ քաղաքակրթական ուղիների կենտրոնում. Հայաստանի և Արցախի ժամանակակից մարտահրավերները Լեհաստանի բնակիչների գիտակցության մեջ») և Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը (զեկույցի թեմա` «Լեռնային Ղարաբաղում 2016թ. «ապրիլյան էսկալացիայի» որոշ ռազմաքաղաքական արդյունքներ»):
Կարդացեք նաև
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության և հոգեբանության բաժանմունքներում:
Գիտաժողովի մասնակիցները կհրավիրվեն Շուշիում կազմակերպվելիք Արցախէթնոֆեստ «Երկրի համը» միջազգային փառատոնին, ինչպես նաև կայցելեն Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի:
Սեպտեմբերի 17-ին կամփոփվեն գիտաժողովի արդյունքներն ու կհանձնվեն հավաստագրերը, որից հետո հյուրերը կմասնակցեն Արցախյան գինու երրորդ փառատոնին (Հադրութի շրջանի Տողի մելիքական ապարանք):
Սեպտեմբերի 18-ին կկայանա այցելություն Շուշիի Սբ. Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի ու թանգարաններ: