Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացահայտումներ՝ ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների արտահոսքի վերաբերյալ

Սեպտեմբեր 16,2016 15:00

Այդ տվյալները ՀՀ ԱԱԾ-ի՞ց են գողացել,
թե՞ ռուս իրավապահներին տրվել է հասանելիություն

ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների՝ համացանցում հրապարակման հետ կապված արտահոսքի առումով որոշ բացահայտումներ են եղել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին YouTube-ի video poez ալիքում հրապարակված տեսանյութում ներկայացվում են ԱՄՆ դեսպանատան հինգ աշխատակիցների անձնագրերի սքան-պատճենները: Խնդիրն այն է, որ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության անդամների անձնագրային տվյալները, այն էլ՝ հենց սքան արված անձնագրերը, չեն կարող հասանելի լինել բաց ռեժիմով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը «Առավոտի» հետ զրույցում փոխանցեց որոշ ուշագրավ տեղեկություններ, թե ինչպես կարող էր այդ արտահոսքը տեղի ունեցած լինել: Նա առանձնացրեց երկու հանգամանք. «Առաջինն այն է, թե ով ունի այդ դիվանագետների անձնագրերի սքանները: Այստեղ պետք է արձանագրենք, որ դրանք ունեն ամերիկյան պետական մարմինները եւ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը՝ սեկտ համակարգում, որտեղ բեռնվում են սահմանային անցակետերում անձնագրերի սքանավորման տվյալները»:

Դանիել Իոննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սովորաբար սքանավորում են անձնագրերի բացված երկու էջերը, այնինչ երբ անձնագրի սքան են անում սահմանային անցակետում բայազեթ համակարգով, սքանավորվում է անձնագրի միայն մեկ էջը. «ԱՄՆ դիվանագետների՝ համացանցում հրապարակված անձնագրային տվյալները հենց այդ նույն սքանավորմամբ էին: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այս սքանները ՀՀ սահմանին՝ հավանաբար, «Զվարթնոցում» էին արված, ու այս տեղեկության արտահոսքը եղել է ԱԱԾ-ից: Ամբողջ հարցն այն է, թե սա Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է փոխանցել ինչ-որ ռուսական անհեթեթ քարոզիչների, թե՞ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը, որը, ինչպես գիտենք, եւս ներգրավված է ՀՀ սահմանապահ առաքելության մեջ՝ Մեղրիի անցակետում, «Զվարթնոցում», միգուցե հասանելություն ունի այս համակարգերին՝ բայազեթին, սեկտին եւ այլն»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն ԱԱԾ-ին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ռուսական կողմն ունի՞ հասանելիություն սքանավորված անձնագրերին, թե՞ ոչ: Օրենքով սահմանված կարգով պատասխանի ժամկետը սպառվում էր սեպտեմբերի 12-13-ին, սակայն դեռ պատասխան չեն ստացել: Ըստ Դանիել Իոննիսյանի՝ այդ դեպքում կասկածից վեր է, որ սա ուղղակի ռուսներն են փոխանցել իրենց քարոզիչներին. «Եթե ոչ՝ այդ դեպքում արդեն կարելի է ենթադրել, որ կամ այդ տեղեկությունները գողացվել են ԱԱԾ-ից, ինչը խոսում է այն մասին, որ ԱԱԾ-ն լավ չի աշխատում, կամ արտահոսք է եղել: Երկու դեպքում էլ վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ն լուրջ խնդիրներ ունի»:
Դանիել Իոննիսյանը հակված չէ կարծելու, որ ԱԱԾ-ից այդ տվյալները գողացել են. «Ըստ երեւույթին, ուղղակի վերցրել են, եւ ԱԱԾ-ն ռուսներին հասանելիություն է տվել այդ հարցում»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այս արտահոսքը սադրանք էր համարել: Դառնալով ԱԳՆ-ի հայտարարությանը՝ պարոն Իոննիսյանը զարմանք հայտնեց, թե մի գերատեսչություն քննադատում է մյուսին վատ աշխատանքի համա՞ր:
Դառնալով արտահոսքի հնարավորության թեմային՝ Դանիել Իոննիսյանը նշեց. «Չեմ կարծում, որ ԱԱԾ-ն միտումնավոր ամերիկացի դիվանագետների անձնագրերի սքաններ է տրամադրել անհեթեթ քարոզիչների, պարզապես ԱԱԾ-ն դրանք տրամադրել է Ռուսաստանի իրավապահներին, նրանք էլ փոխանցել են քարոզիչներին, որոնք էլ իրենց գործունեությամբ վնաս են ուզում հասցնել հայ-ամերիկյան հարաբերություններին»:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

15.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930