Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակոբ Ղազանչյանի նշանակումը Գյումրու թատրոնը փակուղուց հանելու ամենաճիշտ ճանապարհն էր»․ Տիգրան Վիրաբյան

Սեպտեմբեր 15,2016 23:11

Ինչպես հայտնի է՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմի աղմկոտ, հրապարակային բողոքներից հետո երեկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է  նշանակվել  Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

Թատրոնի անձնակազմը ոտքի էր ելել՝ դժգոհելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը եղել է գաղտնի, ու մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ոչ կոմպետենտ անձիք։ Թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ին ասաց․«Այս լուծումը Գյումրու դրամատիկական թատրոնի համար ընդունելի էր, որովհետև առաջ քաշված խնդիրը ստացավ իր լուծումը։ Եվ թեկնածուները, ընդառաջելով աճեմյանցիների հորդորին, կարողացան իրենց մեջ ուժ գտնել և թատրոնը հանել փակուղուց։

Իսկ մշակույթի նախարարությունը գտավ լուծման ճիշտ ճանապարհը, խելամիտ որոշում էր Հակոբ Ղազանչյանին նշանակել Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ, որովհետև Ղազանչյան ազգանունը այս թատրոնին շատ հարազատ է։ Նա երկար տարիներ աշխատել է այս թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար և այդ  շրջանը ստեղծագործական վերելքի տարիներ են եղել։

Ղազանչյանի հեռանալուց հետո, արդեն որպես Թատերական գործիչների միության նախագահ, նույնպես սերտ համագործակցություն է եղել։ Հիմա էլ վստահ ենք, որ նրա ժամանակավոր պաշտոնակատարի երեք ամիսները մինչև նոր տնօրենի մրցույթ հայտարարելը, մենք կունենանք նորմալ աշխատանքային ընթացք։

Հիմա թատրոնը իր առաջ խնդիր է դրել մեծ շուքով բացել 151-րդ  թատերաշրջանը, այնուհետ, բնականաբար, Գյումրու դրամատիկական թատրոնի հանրույթը կփորձի մրցույթի հայտարարման գործընթացում ունենալ իր ներկայությունը թե՛ մրցույթը հանրային դարձնելու գործում, թե՛ համապատասխան թեկնածուների փնտրտուքի հարցում։ Գյումրու դրամատիկական թատրոնը կունենա իր որոշիչ դերը, և եթե մարդիկ կլինեն, որոնք կլինեն թեկնածուների շարքում և Գյումրու դրամատիկական թատրոնը կտեսնի որպես թեկնածու, կխնդրենք, կհորդորենք, մեր կողմից կառաջարկենք մասնակցել մրցույթին, դնել իրենց թեկնածությունը, որպեսզի թատրոնի ղեկավարումը ստանձնի բանիմաց և թատրոնից տեղյակ մարդ»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Միանգամայն համամիտ եմ, շատ խելացի որոշում է: Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական ձեռքբերումներ եւ բազում հաջողություններ:Շարունակեք նո՛ւյն ոգով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930