Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ վոկալ երաժշտության երեկո, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:
Համերգային երեկոյին ներկա էին պաշտոնատար անձինք, Սփյուռքից ժամանած հյուրեր, մտավորականներ:
Պոլսահայ երգիչ Արթուր Բաղդասարյանը և երգեհոնահար Էդվին սարկավագ Գալիփյանը կատարեցին հայ մեծանուն կոմպոզիտորներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Մակար Եկմալյանի, Ալան Հովհաննեսի, Էդգար Մանասի, Գևորգ Արմենյանի, Էդվարդ Հակոբյանի, Արա Պարթևյանի, Ռոբերտ Աթայանի ստեղծագործությունները:
Ներկաներին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Սեյրանուհի Գեղամյանը: Ողջույնի խոսքում, մասնավորապես նշված էր. «Սիրելի´ ներկաներ, արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող մշակութային ծրագրերի շրջանակներում Պոլսից ժամանած մեր արվեստագետների ելույթների կազմակերպումը Հայրենիքում:
Կարդացեք նաև
Հայ ժողովրդի պատմության մեջ իր ծանրակշիռ դերակատարմամբ մշտապես կարևորվել է Կ.Պոլիսը` որպես հայ մտքի խոշորագույն կենտրոն, որը տասնամյակներ շարունակ հոգևոր լիցքեր է հաղորդել հայ հասարակական և մշակութային կյանքին:
Պոլսահայ համայնքն իր մշակութային ներուժով այսօր էլ շարունակում է մեզ հիացնել: Օրեր առաջ մենք առիթ ունեցանք հիանալու «Մարալ» երգի-պարի միության «Արա և Շամիրամ» ներկայացմամբ: Այսօր էլ մենք հուզվեցինք և հպարտացանք մեր երկու երիտասարդների բարձրարվեստ կատարումներով:
Շարունակեք ձեր նվիրական գործունեությունը՝ հանուն հայ մշակույթի պահպանման, զարգացման և տարածման: Թո’ղ ՀՀ անկախության 25-ամյակի շրջանակներում կազմակերպվող այս համերգը ստեղծագործական նոր լիցքեր հաղորդի ձեզ»:
Համերգի ավարտին Սեյրանուհի Գեղամյանը երգիչ Արթուր Բաղդասարյանին և երգեհոնահար Էդվին սարկավագ Գալիփյանին հանձնեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակցության հավաստագրեր և հուշամեդալներ:
ՀՀ սփյուռքի նախարարություն