«Արեւի տակ» իրենց տաքուկ տեղն ունենալու համար սերտել են
ամենակարեւոր դասը
Հայաստանի հասարակությունը ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունից տեղեկացավ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կազատվի իր պաշտոնից եւ ամենայն հավանականությամբ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. գործակալությանը սեպտեմբերի 11-ին հայտնել էր ՌԴ կառավարության աղբյուրը:
ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ ասել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին` Երեւանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որն անցկացվելու է նախագահների մակարդակով: Բորդյուժայի խոսքով` նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է նշանակվելու:
Հոկտեմբերի 14-ին Երեւանում կկայանա ՀԱՊԿ երկրների խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. այս տեղեկությունն էլ հայտնեց օրերս ռուսաստանյան novostink.ru-ն` նշելով, թե նիստն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ ՀԱՊԿ քարտուղար կդառնա Հայաստանի ներկայացուցիչը:
Հայաստանի իշխանական վերնախավից ոչ հաստատում, ոչ հերքում են Սեյրան Օհանյանի` պաշտոնից հեռանալու հավանականությունը: 1in.am-ին ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ եւ այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն եւ երկրի համար նման կարեւոր` կառավարության ձեւավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից եւ ակնարկներից»:
Կարդացեք նաև
«Ինտերֆաքս» գործակալությունը մեկ այլ ուշագրավ տեղեկություն էլ է հաղորդել Հայաստանի ԱԳ նախարարի փոփոխության մասին: Կրկին հղում անելով Հայաստանի կառավարության իր աղբյուրին՝ ռուսաստանյան լրատվամիջոցը գրել է, որ Էդվարդ Նալբանդյանին կփոխարինի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 13-ի հրամանագրով՝ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ: Կ. Կարապետյանը 2001-2010թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրենը, 2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել էր Երեւան քաղաքի ավագանու անդամ, 2010-2011թթ. եղել է Երեւանի քաղաքապետ, 2011-2016թթ. «Գազպրոմբանկ» ընկերության առաջին փոխնախագահ, իսկ 2013-ից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» խորհրդի անդամ:
Թվում էր, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը վերջին բանն էր, որ կարելի էր անել Հայաստանի զարգացման հեռանկարների վրա վերջնականապես խաչ քաշելու իմաստով: Բայց հիմա, արդեն առանց ավելորդ սեթեւեթանքների, ռուսները Հայաստանում պաշտոնյաներ են հեռացնում-նշանակում, այլեւս ոչ ոք ոչինչ չի էլ թաքցնում:
Հայաստանը, կարծես, հաստատուն քայլերով հայ-ռուսական համատեղ ՓԲԸ-ի է վերածվում: Հայաստան վարչապետ է գործուղվում ռուսական գազային մոնոպոլի խորհրդանիշներից մեկի` «Գազպրոմի» աշխատակիցը: Այս փաստն արդեն իսկ բավարար է՝ հասկանալու համար, թե ինչպես է Հայաստանն ընկալվելու այսուհետ միջազգային հանրության կողմից:
Պաշտպանության, արտաքին գործերի նախարարների փոխել-չփոխելու հարցը ռուսաստանյան իշխանական գործակալությունների լրահոսում է, եւ վստահաբար հայաստանյան քաղաքական դաշտի համար դա հավաստի սկզբնաղբյուր է:
Իսկ Հայաստանում մենք արդեն ընտելանում ենք լսել ելույթներ այն մասին, որ Հայաստանում քաղաքական ուժերը պետք է «հայամետ» ու «հայաստանակենտրոն» լինեն… Բայց իշխանափոխության ձգտող ու իշխանության հավակնող ուժերը հարթակը չեն օգտագործում որպես առաջնահերթություն` ռուսական ազդեցությունից ազատվելու հարցը առաջ քաշելու:
Մի պահ մոդայիկ էր` «մեր մեծ եղբայր Ռուսաստանը», «ռուսը չլինի` կորած ենք», «առանց ռուսի ոտատակ կլինենք» այս եւ այլ արտահայտություններ, սակայն հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ Ռուսաստանի նկատմամբ հասարակական մեծ հիասթափությունը Հայաստանում, այժմ «ճարպիկ» լուծումներ են առաջարկվում` «ոչ-ոչ»-ի քաղաքականության կողմնակիցներն են սնկի նման աճում, Ռուսաստանի կողմից Հայաստանի զավթումը դրվում է նույն նժարին` Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ համագործակցության հետ:
Սա իսկական փակուղի է, Հայաստանի զարգացումն արգելափակելու, դրա հեռանկարներից զրկելու հստակ քաղաքականություն, Հայաստանը տարածաշրջանի բորոտ դարձնելու կոնկրետ ծրագիր է, որովհետեւ Հայաստանում քաղաքական ուժերի գերակշիռ մասն «արեւի տակ» իրենց տաքուկ տեղն ունենալու համար սերտել են իրենց համար ամենակարեւոր դասը` չբարձրացնել Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից ազատելու հարց, չխոսել Հայաստան-Ռուսաստան հավասար, պարկեշտ հարաբերություններ կառուցելու հրամայականի մասին, չարտաբերել Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին, այն է` համակերպվել Հայաստանի պետականության կորստի հետ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 15.09.2016