«Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում 2015թ. Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ «Հին ու նոր Երեւան» գրքի շնորհանդեսը, որտեղ ընդգրկված էին մեր ճանաչված կոմպոզիտորներից մինչեւ հեղինակային երգի ժանրում ստեղծագործողների երգերի դաշնամուրային փոխադրումները՝ նվիրված Երեւանին: Կենդանի կատարումներով հանդես եկան Ա. Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական քոլեջի դաշնամուրային բաժնի սաներն ու մանկավարժները: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Լեւոն Մալխասյանը հիացմունքի խոսքեր շռայլեցին գրքի հեղինակի՝ Արուսյակ Կոստանյանի (լուսանկարում) հասցեին, որն իրականացրել է տարբեր ժամանակներում Երեւանին նվիրված երգերի փոխադրումները դաշնամուրի համար՝ Արամ Խաչատրյանից, Առնո Բաբաջանյանից, Ալեքսանդր Դոլուխանյանից, Կոնստանտին Օրբելյանից մինչեւ Մելիք Մավիսակալյան, Ռոբերտ Պետրոսյան, Էդուարդ Բաղդասարյան… ու Ֆորշ:
Մ. Վարդազարյանը մասնավորապես նշեց, որ վերջապես կարելի է հանդիպել մի ձեռնարկի, որում ընդգրկված են տարբեր ժամանակների սիրված երգերի մեղեդիների պարզեցված գրառումներ: Ա. Սաթյանն էլ ասաց, որ Երեւանում ծնված մարդուն այս ժողովածուի լույս աշխարհ գալը մեծ բավականություն է պարգեւում. «Կրկնակի հաճելի է, որ գրքում ընդգրկվել են նաեւ հորս՝ Արամ Սաթունցի եւ հարազատ քաղաքը գովերգող իսկական երեւանցի Առնո Բաբաջանյանի գործերը»: Լ. Մալխասյանի ձեւակերպմամբ՝ «Երեւանն այն վայրն է, որտեղ ուզում ես նվագել, իմպրովիզացիա անել: Այդպես ծնվեց նաեւ կազմողների կողմից այդ գրքում տեղադրված իմ երաժշտությունը, որը հնչում է «Երեւան ջան» ֆիլմում»:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն էլ հայտնեց, թե 21 հեղինակների երգերի դաշնամուրային փոխադրումներով ժողովածուն կարող է լայն տարածում գտնել երաժշտական, արվեստի դպրոցներում, քոլեջներում ու կոնսերվատորիայում:
Կարդացեք նաև
Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ «Հին ու նոր Երեւան» գրքի հեղինակը՝ դաշնակահար Արուսյակ Կոստանյանը, որը շուրջ 35 տարի դասավանդում է երեւանյան երաժշտական դպրոցներում եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, հիմա էլ պատրաստվում է գրքում առկա փոխադրումների CD-ի «փակ» շնորհանդեսին:
Արվեստագետը հաստատելով լուրը՝ նշեց, որ դաշնամուրային փոխադրումները ձայնագրել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, իսկ շնորհանդեսը կկայանա Ազգային օպերային թատրոնում, սեպտեմբերի 26-ին: Բացի ճանաչված դաշնակահարից՝ հրավիրված են նաեւ բալետի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը եւ դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը, որը հանդես կգա համերգավարի դերում: Տիկին Կոստանյանի խոսքով. «Միջոցառմանը հրավիրված են տարբեր ոլորտների դեմքեր՝ շուրջ 200 հոգի, եւ նրանք թատրոն մուտք կգործեն կարմիր գորգի վրայով՝ ծառայողական մուտքի կողքին գտնվող դարպասից, որի աջ եւ ձախ մասերում տեղադրված կլինեն հին ու նոր Երեւանը ներկայացնող վահանակներ: Ընդ որում, ողջ երեկոյի ընթացքում հյուրերը կլինեն ոչ թե հանդիսասրահում, այլ բեմի վրա»: Հավելեց նաեւ, թե այս նախագծի հեղինակը Էռնա Ռեւազովան է: Իսկ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում դասավանդող Արուսյակ Կոստանյանը հավելեց, որ տնօրեն Տիգրան Հեքեքյանի առաջարկով «փակ» միջոցառումը հոկտեմբերին «կտեղափոխվի» դպրոց, եւ ներգրավված կլինեն ոչ միայն սաները, այլեւ դպրոցի մանկավարժները:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
15.09.2016