Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարության վարչության պետ. «Բժշկական համալսարանի ձերբակալությունները կապ չունեն ԿԳՆ ստուգումների հետ»

Սեպտեմբեր 15,2016 22:11
bjshkakan

Այնուամենայնիվ, մամուլում եւ սոցցանցերում սկանդալը կապվում է անբավարար ստացած ուսանողների խնդրի հետ:

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ օրերս ձերբակալվել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցներ։ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը աղբյուրի հետ զրույցում հաստատել էր ձերբակալության լուրը՝ ասելով որ ձերբակալվել է ԲՈՒՀ-ի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը։ Այլ մանրամասներ նա չէր հայտնել` պատճառաբանելով, որ դեռ քննություն է գնում:

Aravot.am-ը ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից հետաքրքրվեց` արդյոք կատարվածը կապ ունի  ԿԳ նախարարության կողմից բժշկական համալսարանում անցկացված ուսումնասիրությունների հետ, որոնց պատճառը ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողների բողոքն էր:

Aravot.am-ի հետ զրույցում  պարոն Սուքիասյանն ասաց, որ միջադեպը չի կարող կապ ունենալ ուսումնասիրության արդյունքների հետ, քանի որ միշտ էլ, բոլոր կուրսերում էլ ուսանողները կարող են ստանալ ինչպես գերազանց, այնպես էլ անբավարար միավորներ: «Երեւանի պետական բժշկական համալսարանի բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրերն ամփոփող ատեստավորման արդյունքում անբավարար ստացած ուսանողների վերաբերյալ ԿԳ նախարարության կողմից բուհին ուղարկվել է համապատասխան գրություն` բուհից պահանջելով ատեստավորմանը մասնակցած ուսանողների թվի` այդ թվում նաեւ անբավարար ստացածների առաջադիմության մասին մանրամասն տեղեկատվություն: Բուհն ուղարկել է համապատասխան տեղեկատվությունը, ստացել ենք նաեւ քննական հանձնաժողովի եզրակացությունը, արդյունքներն ուսումնասիրելուց եւ համադրելուց հետո համապատասխան առաջարկներ կներկայացվեն բժշկական համալսարան»,-հավելեց ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես է նախարարությունը վերաբերվում բժշկական համալսարանում կատարված ձերբակալություններին, ընդամենն ասաց. «ԿԳ նախարարությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, քանի որ քննություն է գնում»:

Այնուամենայնիվ ,սոցցանցերում ու մամուլում ձերբակալությունների սկանդալը կապվում է «կտրված» ուսանողների խնդրի հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930