«Դեռեւս ժամկետներ կան, քննարկումները շարունակվում են: Բնականաբար, կառավարության կազմում կլինեն փոփոխություններ, բայց ժամկետները դեռեւս սպառված չեն, եւ մենք օրենքով սահմանված կարգով կներկայացնենք կառավարության ապագա թեկնածուներին»,-այսօր ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` հաշվի առնելով հանգամանքը, որ քննարկումները շարունակվում են, անուններ հրապարակելը կոռեկտ չէ. «Մեզ համար «դոգմա» չէ կուսակցական պատկանելիությունը: Դա խոսում է քաղաքական իշխանության լայնախոհության մասին: Մեզ համար կարեւոր է, որ լինեն մարդիկ, որոնց ծրագրերը համահունչ լինեն մեր ծրագրերին, որպեսզի ընթանանք բարեփոխումների ճանապարհով»:
Շարմազանովը հավելեց, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստին չի մասնակցել, ապա նկատեց` մամուլն ինքն է գրել այն մասին, որ նա արտերկրում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ