Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զուգահեռ հասարակությունը սպասում է համաներմանը

Սեպտեմբեր 16,2016 14:30

Հայաստանի ազատազրկման վայրերում երեկվա դրությամբ գտնվում է 3916 անձ: Նրանցից 1253-ը կալանավոր է, 2763-ը՝ տարբեր հանցագործությունների համար դատապարտված անձինք:

Ազատազրկվածներին հետաքրքրում է, մասնավորապես, այն հարցը, թե արդյոք ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրե՞լ է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը, կալանավայրերից հարյուրավոր մարդիկ են զանգում, թե իրենց նկատմամբ արդյոք կկիրառվի՞ այս տարի էլ, քանի որ մոտենում է Հայաստանի Անկախության հռչակման 25-րդ տարին:

Նախորդ երկու օրը ԱԺ պատգամավորներից մի քանիսի հայտարարություններից պարզ դարձավ, որ նման նախագիծ «ԱԺ վարույթում» դեռեւս չկա:

Նկատենք, որ համաներմանը ազատազրկվածների ընտանիքները սպասում էին դեռեւս անցյալ տարվա հունվարից՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների նախաշեմին:

Դատապարտյալների մեջ կային մարդիկ, ովքեր Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներ էին: Սակայն հարցն այդպես էլ մնաց առկախ:
Որքանով հիշում եմ՝ 2001թ.-ին ամենաընդգրկուն համաներման որոշումը եղավ. Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ էր հայտարարվել: Հարյուրավոր մարդկանց նկատմամբ կիրառվեց համաներում, եւ մեր քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվեցին: Կալանավորներն այլեւս «հերթերով» չէին քնում, մի խցում չորսի փոխարեն՝ ամենաշատը վեցը մնացին, ոչ թե տասներկուսը:
Դրան հետեւեց 2011թ.-ին Հայաստանի Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը:

2013թ. Հայաստանի Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ համաներում նույնպես եղավ: Եվ այն խոսակցությունները, թե հինգ տարին մեկ է համաներում անցկացվում, միայն այս օրինակով խոսում է համաներման նպատակահարմարության քաղաքականության մասին:

Համաներման անցկացման հավանականությունը երկու պատճառով մեծ է. նախ՝ Հայաստանի Անկախության հռչակման 25-ամյակը եզակի հնարավորություն է, եւ երկրորդ՝ նոր Սահմանադրությամբ «մաքուր ձեռքերով», թեթեւ սրտով առաջիկա ԱԺ ընտրական գործընթացներին մասնակցելու քաղաքական հայտ:
Համաներման տակ, ըստ շրջանառվող խոսակցությունների, համենայնդեպս, առաջին հերթին կընկնեն նրանք, որոնց նկատմամբ պատիժը պայմանական չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է:

Կան մարդիկ, որոնց նկատմամբ դատարանները նշանակել են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

Նրանք էլ կարող են հանգիստ շունչ քաշել:

Համաներումը տարածվում է առաջնահերթ նաեւ նրանց նկատմամբ, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության համար մասնակցել են մարտական գործողությունների, բռնադատված են, չեն դատապարտվել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: Ցավոք, մեր կալանավայրերը դատապարտյալ եւ կալանավորված ազատամարտիկների պակաս չունի: Ընդհակառակը՝ աճ ունի:
Համաներման որոշման «դասական» հոդվածների մաս է կազմում մինչեւ հինգ տարվա ազատազրկման դատապարտվածներին պատժից ազատելը: Նրանց մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ են, 60 տարին լրացած անձինք:
Չմոռանանք, որ հղի կանայք կարող են լինել եւ կամ մայրեր, որոնց խնամքին մինչեւ երեք տարեկան երեխա կա:

Կլինեն մարդիկ, ովքեր դատվածություն չեն ունենա, համաներումը նրանց կողքով էլ անտարբեր չի անցնի:

Քրեակատարողական հիմնարկներում կան մարդիկ, ովքեր դատապարտվել են մինչեւ հինգ տարվա ազատազրկման, եւ նրանք իրենց պատժի մեկ քառորդն են կրել:
Հիշեցնեմ, որ վերջին համաներմամբ այս հոդվածի տակ ընկան տասնյակ ազատազրկվածներ:

Համաներման որոշումները շատ փխրուն են մինչեւ 18 տարին լրացածների նկատմամբ:
Հնարավոր համաներումը պետք է նաեւ պատասխան տա, թե առհասարակ ո՞ւմ նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի, մինչեւ ո՞ր ժամանակահատվածը կատարված հանցագործությունների մասին կլինի խոսքը: Այստեղ է թաղված շան գլուխը: Չէ՞ որ նախորդ համաներումից անցել է երեք տարի, ուրեմն ինչ. ստացվում է, որ 2013-ից հետո կատարված հանցագործությունների եւ դրանք կատարածների նկատմամբ չի՞ կիրառվի համաներում, թե՞ այն կկիրառվի: Մանավանդ՝ մեր դատարաններում կարծես թե նոր-նոր են ընդունվում քրեական գործեր, որոնց նախաքննությունը ավարտվել է ընդամենը վերջերս, իսկ հանցագործություններն էլ կատարվել են 2013թ.-ից հետո: Կան ձեզ հայտնի գործեր էլ, որոնց նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Համաներման «ոսկե կանոններից» մեկն էլ, այսինքն՝ որոշման հիմնական հոդվածներից մեկն անզգուշորեն կատարված միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների նկատմամբ իրավական մոտեցումն է:
Այս խումբը եւս մաս կկազմի, եթե համաներում լինի:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

15.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930