Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնաձորցիներն այսօր փակելու են գյուղի բոլոր հիմնարկները

Սեպտեմբեր 16,2016 10:35

Աղավնաձորցիներն այսօր անժամկետ փակելու են գյուղում գործող բոլոր հիմնարկները՝ գյուղապետարան, մանկապարտեզ, դպրոց, ինչ կա-չկա՝ բացի հիվանդանոցից:
Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի բնակիչներն «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, իրենք նման ծայրահեղ քայլերի են դիմում, որպեսզի կառավարությունը վերջապես տեղից շարժվի ու մի բան մտածի, թե ինչպես պետք է մարվեն գյուղացիների՝ անցյալ տարվա խաղողի մթերման գումարները: Գյուղացիները նաեւ վստահեցրին, որ բոլորը մեկ մարդու նման չեն մասնակցելու առաջիկա ՏԻՄ ընտրություններին. «Տապալելու ենք ընտրությունը, ոնց որ իրենք են տապալում մեր կյանքը»:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը սեպտեմբերի 1-ին, երբ գյուղացիները փակել էին դպրոցը, աղավնաձորցիներին խնդրել էր դադարեցնել բողոքի ցույցը՝ խոստանալով, որ կառավարությունում կբարձրացնի խնդիրը եւ մինչեւ սեպտեմբերի 15-ը հարցին լուծում կգտնի: Սակայն մարզպետի խոստումն, իրենից անկախ, չկատարվեց. օրերս Հովիկ Աբրահամյանը լքեց վարչապետի պաշտոնը, նոր վարչապետ ունենք, ու դեռ պետք է նոր-նոր կառավարություն ձեւավորվի: Մարզպետն այսօր գյուղացիներին հորդորել է սպասել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, բայց աղավնաձորցիները վճռական են տրամադրված. նրանք հետ չեն կանգնում բողոքի ակցիա անելու մտքից, նաեւ պատրաստվում են հաջորդ կառավարության նիստին գալ Երեւան՝ կառավարության շենքի մոտ ցույց անել:

Խաղողագործության ոլորտում խնդիրները շատ են, բայց Աղավնաձորինը յուրահատուկ է. այս կարծիքին է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա դիտարկմամբ՝ հիմա աղավնաձորցիների մոտ խնդիրները սրվել են մի քանի պատճառով, եւ դրանք օբյեկտիվ են:

Ի տարբերություն այլ մարզերի եւ գյուղերի՝ Աղավնաձորում հիմնականում «արենի» տեսակի խաղողն է, իսկ մի տեսակի ապրանքի իրացումը միշտ խնդիր է առաջացնում: Ավագ Հարությունյանի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ Աղավնաձորի այգիներն ամենաշատն էին այս մարզում, ուստի անցյալ դարի 30-ականներին այս այգիների համար կառուցվեց Գետափի գինու գործարանը, որը հետո դարձավ «Վեդի Ալկո»: Աղավնաձորցիների՝ բերքը մթերելու միակ հնարավորությունը հենց այս գործարանն է, իսկ, օրինակ, Արարատյան դաշտավայրի խաղողագործները մի քանի գործարաններում են մթերում խաղողը: Հիմա «Վեդի Ալկոն» ֆինանսական լուրջ խնդրի առաջ է կանգնած. ռեսուրս չունի գյուղացիների պարտքերը մարելու, վարկ ստանալու հնարավորություն էլ չունի, խաղող մթերելու տեղ էլ չունի: Եվ փաստորեն, այս ընկերության գործերը եթե վատանում են, ուրեմն աղավնաձորցիներն անմիջապես տուժում են: Գյուղացիները էլի կսպասեին՝ մինչեւ գործարանի սեփականատիրոջ գործերը լավանային, բայց այլեւս ճար չկա. գյուղացիները հսկայական վարկային բեռի տակ են, իսկ նախորդ կառավարությունն այդպես էլ ոչինչ չձեռնարկեց գյուղացիների այն խնդրանքին, որ գոնե բանկերը սառեցնեն տոկոսները:

Ավագ Հարությունյանի դիտարկմամբ՝ կառավարությունը երկար տարիներ մատը մատին չտվեց, որպեսզի խաղողագործներին աջակցի արհեստավարժ մարկետինգ վարել, տիրապետել նոր տեխնոլոգիաների եւ այլն:

Աղավնաձորը յուրահատուկ է այն իմաստով, որ մշակում է խաղողի «արենի» տեսակը, եւ նաեւ մի տեսակ կտրված վայրում է. սրանք հաշվի առնելով, ինչպես նկատեց Հարությունյանը, կառավարությունը հենց Աղավնաձորի համար պիտի հատուկ ծրագիր մշակեր: «Դիվերսիֆիկացիոն ծրագրեր էին պետք, կառավարությունը պետք է հասկանար, որ գործ ունի ունիկալ սորտի հետ՝ «արենիի»: Պետք է մի քիչ շուկայական հարաբերությունը վերանայեր, խաղողի այս սորտի համար շուկայական հարաբերություններից չի քիչ գնար պլանային հարաբերությունների, պլանային կերպով ռիսկային տարիներին պետք է փորձեր բաշխել բեռը տարբեր գործարանների վրա, որովհետեւ պիտի հասկանար՝ »արենի« սորտից զրկվելով՝ մենք զրկվում ենք մեր կարմիր գինուց»:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա կառավարության հետ Հարությունյանը խնդիրը քննարկել էր, ծրագիր ներկայացրել: Հարությունյանը վստահեցրեց, որ Տիգրան Սարգսյանը հավանել էր ծրագիրը, եւ այն ուր որ է՝ պիտի իրականություն դառնար: Սակայն ստացվեց այն, ինչ միշտ ստացվել է: «Պայմանավորվել էինք, այդ կառավարությունն էլ հայթայթեց գումար, որպեսզի Աղավնաձորում հիմնվի պետական գործարան, որը ակցիաները աստիճանաբար կվաճառեր կամ նվիրաբերեր գյուղացիներին, հետո գործարանը կվերածվեր կոոպերատիվի: Գումարը եկավ, բայց վերջին պահին գնաց ուրիշ տարածաշրջան, բաժանվեց ու փոշիացավ»,- ասաց Հարությունյանը: Գործարանն էլ շատ թանկ չէր նստելու պետական բյուջեի վրա, ամեն ինչ հաշվարկված էր՝ ընդամենը 1.5 միլիոն դոլար կարժենար գյուղացիների երջանկությունն ու կառավարության՝ գյուղացիներին մի բանով օգտակար լինելը: Ավագ Հարությունյանի ծրագիրը լավ արդյունք կունենար, եւ այն երկարաժամկետ էֆեկտ կթողներ: Գինեգործն ասաց, որ եթե կառուցվեր գործարանը, բաժնետոմսերը գյուղացիները ձեռք կբերեին խաղող հանձնելու դիմաց, աստիճանաբար գործարանն իրենցը կլիներ եւ կաշխատեր որպես կոոպերատիվ:
Արդյոք նոր կառավարությունը այս ծրագիրը կիրականացնի՞, մեր այս հարցին Հարությունյանը դժվարացավ պատասխանել: Գինեգործն ասաց, որ հիմա աղավնաձորցիներին օգնելը հրատապ խնդիր է. «Հիմա կառավարությունը կարող է մի փոքր պետպատվեր իջեցնել 4-5 գործարանի, ամենքում 100 տոննայի չափով պետպատվեր իջեցնի, գործարանն էլ պարտավորություն կունենա, ոչ թե պարտադրեն գործարարին մթերել բերքը, սա սնանկացման է տանում:

Աղավնաձորցիները մեղք չունեն, պարզապես խնդիրները կուտակվեցին, գործարարները գյուղացիներին հասկանում են, բայց գյուղացիներն էլ գործարարներին պիտի հասկանան, նրանք էլ մեծ վարկերի տակ են, ռուսական շուկան են կորցրել»:

Իսկ աղավնաձորցիներն էլ կառավարությանը հորդորում են «Վեդի Ալկոյին» ձեռք մեկնել, գործարարի վարկերի հարցը լուծել, քանի որ շուտով գյուղում բերքահավաք է լինելու, եւ, փաստորեն, մթերող չեն ունենալու: Բացի այս, աղավնաձորցիները կառավարությանը դիմում են խնդրանքով՝ իրենց գյուղվարկերի ուղղությամբ մի լուծում գտնեն, թե չէ՝ գյուղացիներից շատերը բողոքի ակցիաներից հետո պատրաստվում են յուրահատուկ տեսակի Արենի խաղողի այգիները քանդել, ճամպրուկները հավաքել ու արտագաղթել:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

16.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930