Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլուն դանակների ժամանակաշրջանը սկսվել ու չի ավարտվում

Սեպտեմբեր 16,2016 14:00

Ռաֆայել Արամյանը պատմվածք ուներ սուր դանակի մասին: Երբ սուր դանակ ես ունենում եւ կորցնում ես, բոլորը ոտուձեռ են ընկնում գտնելու համար: Իսկ երբ հյուրեր են գալիս՝ սեղանին բութ ու փայլուն դանակներ են հայտնվում: Նրանք են ներկայացնում տունը… ահա այսպես է բնութագրել Գագիկ Հախվերդյանն իր ավագ ընկերոջը՝ Վարոս Հովակիմյանին:

Վարոս Հովակիմյան թարգմանչի իմացությունն ու վաստակը երբեք չի գնահատվել: Ու եթե ընկերներն ու բարեկամները այդ իրողությունը ծանր էին տանում, ինքը՝ երբեք: «Էդպես է կյանքը՝ պատվի ու դիրքի հասնում է ոչ թե աշխատողը, այլ աշխատեցնողը»,- պարզաբանում էր նա:

Երկար տարիներ աշխատելով որպես «Հայֆիլմի» կրկնօրինակման բաժնի գլխավոր խմբագիր՝ նա զգալի ավանդ ներդրեց՝ աշխարհի հայտնի ֆիլմաշարերը հայերեն ներկայացնելու, հայաշունչ թարգմանելու գործում: «Անտիպ պոեմներ ու բանաստեղծություններ շատ ունես. որ չես տպագրելու՝ ինչո՞ւ ես գրում»,- հաճախ էին հարցնում: «Եթե կարողանայի չգրել, չէի գրի»,- պատասխանում էր: Ի պատասխան՝ իսկ ե՞րբ ես տպագրելու հարցին, ասում էր՝ երբ դեմոկրատիայի դասընթացը լրիվ սերտենք, կամ էլ ժառանգություն կթողնեմ: Մի մեծ հարստության տեր դարձա…

Ինչպես խաղաղ ու լուռ
հեռացավ, այդպես էլ լռության մատնվեց նրա անունը

Երկու տարի առաջ էր, մեծ դժվարությամբ ստանալով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի համաձայնությունը՝ Արմեն Բուրանյանի սուղ միջոցներով, Անահիտ Արփենի սցենարով սկսեցինք Վարոս Հովակիմյանի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները: «Խոստացել է ֆիլմը դեբյուտային ծրագրով անցկացնել, կօգնի նաեւ տեխնիկայով ու օպերատորներով, նաեւ ընթացիկ ծախսերով»,- Արմենի ոգեւորությունը մեզ էլ փոխանցվեց: Առաջին նկարահանումներն արվեցին Ստեփանավանում՝ հայրենի քաղաքում: Ցավոք՝ դրանք նաեւ վերջինն էին: Մեզ համար պարոն Գեւորգյանը այդպես էլ իր տեխնիկան ու օպերատորական կազմը ժամանակի ու տարածության մեջ չհամատեղեց, խոստումները՝ օդի մեջ, նկարահանման ծախսերն էլ մեր՝ սովորական մահկանացուներիս վրա մնացին:

Ամեն բանավոր
համաձայնության վերջն էլ այդ է

Գրողների միության մասին խոսելն էլ ավելորդ է, բայց չեմ կարող չհրապարակել մի փայլուն միտք՝ «Միությունը իր ողջ մնացածների ձեռքն է կրակն ընկել, հույսեր մի կապեք»,- հետեւեցինք բարի մարդու այս խորհրդին, որ պատմությունը չկրկնվեր: Ու շիտակ ճամփան մեզ կրկին տարավ Լոռու մարզ, իր հայրենի քաղաքը՝ Ստեփանավան: «Վարոս Հովակիմյանը մեր պարծանքն է,- քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մեզ հետ զրույցում շատ զարմացավ, որ մինչ օրս գրական աշխարհում մոռացության են տրված նման մարդու անունն ու գործերը:- Ստեփանավանցիներիս համար դա անթույլատրելի է, այժմ կենտրոնական գրադարանի մասնաշենքը վերանորոգվում է, հարեւանությամբ կտեղադրենք հուշաքար, որ համաքաղաքացիներս, հատկապես մատաղ սերունդը ճանաչի իր հող ու ջրի անվանի թարգմանչին»:

Քաղաքապետի հետ հանդիպումից ամիսներ անցան: Ստեփանավան քաղաքի մի գողտրիկ անկյունում է գրադարանը, որի հարեւանությամբ օրերս տեղադրվեց հուշաքարը: Այն Լոռվա աշխարհի հանդեպ բանաստեղծ-թարգմանչի տածած սիրո խոսուն վկան է, քանդակագործ Մանվել Բզնունու հեղինակային աշխատանքը:

 
ԼԻԼԻԹ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Առավոտ»

15.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930