ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ հիսուներորդ
Կարդացեք նաև
ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հիմա, էս պահին վերստին առավոտ է՝ երկու հազար տասնչորս թվականի ճաճանչափայլ առավոտներից առաջինը, եւ, ինչպես նոր հազարամյակի առաջին մյուս տարիները, էս նոր տարին էլ մենք դիմավորեցինք օրթախականներով ու Օրթախի գլխավորությամբ, ավելի ճիշտ՝ մենք օրթախականներով ոչ թե նոր՝ երկու հազար տասնչորսը դիմավորեցինք, այլ նախորդին՝ երկու հազար տասներեքին ընկերովի հրաժեշտ տվինք, եւ հիմա վստահաբար կարող եմ ասել, որ տասներեքին բավական հաջող ենք հրաժեշտ տվել, բայց մեր էդ հրաժեշտի արարողությունն էս անգամ մանրամասն չեմ նկարագրի, որովհետեւ եթե նկարագրեմ, վեպիս տասնվեցերորդ գրքի մեկին մեկ կրկնությունը կստացվի, որովհետեւ օրթախականների ոչ միայն ամենօրյա սրճարանային հավաքներն են մեկին մեկ իրար նման, այլեւ՝ տարեմուտի էս ամանորյա հավաքները, եւ չնայած մեր էդ ամենօրյա ու ամանորյա հավաքները մեկին մեկ նման են իրար, եւ չնայած ամենից ավելի ձեր խոնարհ ծառան է էդ միօրինակությունից նեղվում ու նեղսրտում, այդուհանդերձ, տարեմուտի մեր էդ ամենամյա հավաքների գլխավոր նախաձեռնողն ինքս եմ, եւ չնայած ինքս եմ մշտապես մեջբերում Արամայիս Սահակյանի հետեւյալ տողերը՝ «Եթե նման էն օրերդ բոլոր,/Կնշանակի՝ ապրել ես մի օր», այդուհանդերձ, ոչ միայն կանոնավոր հաճախորդն եմ օրթախականների սրճարանային ամենօրյա հավաքների, այլեւ էս ամանորյա ու ամենամյա հավաքների հիմնական հրահրողն ու նախաձեռնողն եմ, եւ Արամայիսին ու իր երկտողը վերստին հիշելով՝ հիշեցի նաեւ, որ էս տասներեքին Արամայիսն էլ հրաժեշտ տվեց երկրային էս ամենին, եւ չնայած Արամայիսի էդ սառնասիրտ ու ճշմարտանման երկտողը նաեւ օրթախականներիս ամենօրյա սրճարանային հավաքներին է վերաբերում, մեր էդ տարեմուտի ամենամյա հավաքներին հեչ չի վերաբերում, եւ սա իմ հաստատուն կարծիքն է, որովհետեւ տարեմուտի մեր էս ամանորյա հավաքները ոչ թե մեր օրերի ու տարիների նմանությունն են մատնանշում, այլ՝ մեր օրերի ու տարիների գոյությունն ու շարունակականությունը, նմանապես՝ Արամայիսի եւ ուրիշների գրածների գոյությունն ու շարունակականությունը, եւ չնայած էս անցած տասներեքին գրական անդաստանից Արամայիսը, Վրեժը, Հրաչն ու էլի ուրիշներ լքեցին մեզ, օրթախականներս էս տարեմուտին ոչ միայն լրիվ կազմով էինք, այլեւ շամշադինցի ճարտարապետ Կորյունն էլ էր ավելացած, եւ չնայած ճարտարապետ Կորյունն ավելացած էր, էս տարեմուտի մեր հավաքն ընդհանուր առմամբ նման էր նախորդներին, եւ նախորդներին նման լինելով՝ նախորդների նման մեզ դեպի գալիք էր ուղեկցում ու առաջնորդում, եւ նախորդների նման մեզ դեպի գալիք առաջնորդելով՝ ահա մեզ բերել ու կանգնեցրել է էս նոր՝ երկու հազար տասնչորսի դեմ հանդիման:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: