Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցել ուղեգրերով»

Սեպտեմբեր 16,2016 13:30

Հայաստանի լողորդները, որպես կանոն, օլիմպիական խաղերին մասնակցում են սպիտակ քարտով: «Լողի հայկական դաշնություն» ՀԿ նախագահ Հովսեփ Մեսրոպյանը նպատակ է դրել վերջ տալ այդ «ավանդույթին», որպեսզի արդեն 2020թ. Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայանա ուղեգիր նվաճած լողորդներով:

– Պարոն Հովսեփյան, Ձեր այդ ցանկությունը իրատեսակա՞ն է:

– Միանգամայն: Մենք Ռիոյում էլ կարող էինք վարկանիշով մասնակցել: Օրինակ՝ Վահան Մխիթարյանին վարկանիշային մրցումներում շատ չնչին բան չբավականացրեց ուղեգիր ձեռք բերելու համար: Մենք մեր անելիքներն այսօրվանից արդեն ծրագրել ենք, այնպես որ՝ առաջիկա չորս տարիները կարելի է համարել Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության շրջափուլ:

– Ունե՞նք լողորդներ, որոնց հետ աշխատելով կարելի է ապագայի այդպիսի ծրագրեր կազմել:

– Ունենք: Շատ չեն, բայց կան: Պարզապես անհրաժեշտ է, որպեսզի մարզիչները եւ մարզիկները իրենց գործին մոտենան ավելի պատասխանատվությամբ, իսկ Լողի հայկական դաշնությունը ավելի պահանջկոտ է լինելու բոլորից: Օրերս հաստատեցինք 2016/2017թթ. մեր աշխատանքային պլանները, որտեղ ամեն բան հստակ արձանագրվել է: Կարող եմ ասել, որ զգալիորեն ավելացվել են ուսումնամարզական հավաքները, հանրապետական, միջազգային մրցումներին, Եվրոպայի ու աշխարհի տարբեր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին ու մրցաշարերին մասնակցությունը: Եվ քանի որ մենք հանրապետությունում չունենք մեծ թվով բարձրակարգ կամ պրոֆեսիոնալ լողորդներ, աշխատելու ենք պահպանել մեր հավաքականների անդամներին եւ ավելի մեծ ուշադրություն ու տեղ տալ պատանիներին, որոնց մեջ խոստումնալից մի քանի լողորդներ արդեն կան:

– Հավաքներն ու մրցումների մասնակցության քանակն ավելացնելու համար ֆինանսական լրացուցիչ ներդրումներ են հարկավոր: Լողի հայկական դաշնության տարեկան բյուջեն, եթե չեմ սխալվում, 10 մլն դրամ է:

– Անխոս, ֆինանսները շատ կարեւոր դերակատարություն ունեն: Բայց ես չեմ սիրում տրտնջալ: Եկող տարվա բյուջեն դեռ հաստատված չէ: Վատ չէր լինի, որ այն ավելանար: Բայց եթե ես ստանձնել եմ այս պարտականությունը, ուրեմն պետք է այն կատարեմ լավ: Հակառակ դեպքում կա՛մ չէի գա, կա՛մ կհեռանայի: Իմ համոզմամբ՝ ավելի կարեւոր է եզածը ճիշտ ու նպատակային ծախսելը: Եթե այդպես աշխատեցիր, սուղ միջոցներով կարելի է ավելի լուրջ հաջողությունների հասնել: Բացի այդ՝ մենք ինքներս էլ պետք է աջակցողներ գտնենք: Ես այս նույն պահանջը դրել եմ նաեւ մեր մարզիչների ու մասնագետների առջեւ: Տա Աստված, որ արդյունքները բարձրանան: Այդ ժամանակ գուցե նաեւ ֆինանսավորումն ավելացնելու կոնկրետ առաջարկներով դիմենք ՀԱՕԿ-ին եւ պետությանը:

– Ֆինանսական ներդրումներից առավել շատ հարկավոր է լողավազաններ ունենալ, որտեղ հնարավոր կլինի ջրային մարզաձեւեր զարգացնել:

– Դա շատ լուրջ խնդիր է: Բայց ամեն ինչ անհույս չէ: Այսօր Երեւանում կան մասնավոր լողավազաններ, Գյումրին ու Վանաձորն էլ լողավազան ունեն: Այն, որ ասում էի՝ պետք է աշխատանքները ճիշտ կազմակերպել, աջակիցներ ձեռք բերել, նաեւ այդ լողավազանների հետ համագործակցելը նկատի ունեի: Օրինակ՝ «Գրանդ սպորտը» միջազգային չափանիշների համապատասխանող իր 50 մետրանոց լողավազանը շաբաթվա որոշ օրերի անվճար հիմունքներով մարզվելու համար տրամադրում է մեր հավաքականին, մյուս լողավազանների տնօրենների հետ էլ համագործակցության տարբերակներ ենք գտել եւ ուզում ենք դրանք խորացնել: Ջրային մարզաձեւերը Երեւանից դուրս զարգացնելու նպատակով Հայաստանի առաջնությունները վերջին տարիներին անցկացնում ենք նաեւ Գյումրիում: Վանաձորի հերթն էլ է գալու:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

15.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930