Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ա՝ չի դզվի»

Սեպտեմբեր 16,2016 10:16

Ինձ վրա միշտ ծանր տպավորություն են թողել խոսակցությունները՝ «մեկ ա՝ բան դուրս չի գա», «էս երկիրը երբեք չի դզվելու» եւ այլն: Ինքնին «էս երկիրը», «էս ազգը» բնորոշիչների մեջ կա քաղքենիական անտարբերություն, երբ մարդը միտումնավոր իրեն հեռացնում է ամեն ինչից (արտասահմանում ապրող նախկին հայաստանցիները երբեմն սրտնեղած ասում են՝ «ձեր երկիրը»): Եթե մարդը չի ասում՝ «իմ երկիրը», «ես», «մենք», ուրեմն նա ոչ մի շանս չունի ինքնադրսեւորվելու եւ, անկախ բարեկեցության աստիճանից, ունի անտունի հոգեբանություն:

Առավել ցավալի է, երբ նման բան է մտածում պետական պաշտոնյան: Բարձրաձայն նա, իհարկե, չի տալիս այդ «խեղճացած» գնահատականները եւ ճիշտ բաներ է արտասանում, բայց ենթագիտակցության մեջ նա իր պետությանը վերաբերվում է որպես «էս երկիր», եւ քանի որ դա այդպես է, նա, իր կարծիքով, բոլոր հիմքերն ունի «էս երկրից» քամելու այն, ինչ իրեն պետք է՝ ստամոքսը լցնելու համար:

Իսկ ամենաողբերգական իրավիճակն այն է, երբ մարդիկ գալիս են պետական համակարգ լավագույն մտադրություններով եւ հետո, համակարգի արատների ազդեցության տակ, կամաց-կամաց այլասերվում են եւ, մտքում ասելով, «մեկ ա՝ բան դուրս չի գա», հայտնվում են, այսպես ասած, «ազատ անկման» վիճակում: 1990 թվականին իշխանության եկածներից շատերի ճակատագիրն ի՞նչ է, եթե ոչ՝ ազատ անկում: Հիմա էլ պետական համակարգում կան հասարակության համար ոչ վերջնականապես կորած մարդիկ, բայց նրանց ամենօրյա հիասթափությանը զուգահեռ ավելանում է քաղքենիական մտայնությունը՝ «լավ, գոնե իմ հարցերը լուծեմ»:

Հիմա նոր կառավարության հետ կապված նույնպես լսվում են ձայներ՝ «մեկ ա՝ բան չի ստացվի»: Կարող է, իհարկե, եւ չստացվել՝ նախորդ վարչապետները նույնպես խոստացել են քչացնել ստվերը, պայքարել մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ, բայց չի ստացվել: Ոչ մի երաշխիք չկա, որ այս մի փորձը հաջող կլինի: Բայց երբ սկսվում է «էս երկիրը չդզվելու» մասին փնթփնթոցը, իմ մեջ համոզմունք է առաջանում, որ այդ նվնվացողները չեն էլ ուզում, որ մի բան ստացվի, որովհետեւ այդ դեպքում կսասանվի աններդաշնակության վրա հիմնված իրենց ներաշխարհը:

Ոչ մի վարչապետ, ոչ մի նախագահ եւ ոչ մի նախարար մեզ չի կերակրի, մեզ համար աշխատատեղ չի ստեղծի, առավել եւս՝ մեզ չի երջանկացնի: Ոչ մի բան իսկապես «չի դզվի», եթե դու հոգու խորքում, ենթագիտակցական մակարդակով չես ուզում, որ «դզվի»: «Եվ ոչ միայն այսքանը. այլեւ պարծենում ենք մեր նեղությունների մեջ եւս, քանզի գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս» (Հռոմ. 5):

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Առավել ցավալի է, երբ նման բան է մտածում պետական պաշտոնյան:(Հատված հոդվածից)
    Ավելի “ցավալի” բան էլ եմ լսել: Ընկերս ամուսնացել էր, ինձ տեսնելուց հայտարարեց`, “արա ախպեր, պսակվել եմ, բայց էտ ինձի չի դըզում”: Մնացած ամեն ինչում համաձայն եմ հեղինակի հետ`փնթփնթացողներն են ամենամեղավորները: Էնքան պտի փնթփնթան, որ վերջը Սաշիկը բռնի Լիցկայի ձեռքն ու գնա երկրից: Դե թողեք մարդիկ աշխատեն`բավական է, էլի:

  2. Մարատ says:

    Ախպեր ջան, ես շատ կուզեմ, որ դզվի,բայց դերակատարները նույնն են։Դու մտածում ես, որ ասենք մի 6 ամիս հետո օրեքի հանդեպ պետք է բոլորը հավասար լինեն, բոլորը ՀԴՄ կտրոն կտան,ընտրությունները ասեմ․․․ կամ դու մեր պետության պրոբլեմները ինձնից լավ գիտես։ Մեր երկրին խիստ ,անկախ,բարի ,բնավորությամբ ուժեղ մարդա պետք։ Մեր վարչապետը անկախ հաստատ չի։ Բայց ես հավատում եմ ,որ մի օր ամեն ինչ կդզվի։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930